Սեպտեմբերի 13-ից 3 տարի անց․ Դավիթ Գիշյանի հոր նամակը՝ որդու հիշատակին

Սեպտեմբերի 13-ից 3 տարի անց․ Դավիթ Գիշյանի հոր նամակը՝ որդու հիշատակին

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` որդու հիշատակին։

«Հայրս Դավիթին շատ խոր ու նուրբ էր սիրում․․. երբ Դավիթը զոհվեց, հայրս կենդանի չէր․․․ նա ինձ ասում էր, որ ուշադիր լինեմ Դավիթի հանդեպ, ասում էր՝ «Դավիթը իր հոգուց, էներգիայից շատ-շատ բան է տալիս կողքի մարդկանց, նրան պետք է շատ սիրեք, որ այդ ամենը մի քիչ փոխհատուցվի»։ Տղաս ծնվել էր Երևանում, բայց շատ խոր զգում էր աշխարհից հեռու Տավուշի մթամած անտառներում ապրող պարզ մարդկանց, իր արձակուրդին կապվում էր նրանց հետ ու նրանցից վերցնում նրանց աշխարհը, դարձնում իրենը։ Սիրում էր ծունկ չոքել սարերի գուշերի առաջ ու խմել սառնորակ ջուրը կամ պառկել խոր անտառով հոսող ջրերի մոտ ու խմել այդ ջրերից, սարվորներից էր սովորել:

Ինձ հետ վառվող մոմերի լույսի տակ երկար նստում էր Լյուքսեմբուրգի Նոտր-Դամ տաճարում, ֆրանսիական, գերմանական տաճարներում, որոշել էի իրեն ցույց տալ Եվրոպայի միջնադարը՝ երգեհոնի ծանր հնչյունների տակ, հետո ինքը բողոքում էր, որ այդ ամենը ճնշող է ու դուրս էր գալիս արևի տակ, արև շատ էր սիրում: Ես միշտ զարմանում էի, թե ինչքան լավ են նրա մեջ միացած քաղաքը, Երևանը և Տավուշի խոր անտառները․․․

Ամռանը, արձակուրդին, երբ քրոջ հետ սարերում էր, ամեն օր մի քանի անգամ զանգում էի, երբ հայրս էր պատասխանում, առաջինը ասում էր՝ «գիտեմ ինչի համար ես անհանգստանում, հանգիստ եղիր,- ասում էր,- բոլոր կացինները պահել եմ, չի կարողանում գտնել»։ Դավիթը մի առանձնահատուկ հակում ուներ փայտ կտրելու սուր, բերանը փայլուն մեծ կացինների հանդեպ, որոնք սովորեց վարպետորեն օգտագործել: Կարդում էր Ռեմարկ, բանակ գնալուց առաջ վերջին կարդացած գիրքը երևի Ջեկ Լոնդոնի Մարտին Իդենն էր, դրանից առաջ իր համար հայտնագործել էր Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը»․․․ ֆիլմերը նայում էր, համեմատում ամռանը սարերում իր տեսած կերպարների հետ․․․ ինձ հետ ծիծաղում, քննում էր նմանությունները։
Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 12-ը, նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից՝ Սյունիքի լեռներում՝ Շիկահողից վերև սարերում տեղավորված 122 դիրքում: Ինձ համար նա միայն իմ որդին չէր, նա իմ լավագույն ընկերներից էր ու կյանքում իմ տեսած լավագույն մարդկանցից մեկը»։
ԲԱՐՍԵՂ ԳԻՇՅԱՆ



Տղերքը․ Հենզել Բաղդասարյան

«Նրա առաքելությունն էր Հայրենիքին ծառայելը»․ Հենզել Բաղդասարյան

Հենզել Սաշիկի Բաղդասարյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Սաշիկ և Ռոզա Բաղդասարյանների ընտանիքի երրորդ որդին էր։ Դեռ մանկուց աչքի է ընկել իր աշխույժ ու հետաքրքրասեր բնավորությամբ։ Տան փոքրն էր, և նրա շուրջը միշտ սեր ու ջերմություն էր։

1988-1998 թվականներին սովորել է Պառավաքարի միջնակարգ դպրոցում։ 90-ականների Արցախյան շարժման տարիներին, դեռ պատանի Հենզելը, հայրենիքի նվիրյալների կողքին կանգնած, օգնում էր զինամթերք բեռնաթափել։ Այդ տարիներին նրա մեծ սերը երգն էր։ Չունենալով երաժշտական կրթություն՝ ինքնուրույն սովորել է ակորդեոն նվագել ու տարիներ անց արդեն հիանալի երգում և նվագում էր։

