Ջուջևանի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա կասեցվել է «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»-ի Ջուջևանի մասնաճյուղի հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը:

Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ի մասնավորի՝

  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում (պատերի ծեփը թափված է, պատերը ճաքճքված են), եղել են բորբոսասնկեր.
  • առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի գոլորշու խտացումը, նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկներ թափվելու հնարավորությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:




«Տավուշի գույները»․ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը Դիլիջանում

Տավուշի նկարիչների միության նախաձեռնությամբ Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում մեկնարկել է «Տավուշի գույները» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են 27 արվեստագետների ստեղծագործությունները:

Ցուցահանդեսն անցկացվում է Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում․ հյուրանոցն այս կերպ դառնում է արվեստի ու մշակույթի միջավայր, որտեղ արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ այցելուները՝ ավելի խորը ընկղմվել արվեստի ու բնության ներդաշնակության մեջ:

«Տավուշի գույները» ցուցադրության աշխատանքներում մեծ մասամբ տավուշյան բնապատկերներն են՝ ներկայացնելով մարզի բնությունը, մարդկանց ու հետաքրիր անկյունները:

27 արվեստագետների աշխատանքներն այցելուների համար ստեղծում են լավ հնարավորություն՝ գնահատելու տեղական արվեստը և ծանոթանալու Տավուշի բնաշխարհին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը։




Ուսանողներին տեղափոխող ավտոբուսը Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կողաշրջվել էր․ պատահարի հետևանքով կա 30 տուժած

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել կան տուժածներ։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խումբը գիտաճանաչողական այցով, կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին եկել էր Տավուշի մարզ։ Ուսանողները նախատեսել էին այցելել Հաղարծին վանական համալիր, ապա Գոշավանք, իսկ վերջում վայելել աշնանային Տավուշը, սակայն տեղի ունեցավ դժբախտ պատահարը՝ ժամը երեքի սահմաններում ուսանողական 5 ավտոբուսներից մեկը դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհին՝ դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։ Դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնք տեղացիների օգնությամբ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։ 

Պատահարի հետևանքով մեկ տուժած վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության: 

Դեպքից անմիջապես հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը ևս ուսանողների կողքին էր՝ պահպանելով կապը տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած այցի շրջանակում շուրջ 250 ուսանող էր եկել Տավուշ։

Տուժածները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն որևէ մեկի կայքին վտանգ չի սպառնում։

Կարդացեք նաև՝




Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով․ Բրյուսովի համալսարանի հայտարարությունը՝ վթարի մասին

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարությունը․

«Տեղեկատվություն Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։

Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Մեկ ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրանց տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։

Նշենք, որ համալսարանի ղեկավարությունը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այս պահին գտնվում են դեպքի վայրում` ուսանողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը խորին մտահոգությամբ հետևում է իրավիճակին և կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության»։




Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

Նախնական տեղեկատվությամբ` ավտոբուսը տեղափոխում էր ուսանողների: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։

«Վիրավորներն այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը», – հայտնում է Առողջապահության նախաձեռնությունը:

Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը մեկնում է դեպքի վայր:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել




Երեխաների աշխարհում չկան տարբերություններ․ «Իմ սրտի տունը»՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում էր

«Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացամբ շրջում է ամբողջ Հայաստանում․ տավուշյան կանգառը Դիլիջանի կենտրոնական դպրոցում էր։ «Իմ սրտի տունը» մարդկային ամենատարբեր հույզերի մասին է, հույզեր, որոնք ապրում են յուրաքանչյուրիս սրտում և հենց միայն մեզանից է կախված, թե դրանցից որը կարտացոլվի միջավայրում։

Բարություն ու կարեկցանք, թե՞ չարություն ու նախանձ․ ում ենք տեղ տալիս մեր սրտում․ մտորումներ առաջացնող ներկայացման ուղերձն ավելի իրական դարձրին «Ռոտոնդա» պատանեկան-երիտասարդական ներառական թատերախբի սաները։ Թատերախումբը խոսքի, հնչյունի և ժեստերի միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները՝ ոչ ֆորմալ, ինտերակտիվ եղանակով մասնակից դարձնելով իր հանդիսատեսին։

Այս տարվա աշնանը «Ռոտոնդա» թատերախումբն «Իմ սրտի տունը» ներկայացումով նախատեսում է հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի բոլոր մարզերում՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։

«Ռոտոնդա» թատերախմբի երիտասարդ դերասանները, իրենց անկեղծ խաղով և վառ արտահայտչամիջոցներով, ամբողջությամբ ցույց տվեցին, թե որքան կարևոր է համերաշխությունը, ներառականությունը և միմյանց ընդունելն՝ անկախ մեր տարբերություններից։ Եվ այո, մենք բոլորս ապրում ենք նույն աշխարհում, որտեղ ամեն մեկը կարող է մի փոքրիկ փոփոխություն բերել՝ սկսելով ինքն իրենից։

 




ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Բերդ համայնքում գտնվող՝ «հատուկ» նպատակային նշանակության 3 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ

2025 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 112 պահակատուն հասցեի «հատուկ» նպատակային նշանակության 3 հա մակերեսով հողատարածքի և 16.6 քմ մակերեսով շինության նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 580 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Անշարժ գույքերը պետությանը վերադարձնելու վերաբերյալ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը Վարչական դատարանի կողմից հաստատվել էր 2025 թվականի հունիսի 19-ին:




Ֆուտբոլը՝ որպես ներառման կամուրջ. «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրն արդեն հասել է 800 երեխայի

Տավուշի մարզի 32 գյուղական բնակավայրերում ֆուտբոլը վերջին երկու տարիներին դարձել է ոչ միայն սիրելի սպորտաձև, այլև հույսի, համերաշխության ու հավասար հնարավորությունների խորհրդանիշ։ 2023 թվականից մեկնարկած «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը նպատակ ունի զարգացնել ներառական սպորտը՝ խթանելով սոցիալական հավասարությունն ու երեխաների ներգրավվածությունը համայնքային կյանքում։ Ծրագիրը իրականացվում է «ՈւԵՖԱ-ն երեխաների համար» հիմնադրամի աջակցությամբ և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից։

Այս ընթացքում նախաձեռնությանը միացել է արդեն շուրջ 800 երեխա՝ Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի խոշորացված համայնքներից։ Ծրագրի հիմնական շահառուներն են Տավուշի մարզի շուրջ 480 խոցելի խմբերի երեխաներ, որոնց թվում են նաև հաշմանդամություն ունեցող և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ։ Ֆուտբոլային հանդիպումները միայն մարզական չեն․ դրանք կրթական ու հոգեբանական բաղադրիչներ ունեն՝ երեխաներին սովորեցնելով համագործակցել, աջակցել միմյանց և հաղթահարել դժվարությունները՝ միասին, խաղի միջոցով։

Բացի երեխաներից, ծրագրում ընդգրկվել են նաև 82 դպրոցի ավելի քան 250 ուսուցիչներ, նրանց օգնականները և դպրոցների հոգեբանները։ Նրանք անցել են վերապատրաստումներ՝ սովորելով ներառական միջավայրում սպորտի դերը, աշխատանքի նոր մեթոդներ և համբերատարության վրա հիմնված մոտեցումներ։

Ծրագրի առանձնահատկություններից է անվտանգ և ուրախ մթնոլորտը։ Ինչպես նշում է ծրագրի օգնական Վահե Առուստամյանը, անգամ խաղադաշտում նկատողությունները արվում են ժպիտով։

«Արա՜, վայրի ես, թե ինձ թվաց», – ժպիտով ու տավուշյան բարբառին հատուկ տոնայնությամբ ասում է խաղացողներից մեկն իր ընկերոջը՝ հիշեցնելով, որ խաղում նաև աղջիկներ կան, և պետք է ավելի նրբորեն խաղալ։

Ֆուտբոլը դարձել է նաև ինքնավստահության աղբյուր՝ հատկապես այն երեխաների համար, որոնք նախկինում դժվարությամբ էին շփվում կամ ակտիվ մասնակցություն ունենում։

«Նրանք հիմա գիտեն, որ կարող են ու պետք է փորձեն։ Սպորտը այստեղ միայն մարզանք չէ, դա ուղի է՝ դեպի հզորացում ու ներառում», – նշում է թիմերից մեկի մարզիչը։

Այս նախաձեռնությունը վերածվում է մի իրական ուժի, որը մարզերում ապրող երեխաների կյանքում փոխում է ոչ միայն առօրյան, այլև ապագայի պատկերացումները։ Վերջին խաղը տեղի ունեցավ Գանձաքարի միջնակարգ դպրոցի մարզադաշտում, որտեղ անցկացվեց ծրագրի 2025 թվականի աշնանային խաղաշրջանի մարզային փուլը։ Խաղադաշտում էին Գետահովիտի, Թեղուտի, Արծվաբերդի միջնակարգ և Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։

