Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Տավուշի մարզում

Օգոստոսի 12-ը աշխարհում նշվում է երիտասարդության միջազգային օրը:

Օրվա առիթով ներկայացնում ենք Տավուշի մարզում նախատեսված երիտասարդական միջոցառումները:

1. Իջևանում` «Լոֆտ Իջևան» երիտասարդական կենտրոնում օգոստոսից 12-ին, ժամը 12:00-ից սպասվում է հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում կխոսվի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, երիտասարդների համայնքի կյանքում մասնակցության մոդուլների, ժամանակի կառավարման ու քննադատական մտածողության մասին:

2. Նոյեմբերյան համայնքի երիտասարդ առաջնորդների նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին Նոյեմբերյանում տեղի կունենա համայնքային միջոցառում, որի ընթացքում համայնքի երիտասարդական խմբերի հետ կացկացվի հանդիպում-քննարկում, ազգային երգ-պար, երեկոյան խարույկ՝ կիթառային երաժշտության ուղեկցությամբ:

3․ Բերդի համայնքապետարանը, համայնքային մշակույթի տունը և Arm Events-ը հրավիրում են մասնակցելու տարվա ամենառիթմիկ, պայծառ ու գունեղ միջոցառմանը` նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Օգոստոսի 12-ին` ժամը 18։00-ին, շտապեք Բերդի Մարդիգյանների անվան զբոսայգի (Ծաղկանոց)` վայելելու խելահեղ ռիթմեր` DJ T-GRAN-ի, DJ SOULDIE-ի և շոումեն-երգիչ Skinnyyy-ի ընկերակցությամբ։

 

Տավուշ Մեդիան շնորհավորում է երիտասարդության միջազգային օրվա առիթով ու ևս մեկ անգամ ընդգծում` երիտասարդների կարևոր դերը մեր հասարակության և պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։

Երիտասարդների անվտանգությունը, բարեկեցությունը, հզորացումն ու զարգացումը պետք է դառնան Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Երիտասարդների կարիքները, մտահոգությունները, ձգտումներն ու գաղափարները պետք է դրվեն յուրաքանչյուր քաղաքականության մշակման և իրականացման հիմքում։ Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի իրենց կյանքին վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ։




Օգոստոսի 9-10-ին Իջևանում փակ փողոցներ կլինեն

Իջևանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 9֊ին և 10֊ին Իջևան քաղաքի Աբովյան փողոցը (Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու տարածք) և Վալանսի փողոցը (Շախմատի տան տարածք) փակ են լինելու տրանսպորտային միջոցների համար։




Քո իրավունքը | Նպատակային արձակուրդի տեսակները

«Քո իրավունքը» հաղորդաշարի շրջանակում իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանը ներկայացնում է նպատակային արձակուրդի տեսակները։


Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Կիրանց ու Բերքաբեր գյուղերի հարակից տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն:

Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

 




«Ջանգյուլում» փառաատոնը՝ Նոյեմբերյանի սարերում

Մշակութային արժեքներ, ազգային երգ ու պար, ուրախ խաղեր և հաճելի ժամանց. ավանդական դարձած «Ջանգյուլում» փառատոնը իրականացավ օգոստոսի 3-4-ին՝ Նոյեմբերյանի սարերում։

Արդեն ավանդաբար «Բերդավան» հիմնադրամը կազմակերպում է «Ջանգյուլում» փառատոնը, որը հարուստ է մշակութային միջոցառումներով ու ավանդույթներով։ Փառատոնի ամենասիրելի հատվածը «Ջանգյուլում» խաղն է, որի ժամանակ մասնակիցները խաղին զուգահեռ երգում են հայկական ժողովրդական երգեր։

Ֆոտոշարք՝ «Ջանգյուլում 2024-ից»




Դիլիջանը երրորդ անգամ միավորել էր գինու սիրահարներին

Դիլիջանը երրորդ անգամ միավորել էր գինու սիրահարներին

Օգոստոսի 3-ից 4-ը Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում արդեն երրորդ անգամ անցկացվեց Dilijan wine fest 2024 փառատոնը, որը մեկ հարթակում էր միավորել 40-ից ավելի գինեգործարաններ եւ բրենդներ:

Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառել էր մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ գինու համտեսների վարպետաց դասեր, նկարչություն գինով, կինոդիտումներ:

Փառատոնի հյուրերը ականատես եղան ավանդական խաղողի տրորման արարողությանը, որը ներկայացնում էր հայկական գինեգործության հնագույն ավանդույթները։

Անցյալ տարի փառատոնն ընդունել էր ավելի քան 4500 հյուրի և 40 հայկական գինեգործարանների։
Dilijan wine fest-ն կազմակերպվել էր ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:




Կոթիում նշել են գյուղի օրը

Կոթիում նշել են գյուղի օրը

Ազգային երգերով Կոթիում մեկնարկեց գյուղի օրվան նվիրված միջոցառումը, այն անցկացվեց «Եղբայրական» պուրակում: Նախորդ տարի էր որոշվել, որ «Կոթիի օր» ամեն տարի կնշվի վարդավառից մեկ օր առաջ և այդ օրը միասնության ամրապնդման, համերաշխության, ներդաշնակության, ազգային արժեքներին հավատարիմ մնալու նշանակություն կունենա։

Օրվա իրադարձությունը համախմբել էր Կոթիի բնակիչներին ու բազմաթիվ հյուրերի Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