Դպրոցն ավարտելուց հետո Հենզելը զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության՝ Արցախում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել որպես լավագույն նշանառու, արժանացել է շնորհակալագրերի։

2005 թվականին որոշում է շարունակել իր ծառայությունը՝ անցնելով պայմանագրային զինվորական ծառայության։ Նա մեծ պատասխանատվությամբ էր մոտենում հայրենիքի պաշտպանի առաքելությանը։ Իր ծառայության ընթացքում Հենզելը բազմաթիվ մեդալների է արժանացել։ 2006 թվականին հաջողությամբ անցել է դիպուկահարների հատուկ դասընթաց Երևանում, որից հետո ավելի հաճախ էր բացակայում տնից՝ հերթապահելով ու մասնակցելով կարևոր առաջադրանքների։

Հետախույզ-դիպուկահարի մասնագիտությունը նրա համար ոչ միայն աշխատանք էր, այլև կոչում։ Տարիների ընթացքում Հենզելը անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, որոնցից վերջինը՝ 2019 թվականին Չինաստանում։ Վերադառնալով՝ շարունակել է ծառայությունը հատուկ նշանակության զորքերում, մասնակցել է Տավուշյան մարտերին: 16 տարի եղել է թշնամու ահ ու սարսափը։ Ասում են՝ մեկ փամփուշտով խոցել է երկու թիրախ…

2020 թվականի սեպտեմբերի 17-ին Հենզելը գտնվել է արձակուրդում։ 10 օր անց սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նա չէր կարող մնալ տանը. անմիջապես միանում է մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 5-ին՝ Ջրականում, Հենզել Բաղդասարյանը ընկավ հերոսաբար՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հայրենի հողը։ Նրա մարմինը գտնվեց միայն 5 ամիս անց…
Հենզել Բաղդասարյանի կյանքն ու կենսագրությունը նվիրումի, արիության ու հայրենասիրության մասին են։




Տղերքը․ Արայիկ Էդիլյան

«Տղերքը» հաղորդաշարն պատմում է 44-օրյա պատերազմում անմահացած տավուշեցի Արայիկ Էդիլյանի մասին։
Կյանքի հանդեպ նրա նվիրվածությունն ու ճկունությունը փոխանցվել են նաև ծառայության ընթացքում։ Արայիկը գերազանց է կատարել իր պարտականությունները հրետանային դիվիզիոնում։

——
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Արարատի Էդիլյանը ծնվել է 1995 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Մանկությունից աչքի է ընկել իր բազմակողմանի ունակություններով։ Սովորել է Իջևանի թիվ 1 հիմնական, ապա՝ ավագ դպրոցում։ Երաժշտության նկատմամբ սերը նրան տարել է երաժշտական դպրոց, որտեղ նվագել է տարբեր երաժշտական գործիքներ։ Սակայն Արայիկը միայն արվեստասեր չէր, նա մեծ սիրով զբաղվել է նաև սպորտով՝ ըմբշամարտով, քիքբոքսինգով։

Կյանքի հանդեպ այս նվիրվածությունն ու ճկունությունը փոխանցվել են նաև ծառայության ընթացքում։ Արայիկը գերազանց է կատարել իր պարտականությունները հրետանային դիվիզիոնում։

2020 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ պատերազմն արդեն ընթանում էր, Արայիկը առանց երկմտելու մեկնել է Արցախ՝ միացել Մատաղիսի պաշտպանությանը։ Պատերազմի դաշտում նա արագ յուրացրել է հրետանավորի հմտությունները, կռվել հավասար՝ ոչ միայն իր, այլև սպաների գործը կատարելով։ Ականատեսները հիշում են նրան որպես մարտիկ, որը ոչ միայն պայքարում էր, այլև երգում՝ պահելով զորքի մարտական ոգին։

Հոկտեմբերի 13-ին Արայիկ Էդիլյանը անմահացավ՝ հավերժ դառնալով մեր ժողովրդի հերոս զավակներից մեկը։ Շարքային Էդիլյանը հետմահու պարգեւատրվել է մարտական ծառայություն մեդալով:




Սեպտեմբերի 13-ից 2 տարի անց․ Դավիթ Գիշյանի հայրը՝ որդու զոհվելու մասին

Սեպտեմբերի 13-ից 2 տարի անց․ Դավիթ Գիշյանի հայրը՝ որդու զոհվելու մասին

2022 թվականի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների ընթացքում զոհվեց Դավիթ Գիշյանը։

Դավիթը Նոյեմբերյանից էր․ որդու զոհվելուց երկու տարի անց նրա հայրը գրում է․

«Երկու տարի առաջ այս օրվա գիշերը, սեպտեմբերի 13-ի լուսաբացին, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը։ Չէր կարողանում շարժվել, դեռ մութ էր, քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները և ժամեր անց զոհվեց։ Մեկ էլ, երբ նա լուսաբացին վիրավոր պառկած էր գետնին, մի շուն էր անհանգիստ, անընդհատ վազում դեռ մութ անտառի եզրին, հեռվից հետևում նրան, դիրքերում շներ են լինում, որոնց զինվորներն են կերակրում, պահում, երևի այդ շներից մեկն էր։

Տղայիս ճակատագիրը որոշվեց էն պահին, երբ գիշերվա 4-ի մոտերքը նահանջի ժամանակ դիրքում մնաց վիրավոր զինվոր (կա վիդեո, ինձ ցույց տվեցին ծառը, որի տակ տեղավորել էին արկի բեկորից վիրավորված զինվորին)։

Ներկաներից մի քանիսը պատմեցին, որ իրենք տեսան վիրավորի հետևից գնացած Դավիթի «խփվելը», բայց չգնացին նրա հետևից։ Դիրքը գրավված էր, եթե գնային իրենք ևս զոհվելու էին և ես կրկնակի, եռակի մեղքի տակ էի ինձ զգալու, մտածելու էի իմ տղան մահացու վիրավորում էր ստացել, նրա հետևից գնացին և զոհվեցին։ Ինքն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, պրոֆեսիոնալ զինվորականի նման, հեռախոսը շպրտել էր ներքևի ձորը, փակել էր իր ֆեյսբուքյան էջի մուտքը Թուրքիայից և Ադրբեջանից, կոշիկները ամուր կապված էին, հագել էր իր ոչ նոր զինվորական հագուստները, որոնք ավելի հարմար էին մարտական պայմաններին (սա տեսա ազերիների վիդեոյում), այսինքն՝ ինքն իմացել է ազերիների հարձակման մասին, բայց մեզ հետ վերջին 3 օրը չէր խոսում։ Բայց ինքը «սխալվել» էր գրավված դիրք վերադարձի հարցում, քանի որ ոչ թե սառը հաշվարկ էր արել սովորականի նման, այլ առաջնորդվել էր էթիկայով ու բարոյականությամբ։ Վիրավորի հետևից միայնակ հետ գնալը հուսահատ քայլ էր, դիրքն արդեն ազերիների ձեռքին էր։ Տղաս միայն 19 տարեկան էր, բայց պարտքի, խղճի ու որոշակի վարքականոնի տեր մարդ էր, հավատացյալ չէր, բայց Սյունիքի լարված շփման գծում լինելը նրան մի քիչ ֆատալիստ / ճակատագրապաշտ էր դարձրել, սկսել էր խաչ կրել ու զոհվելուց 1․5 ամիս առաջ դիրքերում խաչն էր կորցրել, որը վատ նշան էր համարել, մի խոսքով, հավատացյալ չէր, բայց ուզում էր իր խղճի առաջ մաքուր լինել։

Բայց Դավիթիս ծանր վիրավորվելը նրա հետ կատարվածի վերջը չէր, դեռ պիտի նկարեին «ուսը կապելու» հայտնի վիդեոն և հետո․․․ տղայիս գլխի հետևի մասում, որը չէր երևում ոչ կողքից և ոչ էլ առջևից, ատրճանակի կոթով 4 խփած տեղեր կային, ոչ ծանր, երկուսը թեթև, իրարից ոչ հեռու։ Զինվորականները, որ ծանոթ էին այս ձեռագրին, ասացին, որ ազերիների սպայական կազմից ինչ-որ մեկն է խփել իր ատրճանակի կոթով։ Նրանց ասելով ծանր վիրավորին, որը արյունաքամվում էր, նրան շատ քիչ էր մնացել ապրելու, փորձել են ստիպել ինչ-որ բան ասել կամերայի առաջ։ Կամերան բռնել են և պահանջել։ Որպեսզի նկարահանած կադրում չերևա՝ հատուկ խփել են գլխի հետևի մասից, նորից են կամերան բռնել, նորից են պահանջել, չի ասել․․․ այսպես 4 անգամ։ Եթե եթեր չեն տվել, ինչպես ուսը կապելու տեսարանը, ուրեմն չի ասել․․․ (ես կողմ եմ, որ կյանքը փրկելու համար ինչ-որ բան ասեն)։ Իր մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է, իմացել է, որ իր կյանքը խլեցին, գիտեր դա ինչ ողբերգություն է իր ընտանիքի համար, գիտեր, որ իր կյանքը գնաց ու հիմա էլ կամերայի առաջ ուզում են սպանել իր «հպարտությունը», «արժանապատվությունը», ի ցույց մեզ բոլորիս, որ այդպես մեզ բոլորիս սպանեն ու խեղճացնեն հոգեբանորեն։ Եթե նման վիդեո չի հայտնվել, ուրեմն ոչինչ չի ասել, թե չէ հաճույքով ցույց կտային։ Դավիթս պետք է արյան մեջ լիներ՝ ելնելով նրա վիրավորման բնույթից, բայց նրան հետ էին տվել մարմինը լվացված․․․»




Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի եղբայրը՝ Նվերը

Բորիս Սուրենի Եսայանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2019թ. ծառայության է անցել Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: 6 ամիս անց տեղափոխվել է Արցախ: Պատերազմի օրերին մարտնչել է Ջրականում, Իվանյանում: Վերջին մարտը մղել է Մարտունի 3-ում եւ զոհվել հոկտեմբերի 25-ին զինակիցների հետ միասին՝ մնալով հողաթմբի տակ:

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով:

 

 

 




Ֆուտբոլային հուշամրցաշար` ի հիշատակ Շիրակ Գասպարյանի և Աշոտ Վարդապետյանի

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված աչաջրեցի Շիրակ Գասպարյանն ու Աշոտ Վարդապետյանը պատանեկան տարիքում խաղում էին «Աչաջուր – 99» ֆուտբոլային թիմում: Ի հիշատակ տղաների, ֆուտբոլային թիմը մայիսի 7-ին նախաձեռնել էր հուշամրցաշար:

Նախաձեռնողները հավաստիացնում են` սա առաջին հուշամրցաշարն է, որը կկազմակերպվի ամեն տարի` ընդգրկելով նոր թիմերի:

Շիրակ Գասպարյանի մասին պատմող մեր հաղորդումը:

Աշոտ Վարդապետյանի մասին պատմող մեր հաղորդումը:




Իջևանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանի հիշատակին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 3-ին 35 տարեկան կդառնար: Ի հիշատակ Էդգարի՝ նրա ծննդյան օրը Իջևանում բացվեց հուշաղբյուր, որը կառուցվել է ընկերների նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Հուշաղբյուրի բացման և խաչքարի օծման արարողությունը իրականացրեց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:
Էդգար Սարգսյանը 2020 թվականին անցնելով սահմանից սահման՝ մասնակցել է Արցախի պաշտպանության մարտերին, զոհվել հոկտեմբերի 4-ին՝ Մատաղիսում: Կյանքով ու էներգիայով լի, համեստ ու ընկերասեր. այսպես են հիշում Էդգարին իր հարազատներն ու ընկերները: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար Էդգար Սարգսյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալը:




Տղերքը․ Կարեն Մելիքսեթյան

«Կարենը միշտ հպարտությամբ էր նշում, որ իր և սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նույն օրն է․․․»։

Աշխույժ  ու միևնույն ժամանակ հանգիստ, հարգալից, պատրաստակամ էր օգնել բոլորին․ այսպիսին է մնացել Կարենը ու կմնա իր մտերիմների սրտում՝ որպես հանուն Հայրենիքի ու շատերի կյանքի համար իր կյանքը տված նվիրյալ։

«Տղերքը» հաղորդաշարի այսօրվա թողարկումը պատմում է տավուշեցի Կարեն Մելիքսեթյանի մասին․

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կարեն Արմենի Մելիքսեթյանը ծնվել է 2001 թ․-ի մարտի 5-ին՝ Դիլիջան քաղաքում։ Կարենը տան կրտսերն էր, պատմում են, որ փոքր ժամանակ աշխույժ, ժիր ու շարժուն երեխա էր։

