Տավուշ Մեդիան ամփոփում է 2025 թվականը

Ժամանակակից աշխարհը թելադրում է արագ ռիթմ։ Եթե չհասցնես այդ ռիթմով ապրել ու աշխատել, առաջ շարժվել, ստեղծագործել ու առաջնորդվել՝ դատապարտված ես անհաջողության։ Արձանագրելով Տավուշ Մեդիայի գործունեության հինգ տարիների արդյունքները՝ համեստորեն, բայց վստահությամբ կարող ենք ասել․ մենք ժամանակին համահունչ ենք քայլում ։

Լինելով բաց ու թափանցիկ, մշտապես հաշվետու մեր հեռուստադիտողներին, ավանդույթ դարձած ձևաչափով պատմում ենք Տավուշ Մեդիայի մասին՝ Ձեր հավատարիմ ուղեկցի, որը 2025 թվականին ևս Ձեր կողքին էր ամեն օր ու ամեն ժամ։ 2025 թվականը փորձությունների տարի էր։ Դժվարությունների պայմաններում՝ շարունակելու և կանգ չառնելու, արցունքի մեջից ժպտալու մեր ուժի աղբյուրը մեր հեռուստադիտողներն էին։ Ձեր ամենօրյա խոսքերը, մեկնաբանությունները, գնահատանքը և ջերմությունը մեր աշխատանքի ամենաբարձր գնահատականն են։

Տավուշը մենք ենք՝ մեր քաղաքներն ու գյուղերը, մեր հողը, բնության հետ խոսող մարդիկ, որոնք դժվարություններին հակառակ՝ շարունակում են ստեղծել, ապրել ու հավատալ։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2025-ին, Ձեր էկրաններին էին Տավուշ Մեդիայի հաղորդումները և ռեպորտաժները Տավուշի բոկոր անկյուններից, հատկապես՝ սահմանամերձ գյուղերից։

Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցները հավատարիմ են իրենց առաքելությանը։ Նրանց պատմությունները սահմանին ապրող մարդկանց մասին են՝ խնդիրների ու հաղթանակների, գյուղական առտնին առօրյայի, հողի մարդկանց, ընտանիքների, նախաձեռնությունների, անվտանգային և սոցիալական մարտահրավերների մասին։ Նրանք Տավուշ Մեդիայի լուսավոր ու ժպտուն դեմքերն ու դեսպաններն են սահմանամերձ համայնքներում և համայնքների ձայնը՝ մեր եթերում։

Շարունակվեց «Քո իրավունքը» հաղորդաշարը։ Տավուշցի իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանը պարզ ու մատչելի լեզվով ներկայացնում է իրավունքի տարբեր ճյուղեր՝ անդրադառնալով փոփոխություններին, իրավական բացերին և առկա խնդիրներին։
Հաղորդաշարի ընթացքում պատասխանվել է հեռուստադիտողների ավելի քան 500 հարցադրումների։ «Քո իրավունքը» մեր իրավունքների մասին է, որովհետև իրազեկ քաղաքացին պաշտպանված քաղաքացի է։ Հենց այսպիսի քաղաքացիներ է ցանկանում տեսնել Տավուշ Մեդիան՝ գիտակից, իրազեկ և կարողունակ։

Տավուշ մեդիայի կարևորագույն առաքելությունը մեր ինքնության, մեր լեզվի, մեր բարբառի, մեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է: Կատարած աշխատանքով փաստագրում ենք ավանդույթները, սովորույթներն ու բանահյուսությունը՝ փոխանցելով դրանք սերունդներին և ամրապնդելով ազգային ինքնագիտակցությունը։

Տարվա ամենասպասված նախաձեռնություններից դարձավ «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթը, որը մի քանի ամիս շարունակ համախմբեց մարզի շնորհալի դպրոցականներին մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել ու տարածել տավուշյան բարբառը, ընտանեկան պատմություններն ու ավանդույթները։

Շարունակվեցին մեր հիմնական հեռուստաշարքերը՝ «Տարվա հոբելյարները», «Կենդանացող նկարները», «Տղերքը», «Քննարկումներն» ու «Հարցազրույցները»։ Դրանց միացավ նաև «Տավուշյան հորիզոններ» հաղորդաշարը՝  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսների հետ բազմաբնույթ ու հետաքրքիր թեմաների վերաբերյալ զրույց-քննարկումների ընթացքում մեր եթերում ներկայացվում են փաստեր ու պատմություններ, տավուշյան տեսակետներ ու հայացքներ։