Գյուղին նվիրված միջոցառումների ցանկում էին մարզական խաղերն ու հնարաշատ լարախաղացի կատարումները, Կոթիում էր հյուրընկալվել նաև Սասնա Ծռեր ազգագրական երգ ու պարի համույթը: Բնակիչների համար սա լավ առիթ է գյուղի արժեքները հանրահռչակելու և ներկայացնելու Կոթիի՝ դարեր ձգվող պատմությունը:

Գյուղացիները միահամուռ էին, որ կպահպանվի ավանդույթը ու ամեն տարի վարդավառից առաջ իրենք կտոնեն իրենց հարազատ գյուղի օրը՝ պահպանելով ավանդույթները, ազգային արժեքները ամրապնդելով համերաշխությունն ու միասնությունը:




Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը կտեղակայվի Դիլիջան քաղաքում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը կտեղակայվի Դիլիջան քաղաքում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում:

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։

Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00 կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։

Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։




«Շնորհակալություն, մայր հող». ուրցի փառատոն Նոյեմբերյանի սարերում

«Շնորհակալություն, մայր հող». ուրցի փառատոն Նոյեմբերյանի սարերում

Սարերի չքնաղ բնությունը երկու օր վայելելու և հագեցած ժամանակ անցկացնելու նպատակով Նոյեմբերյանի սարերում 3-րդ անգամ անցկացվեց Ուրցի փառատոնը:

Տոնի նպատակն է վերարժևորել մայր հողը` որպես հայրենիք, մեզ սնող ու
գեղագիտական հաճույք պարգևող բարձրագույն արժեք:

«Շնորհակալություն, Մայր Հող» տոնը ստեղծվել է 2022 թվականին: Այն անցկացվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սարերում, այս տարի` օգոստոսի 3-ին և 4-ին:

Տոնը տևում է երկու ցերեկ և մեկ գիշեր, տնակային և վրանային գիշերակացով, չքնաղ բնության գրկում։

Տոնի օրակարգը հագեցած է.
•ուրցահավաք՝ կիթառի և շվիի երաժշտության ուղեկցությամբ,
•ավանդական թերթերուկի բացօթյա թխում
•խարույկի շուրջ ուրցի թեյախմություն՝ թերթերուկով, կիթառային երաժշտությամբ, և այլ հետաքրքիր ժամանցով,
•բերք ու բարիքի արտադրանքի, ձեռագործ աշխատանքների և արվեստի գործերի ցուցահանդես֊վաճառք
•վարպետաց դասեր՝ տարբեր մասնագիտություններով և հմտություններով։
Տոնի մեջ ձուլվում են`
•Լավագույն հինն ու լավագույն նորը,
•Ավանդականն ու ժամանակակիցը,
•Հաճելին ու օգտակարը,
ինչը հնարավորություն է տալիս առնչվել որակյալին, իմաստալիցին, գեղեցիկին և այս ամենը առաջարկել դրսից եկած հյուրերին:

Տոնը նպատակ ունի նաև նպաստել տուրիզմի, բիզնեսի զարգացմանը և տարածաշրջանը ճանաչելի դարձնել իր մշակութային և այլ արժեքներով։

«Շնորհակալություն ասելով մայր հողին` ժամանակի ընթացքում մեր մեջ ձևավորվելու է այդ գիտակցությունը՝ իր ողջ խորությամբ, և շատ կարևոր խնդիրներ է լուծվելու մեր կյանքում, հայրենիքում»,- ասում է փառատոնի նախաձեռնող Կարինե Ալեքսանյանն ու շարունակում. «Հարգանքի է արժանի այն ազգը, որն ունի մայր շնորհակալության տոն: «Շնորհակալություն, Մայր Հող» տոնը բոլոր արժանիքներն ունի դառնալու համահայկական ամենամյա տոն»:




Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվել է

Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է նաև, որ նրան իր «Մերսեդեսով» հիվանդանոց է տեղափոխել Դիլիջանի բնակիչ 41-ամյա Արսեն Ս.-ն:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է դեպքը տեղի է ունեցել մարզադպրոցի հարակից տարածքում, որտեղ տաղավարի սեղանին հայտնաբերվել են օղիով լցված բաժակներ, արնանման հետքեր, իսկ գետնին՝ դանակ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 12.50-ին Արսեն Ս.-ն Կալինինի փողոցում հայտնաբերվել, հանցագործությունը կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Օգոստոսի 6-ին, իրացնելով ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերոհիշյալ տաղավարում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագ Հ.-ն դանակով հարվածել է դիլիջանցի 46-ամյա Հարություն Ղ.-ին, ինչից հետո վերջինս նույն դանակով հարվածել է Արթուր Ուլիխանյանին և Վահագ Հ.-ին: Արթուր Ուլիխանյանին պատճառված վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր:
Օգոստոսի 5-ին, ժամը 19.12-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել Դիլիջանի բնակիչ Հարություն Ղ.-ին, ով վնասվածքը ստացել էր նույն միջադեպի ընթացքում:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ի գիշերվա ժամը 1-ին Երևան քաղաքի իր բնակության վայրում հայտնաբերվել, ձերբակալվել և Դիլիջանի բաժին է տեղափոխվել Վահագ Հ.-ն: Բաժնում նա հայտնել է, որ միջադեպի ընթացքում վնասվածքներ է ստացել: Բաժին հրավիրված շտապօգնության խումբը զննությամբ նրա մարմնի տարբեր մասերում քերծված, ծակած-կտրած վերքեր է հայտնաբերել:
Կազմված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: