«Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների ցուցահանդեսը

ijevan vernatun

Գեղանկարներ, գոբելեններ, կերամիկական աշխատանքներ, փայտե փորագրություներ։
Հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ, արվեստով հետաքրքրված երիտասարդներ։
Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս:




Խաշթառակ գյուղի կամրջի հետ կապված խնդրին կտրվի ժամանակավոր լուծում

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին։ Աղետի գոտում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ կամուրջների վերականգնման աշխատանքների վերաբերյալ, վարչապետն ընդգծել է, որ այս փուլում դրանց կտրվի ժամանակավոր լուծում: Իսկ երկարաժամկետ առումով՝ վնասված բոլոր կամուրջները պետք է վերականգնվեն և՛ ինժեներական, և՛ գեղագիտական լուծումներ առաջարկող նախագծերով: Արդյունքում՝ դրանք կլինեն ոչ միայն տրանսպորտային ամուր ենթակառուցվածքներ, այլև տեսարժան վայրեր, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքներում զբոսաշրջության զարգացմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տարբեր երկրների գործընկերների հետ աշխատում են վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ։ Նախարարի տեղեկացմամբ՝ Հոբարձի գյուղի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում է նախատեսվել. հունիսի 15-ից կմեկնարկեն աշխատանքներն այս ուղղությամբ, ժամանակավոր լուծում կտրվի նաև Խաշթառակի կամրջի հետ կապված խնդրին:

 




ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ հեղեղների հետևանքները վերացնելու համար, ՀՀ ներքին գործերի նախարարի խնդրանքով, ՄԱԿ-ի հայաստանյան թիմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարությամբ, իրականացրել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատում (ՄԻՐԱ)։

Այն նպատակ է ունեցել առաջնային գնահատում իրականացնել աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների համար: Հաշվետվության նախնական արդյունքները քննարկվել են հիմնական գործընկերների հետ, ինչի արդյունքում հաշվետվությունը բերվել է վերջնական տեսքի:
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման արդյունքները ներկայացրել է ՄԱԶԾ փորձագետ Կրունոսլավ Կատիչը։

Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացը:




Հրդեհ Չորաթան գյուղում. տուժածներ չկան

Հունիսի 12-ին, ժամը 17:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի երկրորդ հարկում և տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել են երկրորդ հարկի փայտե հատակը (մոտ 140 քմ), փայտե առաստաղը (մոտ 140 քմ), տանիքը (մոտ 150 քմ), ներսում գտնվող գույքը և կենցաղային իրեր․ տուժածներ չկան:




Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի եղբայրը՝ Նվերը

Բորիս Սուրենի Եսայանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2019թ. ծառայության է անցել Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: 6 ամիս անց տեղափոխվել է Արցախ: Պատերազմի օրերին մարտնչել է Ջրականում, Իվանյանում: Վերջին մարտը մղել է Մարտունի 3-ում եւ զոհվել հոկտեմբերի 25-ին զինակիցների հետ միասին՝ մնալով հողաթմբի տակ:

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով:

 

 

 




Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) գործընթացը

Արձագանքելով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 26-ից տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային հայցին` ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացները։

Հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով տեղում աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։

ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում՝ աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ, որպեսզի հնարավորինս արագ ամփոփի առաջնային կարիքների գնահատման առաջին փուլը՝ հետաղետային կարիքների խորքային գնահատման և հետաղետային վերականգնման գործընթացի նախապատրաստման նպատակով։

Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթացի շրջանակում տեղի է ունեցել նախնական և երկրորդային տվյալների վերլուծություն՝ կատարելով գնահատում համայնքերում, հստակեցնելով տուժած բնակչության և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը. արդյունքում՝ սահմանվել են ռազմավարական հումանիտար առաջնահերթությունները։

Աղետի գոտու խոշորացված համայնքներում կատարվել է պատճառված վնասի մակարդակների սահմանում, հստակեցվել են պարենային անվտանգության, առողջապահության, ջրային ռեսուրսների, սանիտարական և հիգիենիկ պայմանների, կրթության, պաշտպանության ոլորտներում կարիքները, գնահատվել են հնարավոր և անմիջական ռիսկերը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հասցեագրել նաև սոցիալ-հոգեբանական աջակցության հետ կապված կարիքները, ապահովել աղբի, ջրաբերուկների անհապաղ և համակարգված հեռացման և թափոնների կառավարման գործողությունների ծրագրի մշակում ու իրականացում, տուժած համայնքների վնասված կոյուղու համակարգի և խմելու ջրի մատակարարման անհապաղ վերականգնում և այլն։

ՄԱԿ-ի գործընկերների հետ Ներքին գործերի նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ աղետի գոտում իրավիճակը կայունացնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

 




Չինչինում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Վարչապետը այցելել է Տավուշի մարզի հեղեղից տուժած բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Տավուշի մարզում առաջին կանգառը եղել է Այրում քաղաքը։ Այստեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:

Տավուշի մարզում վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Այստեղ վարչապետին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Բաղանիս-Կիրանց, Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին:  Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակյալ իրականացմանը և ընդգծել սահմանված ժամկետներում դրանք շահագործման հանձնելու կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ հեղեղումներից վթարվել է տեղի կամուրջը: Զեկուցվել է, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ: Չնայած դրան՝ վարչապետը հանձնարարել է կամուրջի վերակառուցման աշխատանքները սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Վարչապետի այցն ավարտվել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը նշել է, որ պետք է ընդունել  տուժած սեփականատերերին ըստ բնակարանի քառակուսի մետրի բնակարանների նորոգման կամ վերականգնման աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ ընդգծվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև կահավորման ուղղությամբ: Վարչապետը շեշտել է՝ կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հեղեղումներից տուժած շենքերի հետ կապված կմշակվի այլ լուծում:

Վարչապետը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորոտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը։




Հրդեհ Արծվաբերդ գյուղում

Հրդեհ Արծվաբերդ գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 14:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվաբերդ գյուղի գործարաններից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 1-ին փողոցում գտնվող գործարանի տանիքում (մոտ 420 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են մոտ 240 քմ թիթեղյա տանիքը և փայտե կառուցատարրերը։




Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում սահմանապահ զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։