2007թ․-ին ընդունվել է Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոց,  դպրոցական տարիներին ակտիվորեն հաճախել է բազմաթիվ մարզական խմբակների։

2016թ․-ին ընդունվել է Դիլիջանի պետական քոլեջի խոհարարական բաժին։ Գերազանց ավարտել է քոլեջն ու զորակոչվել հայոց բանակ ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։

Երկու ամիս անց ծառայությունը շարունակել է  Հոկտեմբերյանի զորամասում ՝ դասընթացների նպատակով, որից հետո տեղափոխվել է Հադրութ, ստացել սերժանտի կոչում։

Պատերազմի առաջին օրից եղել է առաջնագծում ՝ պաշտպանելով Վարանդայի դիրքերը։ Շրջափակումը ճեղքելով հասել են մինչև Մարտունի 2, բայց հոկտեմբերի 31-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է ավիոռումբի պայթյունից։ Հարազատները կարոտով են պատմում, որ Կարենը մեծ երազանք ուներ հմուտ խոհարար դառնալու։ 

Կարեն Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է  «Գթության Մայր», «Ասպետաց Մայր», «Մրտական Խաչ Առաջին Գունդ»,  Հայոց Ազգային Գվարդիայի «Հավերժի Մարտիկ» և «Առյուծ Ֆիդայի» շքանշաններով։




Տղերքը․ Դավիթ Շահնազարյան

«[Մարտական ընկերներից] մենք ում ճանաչում ենք՝ իրան Դավիթն ա դրել շտապ օգնության մեքենայի մեջ, ուղարկել․․․ ասում են՝ նույնիսկ շտապ օգնությունը Դավիթի համար եկել ա, բայց Դավիթը իր ոտքը վիրակապել ա, գրկել, էն մեկին դրել մեքենայի մեջ, ինքը էլի մտել կռվի․․․» (պատմում է մայրը)։

Թասիբով, պարտաճանաչ, պատասխանատու․․․ այս բառերն են անընդմեջ կրկնվում 44-օրյա պատերազմի տավուշեցի հերոսներից Դավիթ Շահնազարյանի մասին բոլորի պատմածներում։ Մարտական ու կյանքի ընկերները, հարազատներն ու նրան պարզապես ճանաչողները փաստում են՝ այլ կերպ վարվել, հայրենի հողը թշնամուն թողնել Դավիթը պարզապես չէր կարող։

«Տղերքը» հաղորդաշարի այսօրվա մեր թողարկումը Դավիթ Շահնազարյանի մասին է։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Շահնազարյանը ծնվել է 2000թ. ապրիլի 1-ին, սովորել է Աճարկուտի հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակել Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում։ Ուսմանը զուգահեռ նաև զբաղվել է սամբո մարզաձևով: Դավիթը սամբոյի Հայստանի փոխչեմպիոն էր. մասնակցել է ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մրցումներին։

Դավիթը նաև կանգնած էր պատանի երկրապահների շարքերում:

2019 թ.-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության,անցնելով Հադրութում, եղել է սերժանտ։ Հետախույզ էր. երբ թեժ մարտերի ժամանակ հրամանատար չեն ունեցել, ստանձնել է նաև հրամանատարի պարտականությունը։

Դավիթ Շահնազարյանը քաջաբար ընկել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում՝ պահելով զորքի թիկունքը։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և հայրենասիրական տարբեր հիմնադրամների մեդալներով։




Շիրակ Գասպարյանի հիշատակին եկեղեցի է կառուցվում

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի են կառուցում իրենց գյուղի՝ Աչաջուրի սրտում։

Եկեղեցու զանգը նվիրաբերել է Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից հանձն էր առել՝ նվիրաբերել գմբեթի խաչը։
_____

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ․, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիրակը տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։

2005 թ․ ընդունվել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016 թ․ ավարտում է դպրոցը, ապա ընդունվում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Պատմության բաժին։ 2020 թ․ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը։
Շիրակը նախընտրեց ծառայել բանակում՝ իր պարտքը հանձնել Հայրենքին, այնուհետև միայն մեկնել Չեխիա։

Ծառայության է մեկնել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից։ Շիրակը նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում։

 

«Տղերքը». Շիրակ Գասպարյան