Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը

Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, որն իր հետ Հայաստան է բերում իտալական խոհանոցի համերն ու հյուրընկալության, գաստրոնոմիայի և առողջ ապրելակերպի մշակույթը։ Միջազգային դպրոցում դասերը կվարեն իտալացի փորձառու մասնագետները, ովքեր հայաստանյան միջավայրում կհամադրեն եվրոպական ստանդարտներն ու մեր տեղական առանձնահատկությունները։
«Մենք ցանկանում ենք բարելավել զժբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակը, և մեր միջազգային գործընկերները կօգնեն մեզ այս հարցում: Այս նախագծով մենք ցանկանում ենք միջազգային չափորոշիչներ բերել հայկական հյուրընկալության ասպարեզ: Հայերը զարմանալի ազգ են, նրանց մեջ հյուրընկալությունը ներդրված է գենետիկ մակարդակում ու մենք ուզում ենք բարելավել այս ոլորտը, ներդնել միջազգային առաջավոր փորձը, որպեսզի Դիլիջան եկող ցանկացած մարդ, անկախ նրանից, թե որ երկրից է եկել, հիանալի ժամանակ անցկացնի այստեղ, քաղաքի հյուրերը ցանկանան ավելի երկար մնալ, ինչու ոչ՝ նույնիսկ մի պահ այցելեն Դիլիջան ապրելու համար»,- նշում է «Green Rock» հիմնադրամի տնօրեն, Apicius Armenia նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։
Միջազգային հյուրընկալության մայր դպրոցը՝ Apicius Florence-ը, գործում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում դեռևս 1997 թվականից և համարվում է Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից։ Այն ընդունում է տարեկան հազարավոր ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր Ֆլորենցիայից վերադառնում են նոր մասնագիտությամբ, նոր մշակույթով ու մտածողությամբ։ Այժմ այդ փորձը տեղափոխվում ու տեղայնացվում է Դիլիջանում՝ տալով հայ ուսանողներին և տարածաշրջանի երիտասարդներին բացառիկ հնարավորություն իրենց քաղաքից չհեռանալով ստանալ նույն որակի կրթությունը։
«Հյուրընկալության կրթական ոլորտում աշխատում եմ ավելի քան 25 տարի, և համոզված եմ, որ այս դպրոցը և նմանատիպ դպրոցները մարդկանց ու աշխարհին գիտելիքները փոխանցելու հիանալի հնարավորություն են ստեղծում: Կրթություն այստեղ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Խոհանոցը բարդ ու հետաքրքիր մի աշխարհ է, գուցե լինեն խոչընդոտներ, բայց պետք է գնալ նախանշած ճանապարհով: Աշխարհում բարձր են գնահատում այս աշխատանքը, այնպես որ՝ եթե կա ցանկություն, պետք է առաջ գնալ»,- իր խոսքում նշեց Apicius Florence գործադիր շեֆ-խոհարար և գլխավոր մենեջեր Անդրեա Տրապպանին։
Apicius Armenia-ն «Green Rock» հիմնադրամի հերթական նախագիծն է, որ Դիլիջանում բացում է հյուրընկալության դռները։ Այն խոստանում է զարգացնել տեղական զբոսաշրջային ոլորտը, խթանել տնտեսական աճն ու վերարժևորել հայկական գաստրոնոմիկ ժառանգությունը՝ Հայաստանը դարձնելով միջազգային նշաձող սահմանող կենտրոն։
«Հայաստանում հյուրընկալության առաջին միջազգային դպրոցը կարևոր է ոչ միայն Դիլիջանի, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ այն կբերի միջազգային փորձ, գիտելիքներ, մասնագետների մոտիվացիա, և այստեղ կսովորեն պատանիներ, երիտասարդներ, նաև մեծահասակներ: Ուսանողների համար ստեղծել ենք անհրաժեշտ պայմանները, որ թույլ կտա նրանց սովորել ու ապրել Դիլիջանում, ինտեգրվել դիլիջանյան կյանքին: Հույս ունենք, որ միջազգային այս դպրոցը դրական փոփոխություններ է բերելու Դիլիջան»,- ընդգծում է «Green Rock» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։
Այսուհետ հյուրընկալության և գաստրոնոմիայի նոր սերունդը կձևավորվի նաև Դիլիջանում։ Այսկերպ ամրապնդվում են Հայաստանի դիրքերը միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա՝ պատրաստելով այնպիսի մասնագետների, որոնց որակը ճանաչելի կլինի աշխարհում։