Տավուշ Մեդիան՝ որպես հայկական հեռուստադաշտի արտակարգ հեռուստաընկերություն, ունի կարևոր առանձնահատկություն՝ դիմակայունության բաղադրիչ․ աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության և հարմարվողականության ու կայուն զարգացման ծրագրերը մեր գործունեության հիմնական ուղղություններից են։ Աղետների ռիսկի նվազեցման օրը, աշնան վերջի հրդեհների ժամանակ և Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցին կրկին հիշեցրինք ամենակարևորի մասին՝ անվտանգության ու քաղպաշտպանության։

2025 թվականը նշանակալի էր նաև մասնագիտական գնահատականի տեսանկյունից։ Հայկական մամուլի օրը՝ հայ լրագրության և լրագրողների օրը, ինչպես ամեն տարի, ոլորտի ներկայացուցիչները հավաքվել էին Մամուլի շենքում։ Օրվա խորհրդի մասին խոսքերից զատ, բարեխղճորեն մասնագիտական գործունեություն ծավալելու համար խորհրդանշական շնորհագրեր հանձնվեցին մի շարք լրատվամիջոցների ու լրագրողների, այդ թվում նաև՝ Տավուշ Մեդիային՝ Տավուշի մարզի կյանքը լավագույնս լուսաբանելու համար։

Հանրության հետ մշտական կապի մեջ են Տավուշ Մեդիայի կայքն ու սոցիալական ցանցերը։ Մենք ներկա ենք բոլոր հարթակներում՝ առաջարկելով ստուգված, հավաստի և բազմաբնույթ բովանդակություն՝ մարզի կյանքի մասին։

Այս տարի ևս Տավուշ Մեդիայի ստուդիայում հյուրընկալեցինք հարյուրավոր դպրոցականների՝ ներկայացնելով հեռուստատեսային աշխատանքի ներսի աշխարհը, մեդիայի պատասխանատվությունը և մեդիագրագիտության կարևորությունը։

Եվ վերջում՝ մեր մաղթանքը։
Խաղաղություն մեր երկրին։ Խաղաղ երկինք մեր Հայրենիքին։
Թող 2026 թվականը լինի համերաշխության, առողջության, դիմակայունության, զարգացման և հզորացման տարի։

 

 




Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի շնորհավորանքը Տավուշ հեռուսատաընկերությանը

Հանրային հեռուստաընկերություն

2025 թվականին լրացավ Տավուշ հեռուստաընկերության հիմնադրման 5-րդ տարեդարձը։ Այս առիթվ մենք բազմաթիվ շնորհավորանքներ ենք ստացել մեր գործընկերներից, բարեկամներից ու հեռուսադիտողներից։

Շնորհավորանք է հղել նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Հարգելի գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ «Տավուշ» հեռուստաընկերության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ։
«Տավուշ» հեռուստաընկերությունը զբաղեցնում է յուրահատուկ տեղ հայաստանյան մեդիա դաշտում՝ իր բազմաբովանդակ ծրագրերով նպաստելով ազգային արժեքների պահպանմանը և ներկայացմանը հեռուստաեթերում։ Մաղթում եմ շարունակական առաջընթաց, ստեղծագործական նոր հաջողություններ և բեղուն գործունեություն՝ ի նպաստ մեր հեռուստադիտողի»,- շնորհավորանքում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Շնորհակալ ենք շնորհավորանքի ու արդյունավետ համագործակցության համար։

 




Տավուշ Մեդիայի ու Արտակարգ ալիքի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի արտակարգ շնորհավորանքը

Մեր շատ սիրելի կանայք ու աղջիկներ Հայոց աշխարհի,

Կյանքի երկրաշարժերի փլատակներից հեզ ժպտացող, ջրհեղեղներից ու սելավներից, փոթորիկներից ու հողմերից չքշվող, հրդեհներից սոսկ շիկնող, արժեզրկումների սողանքներից ու անդունդներից վեր հառնող, միշտ կանացի, դյութիչ, հմայիչ ու ցանկալի, առինքնող ու նրբագեղ, հավատավոր ու արժանապատիվ, առաքինի, ազնիվ, համեստ ու շիտակ, ժպտադեմ ու նրբանկատ, բարեկիրթ ու ներողամիտ, համբերատար, հոգատար, զիջող ու քնքուշ, գթառատ ու կարեկից, մեծահոգի ու պատրաստակամ, զգայուն, զգացմունքային, փխրուն ու աներեր, բարի, լռող, լսող ու հասկացող, գոհ, երախտապարտ ու ամենակարող….

Թող այսուհետ երկինքը ձեր սրտով կապույտ լինի կամ շառագունած, անձրևը մեղմ մաղի կամհորդառատ, զեփյուռը խաղա թփերում կամ հողմը մեգով երկինքն առնի, եթե սրտներովդ անցնի, թող մի քիչ էլ` գալարի բուքը ձյան:

Թող աշխարհի բոլոր պատերազմներին մասնակցեն միայն ձեր զորավարների շախմատային ֆիգուրները, ու թող հաղթողի թագը, հաղթողի թիկնոցը, հաղթողի հպարտությունն ու ուրախությունը, երջանկությունը համակեն ձեզ ու ձեր տղամարդկանց` ձեր ամուսիններին ու որդիներին:

Թող ձեզ շրջապատող տղամարդիկ տիեզերագնաց դառնան ձեր անծիր հոգու տիեզերքին հասնելու համար, հատիկ-հատիկ աստղեր հավաքեն ու ձեր ապրած ու ապրելիք հուշ-պատառիկներից երկրագունդը պարուրող՝ ձեր լանջը զարդարող, աստղաշղթա հյուսեն, անվախ լինեն, խիզախ ու քաջ, կենսասեր, կնամեծար ու կենսախինդ, պատվախնդիր, վեհանձն, սրտաբաց, սկզբունքային, աշխատասեր ու վճռական, պարտքի, պատասխանատվության և հումորի զգացումով, չափավոր ու հավասարակշիռ, ռոմանտիկ ու շռայլ, տղամարդ լինեն ու ձեզ արժանի:

ԱՐՏԱԿԱՐԳ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մաղթում ենք` սեյսմակայուն ու սողանքակայուն, ջրակայուն ու հրակայուն հույս ու հավատ, գնահատանք-պարգևատրում- նվերների անձրեւ, հաջողությունների ու նվաճումների հեղեղ, հաճելի անակնկալների սելավ, դիմակայող պատվար-պատնեշների, թշնամության ամրոցների փլուզում,  համաճարակի միտող համատարած վարակ` բարության ու գթասրտության:

Հրդեհ ու տապակում սիրո կրակներից, ծիծաղի պայթյուն, դրական զգացումների ու տպավորությունների հրաբուխ, երջանկավետ անուրջների, հույզերի ու զվարճանքի փոթորիկ:

Առողջություն, հաջողություն, հաջողակություն, լավ վարձատրվող սրտամոտ աշխատանք, լիարժեք հանգիստ, ինքնաիրացում, ինքնակատարելագործում, երջանկության անափ զգացողություն, հաշտ ու համերաշխ` ինքներդ ձեզ, բնության ու նրա խորհրդի հետ:

Արտակարգ շնորհավորաբարեմաղթանքով՝

Նիկոլայ Գրիգորյան

 




Տավուշ Մեդիան իրականացնում է լսարանի ուսումնասիրություն

Տավուշ Մեդիան իրականացնում է լսարանի ուսումնասիրություն, և այս գործում մենք ունենք ձեր օգնության կարիքը։

Խնդրում ենք բացել հարցաթերթիկը https://shorturl.at/G3doc և 3 րոպե տրամադրել այն լրացնելուն՝ հայտնելով ձեր կարծիքը մեր եթերի, հաղորդումների և օնլայն ներկայության մասին։

Ձեր կարծիքներն ու առաջարկները կօգնեն մեզ հասկանալ, թե ինչպես բարելավել Տավուշ TV-ն ու մեր մեդիան հենց ձեզ համար։

Մեզ օգնելու համար կարող եք նաև տարածել այս հրապարակումը՝ կիսվելով, ինչպես նաև ուղարկելով ձեր ընկերներին ու բարեկամներին։




Լրագրողների անվտանգությունը․ դասընթաց Տավուշ Մեդիայի աշխատակիցների համար

«Անվտանգություն և առաջին օգնություն» խորագրով դասընթացը տեղի ունեցավ հունվարի 11-ին Տավուշ Մեդիայի ստուդիայում։ Այն միտված էր արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողների ու օպերատորների անվտանգային կարողությունների զարգացմանը։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին այն անվտագային կանոնները, որոնք պետք է հստակ իմանալ արտակարգ իրավիճակներում աշխատելիս, խոսվեց ճգնաժամային պայմաններում սթրեսի կառավարման մասին։ Դասընթացի երկրորդ հատվածում R5 Արտակագ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի աշխատակիցը ներկայացրեց առաջին օգնության սկզբունքները։ Մանրակրկիտ ներկայացվեցին ճգնաժամին նախապատրաստվելու առաջին անհրաժեշտության պարագաները՝ զուգահեռ իրականացնելով գործնական առաջադրանքներ։ Հանդիպումն ավարտվեց VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների կիրառման հմտությունների ուսումնասիրմամբ,այն է վիրտուալ իրականության միջոցով լրագրողների համար արտակարգ իրավիճակի ստեղծումը, որտեղ լրագրողն ունի մի քանի մարտահրավեր՝ կառավարել հույզերը, ճիշտ կողմնորոշվել, արագ և արդյունավետ արձագանքել, մատուցել առաջին բժշկական օգնություն։

«Անվտանգություն և առաջին օգնություն» խորագրով դասընթացը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որին մասնակցեցին «Գեղամա» մարզային հեռուստաընկերության և R5 Արտակագ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի ներկայացուցիչները։

 




Տավուշ Մեդիայի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան շնորհավորում են Ձեր ու Ձեր բոլոր մտերիմների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Մաղթում ենք ամենաառաջինը՝ խաղաղություն, բոլոր նպատակների իրականացում ու երջանկություն․ 2024-ին էլ սիրենք ու վստահենք իրար, լինենք պահանջկոտ ու հավատարիմ, առողջ լինենք ու հաջողակ, խաղաղ ու պաշտպանված երկիր ունենանք, երջանիկ լինենք ու արժանապատիվ:




Այսօր Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր «Տավուշ Մեդիայի» խորհրդի և «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ նախագահ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ծննդյան տարեդարձն է։
Սիրելի պարոն Գրիգորյան,  շնորհավորում ենք և մաղթում արտակարգ առողջություն, ուժ ու եռանդ՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները հանրությանը բարօրությանը ծառայեցնելու համար:

Առաջարկում ենք մեկնաբանություններում միանալ մեր շնորհավորանքներին:




Նոյեմբերի 29-ին նշվում է հեռուստատեսության աշխատակցի օրը

Առաջին ալիքը հյուրընկալել էր տարբեր հեռուստաընկերությունների տնօրենների, որոնք Հանրային հեռուստաընկերության Ոսկե ֆոնդին հանձնեցին իրենց առաջին եթերների տեսագրությունները:

Հանդիպման ընթացքում Տավուշ Մեդիայի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց Տավուշ հեռուստաընկերությունը, ծրագրերը, երիտասարդ ու ամբիցիոզ տեսիլքով անձնակազմը և հրավիրեց բոլորին հաջորդ տոնը նշել Տավուշում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհավորեց բոլորին Հեռուստատեսության աշխատակցի օրվա առթիվ և կարևորեց մրցակցային ու ժամանակակից լինելու հանգամանքը, մարդկանց հետաքրքրող բովանդակության ստեղծումը. «Պատմությունն այնպես է դասավորվել, որ բոլոր հեռուստատեսությունները Հանրայինից են ծնունդ առել: Ուրախ եմ, որ բոլորդ Հանրայինը նաև ձերն եք համարում: Եւ այս համատեքստում կարևոր է, որ արդեն երկու տարի նոյեմբերի 29-ը նշում ենք ոչ միայն որպես Հանրայինի ծննդյան, այլև Հեռուստատեսության աշխատակցի օր»:

 

 

 

 

 




Ճանաչել հեռուստատեսությունը․ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Տավուշ Մեդիայում էին

Տավուշ Մեդիայի աշխատակազմը կրկին հյուրընկալել էր երիտասարդների: Ուսումնաճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները նոյեմբերի 28-ին գտնվում էին Տավուշ Մեդիայի ստուդիայում: Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Տավուշ Մեդիայի աշխատանքներին:
Տավուշ Մեդիայի աշխատակազմը ուսանողներին ծանոթացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը: Ուսանողները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Այցի ընթացքում ուսանողները կիսվեցին իրենց մտքերով ու առաջարկներով, թե ինչ կցանկանան տեսնել Տավուշ ՀԸ եթերում: Ուսանողությանը ներկայացրինք նաև Տավուշում հեռուստատեսության առկայության կարևորությունը։

Ուսումնաճանաչողական այցը ամփոփվեց գիտելիքների ու փորձի ներկայացմամբ. ուսանողներին ներկայացվեց մեդիայի ու մեդիագրագիտությանն առնչվող թեմաները:




Նախշուն աշունը․ Նոյեմբերյան

Աշնանային բարիքներով, ամբողջ տարվա աշխատանքի պտուղները հավաքելով, պահեստավորելով գյուղերում պատրաստվում են ձմռանը: Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի տեսանյութը Նոյեմբերյանի նախշուն աշնան ու բնություն-մարդ ներդաշնակ կապի մասին է։