 

Կարդացեք նաև՝




Չինարիի և Չորաթանի միջնակարգ դպրոցներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետությունը կախված է ոչ միայն փրկարարների մասնագիտական պատրաստվածությունից, այլև բնակչության՝ հատկապես երիտասարդ սերնդի իրազեկվածությունից և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու հմտություններից։ Հենց այդ նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը ուսումնական հաստատություններում պարբերաբար անցկացնում է վարժանքներ։

Հոկտեմբերի 27-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը Տավուշի մարզում՝ Չինարի բնակավայրի Վ․ Սաղոյանի անվան և Չորաթան բնակավայրի Ա․ Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցներում անցկացրել է «Հակառակորդի օդուժի հնարավոր հարձակման հետևանքով դպրոցում փլուզման ու հրդեհի ժամանակ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Ուսումնավարժությունների նպատակը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացումն էր՝

  • փրկարարների պատրաստվածության բարձրացում․ամրապնդել բարդ, արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու գիտելիքներն ու հմտությունները,
  • կրթական համայնքի պատրաստվածություն. արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ գիտելիքների և փորձի տրամադրում աշակերտներին և ուսուցիչներին,
  • համագործակցության մեխանիզմների ստուգում. փորձարկել փրկարարական ծառայությունների և կրթական հաստատությունների փոխգործակցության արդյունավետությունը։

Ուսումնավարժության ընթացքում մոդելավորվել է իրական արտակարգ իրավիճակ։ Մասնակիցները գործնականում ծանոթացել են տարհանման ճիշտ հաջորդականությանը, անվտանգության կանոններին, առաջին օգնության տրամադրման հիմնական սկզբունքներին և փրկարարական աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել վարժանքներին և ամրապնդել իրենց գիտելիքները գործնականում։

Արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար երիտասարդ սերնդի պատրաստվածությունն ունի առանցքային նշանակություն։ Պարբերաբար անցկացվող ուսումնավարժություններն ապահովում են ինչպես փրկարարների շարունակական մասնագիտական զարգացումը, այնպես էլ կրթական հաստատությունների պատրաստվածությունը հնարավոր սպառնալիքներին։




Տավուշի հեքիաթը՝ երեխաների կատարմամբ

Ամփոփվել է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթը, որը մի քանի ամիս շարունակ համախմբեց Տավուշի մարզի տաղանդավոր դպրոցականներին՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ պահպանել ու տարածել մեր թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։ Մրցույթը ստացավ համահայկական արձագանք։ Միավորվեցին մարզի բոլոր համայնքները՝ ընդգրկելով գրեթե բոլոր բնակավայրերի   դպրոցները։ Երեխաները ներկայացրեցին իրենց գյուղերի ու քաղաքների, տների ու շեների պատմությունները, բնության գեղեցկությունը և այնտեղ ապրող սովորական մարդկանց, և այդ ամենը՝ մայրենի բարբառով։

Բոլոր աշխատանքները կարող եք դիտել այստեղ։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ուսուցիչներին և ծնողներին՝ ջերմության, մասնակցության, ստեղծագործական աշխատանքի և հայրենաճանաչ-հայրենասիրության համար։

Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի գործընկերներին՝ Բերդի, Նոյեմբերյանի, Իջևանի և Դիլիջանի համայնքապետարաններին, Տավուշի թեմին, Իջևանի գինու-կոնյակի գործարանին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, Երևանի մամուլի ակումբին, «Հույսի կամուրջ» ՀԿ-ին՝ մրցանակների համար, և իհարկե Հանրային լրագրության ակումբին՝ գրական փաթեթների տրամադրման համար։ Մեր դպրոցականները շատ սիրեցին Դավիթ Մուրադյանի գրքերը։

Առանձնահատուկ շնորհակալություն Իջևանի գինու-կոնյակի գործարանին՝ մասնակցության, հյուրընկալության և հյուրասիրության համար։

Սրանով Տավուշի հեթիաթը չավարտվեց․ սա միայն սկիզբն է։ Տավուշ Մեդիան Ձեզ նոր ու հեքիաթային նախաձեռնություններ է խոստանում։

Կարող եք միջոցառման անմիջական մասնակիցը դառնալ՝ հետևելով հոկտեմբերի 29-ին հեռարձակված ուղիղ եթերին։

Գտեք Ձեզ՝ լուսանկարների տավուշյան մեր պատկերասրահում։

« of 43 »

Բոլոր լուսանկարները՝  այստեղ: