Էներգաարդյունավետության նոր նախագիծ Հայաստանի մարզերում

Հայաստանում մեկնարկել է «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնության շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը՝ բարելավելու բնակարանների էներգաարդյունավետությունը, նվազեցնելու էներգետիկ ծախսերը և բարձրացնելու կենցաղային հարմարավետությունը։

Նախաձեռնությանը կարող են դիմել Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի խոցելի և կին գլխավորությամբ տնային տնտեսությունները, որոնք որպես ջեռուցման հիմնական միջոց օգտագործում են վառելափայտ կամ աթար՝ վառարանների միջոցով։

Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել շուրջ 300 տնային տնտեսության՝ նպաստելով էներգետիկ ծախսերի կրճատմանը, բնակարանների էներգաարդյունավետության և հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը։

Շահառուներին կտրամադրվի հետևյալ աջակցությունը․

  •  բնակարանների ջերմամեկուսացում (դռների և պատուհանների փոխարինում, պատերի, տանիքի և հատակի մեկուսացում),
  • արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում,
  • արևային ջրատաքացուցիչների տեղադրում,
  • էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։

Ընտրված շահառուները պարտավոր են ապահովել նվազագույնը 10% համաֆինանսավորում ընդհանուր ներդրման արժեքից՝ բացառությամբ էներգաարդյունավետ վառարանների տրամադրման դեպքերի։

Դիմումները ընդունվում են բացառապես առցանց՝ SAFER նախաձեռնության պաշտոնական safer.am կայքի միջոցով, որտեղ ներկայացված են նաև մասնակցության չափանիշները և դիմելու ընթացակարգը։

Ծրագիրն իրականացվում է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։




Ինչպես 19-ամյա Ալեքսը սիրահարվեց Իջևանին

Իջևանն իր անվանը համահունչ՝ միշտ օթևան է եղել քաղաքով անցնող ճամփորդների համար։ Վերջին տարիներին քաղաքը նաև բնակության զգացողություն է տվել 2023 թվականի Ղարաբաղյան հակամարտության հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված և այստեղ հաստատված բազմաթիվ ընտանիքների։ 19-ամյա Ալեքսի՝ Իջևանին կապող ճանապարհը սկսվել է հենց այդ ժամանակ, երբ հազարավոր արցախցիների նման, նա ևս ստիպված է եղել լքել տունը և անորոշության մեջ քայլել առաջ։

«2023 թվականին, երբ սկսվեց պատերազմը, մենք ստիպված եղանք, հանգամանքներից ելնելով, լքել Արցախը, և առաջին անգամ ընտանիքով եկանք Իջևան։ Ժամանակի ընթացքում մեր ընտանիքի անդամները տեղափոխվեցին Աբովյան՝ աշխատանքի պատճառով, իսկ ես, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում շատ սիրեցի Իջևանը՝ իր բարի, անմիջական ու օգնող մարդկանցով, որոշեցի, որ իմ կյանքի նոր էջը սկսեմ հենց այստեղ և զբաղվեմ իմ ամենասիրելի գործով՝ երգով։ Մարդկանց մեջ շատ եմ գնահատում նրանց հոգատարությունը․ նրանք կարողանում են մտնել քո դրության մեջ։ Մեր Իջևանում ապրող մարդիկ իսկապես շատ բարի են», — ասում է Ալեքսը։

Ալեքսը որոշ ժամանակ անց արդեն հարմարվել է նոր միջավայրին։ Իջևանի և Արցախի բարբառների միջև առկա ընդհանրությունները նրան հնարավորություն են տվել արագ յուրացնել տեղական խոսքը, իսկ մարդկանց վերաբերմունքը՝ ավելի հեշտ ինտեգրվել քաղաքային կյանքին։

«Իջևանի բարբառը շատ հեշտ եմ սովորել․ ընդամենը 2-3 օրում արդեն լիովին տիրապետում էի։ Կարևորն այն է, որ եթե սիրում ես այդ քաղաքը և մարդկանց, բարբառն էլ հեշտ է սովորել։ «Քիմ եմ, կյալիս եմ», «Կյալ դեմ, քյալ դեմ», շատ արտահայտություններ կան, որ նման են մեր Արցախի բարբառին։ «Բրախի» բառը հատկապես շատ եմ սիրում։ Ամեն օր, երբ արթնանում ենք, մի նոր դժվարություն է լինում, որը պետք է հաղթահարես։ Իմ կարծիքով՝ ճիշտ է դժվարությունները հաղթահարել նաև միայնակ, որպեսզի իսկապես զգաս՝ ինչ է դժվարությունը։ Այդպես ավելի ես հասկանում դրա արժեքն ու կարևորությունը», — կիսվում է 19-ամյա երիտասարդը։

Ալեքսը սովորում է քոլեջում, աշխատում և շարունակում զբաղվել երաժշտությամբ։ Երգը նրա համար պարզապես հոբբի չէ․ նա կատարում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ փորձելով յուրաքանչյուրում արտահայտել իր զգացողությունները և փորձառությունը։

«Իմ երազանքն է լինել բեմում, և վերջ։ Ես ինձ միայն այնտեղ եմ տեսնում։ Երգում եմ այնպիսի երգեր, որոնց վստահ եմ, որ մարդիկ կսիրեն և ուշադրությամբ կլսեն իմ կատարումը։ Շատ կուզեմ ունենալ հովանավոր, որը կօգնի ինձ առաջ գնալ։ Երգը դեռ փոքրուց եմ զգացել որպես իմ ճանապարհը․ այդ տարիքից ունեի նպատակ՝ իմ երգով առաջ գնալ ու զարգանալ։ Իմը մեծ բեմերն են, որոնց մասին միշտ երազել եմ։ Քանի որ այժմ աշխատում եմ իմ նպատակի ուղղությամբ, վստահ եմ, որ մի օր անպայման կհասնեմ դրան»։




Նոր հարթակ Նոյեմբերյանի երիտասարդների համար․ բացվեց «Լոֆթ Նոյեմբերյան» կենտրոնը

Նոր հարթակ Նոյեմբերյանի երիտասարդների համար․ բացվեց «Լոֆթ Նոյեմբերյան» կենտրոնը

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում բացվել է «Լոֆթ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնը:

Կենտրոնի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարը, նախարարության, ՏԻՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, համայնքի երիտասարդներ։

Ներկաները շրջել են երիտասարդական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին․ ներկայացվել են 2026 թվականին նախատեսված միջոցառումների ծրագրերը։

«Լոֆթ Նոյեմբերյան» կենտրոնի գործունեությունն ուղղված է համայնքի 13-35 տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Տավուշի մարզում սա 3-րդ երիտասարդական կենտրոնն է․ նման կենտրոններ գործում են նաև Իջևան և Դիլիջան քաղաքներում։




Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը

Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել համայնքային բյուջեի մի մասի բաշխմանն ու իրենց համայնքի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը։

Մասնակցային բյուջետավորումը հանրային քննարկման և որոշումների կայացման մեխանիզմ է, որը հանդիսանում է մասնակցային ժողովրդավարության կարևոր գործիք։ Այն նպաստում է համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությանը՝ թույլ տալով քաղաքացիներին ներգրավվել հանրային ռեսուրսների բաշխման գործընթացում և ազդեցություն ունենալ իրենց կյանքի որակի վրա։

Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիների համար իրական հնարավորություն է իրենց ձայնը լսելի դարձնելու և գաղափարները կյանքի կոչելու։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է հանդես գալ ծրագիր-առաջարկով կամ մասնակցել քվեարկությանը՝ աջակցելով իր համար առավել կարևոր և օգտակար նախագծի իրականացմանը։

Գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում հաստատվել է մասնակցային բյուջետավորման միջոցառումների իրականացման համապատասխան ժամանակացույցը։

Համայնքի բնակիչները կարող են իրենց առաջարկները ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ տվյալ համայնքի պաշտոնական կայքի միջոցով, այնպես էլ թղթային տարբերակով՝ դիմելով համայնքապետարան կամ իրենց բնակավայրի վարչական կենտրոն։ Թղթային հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, որի վրա նշվում են առաջարկի հեղինակի անունը, ազգանունը (կամ կազմակերպության անվանումը) և հասցեն։

Ներկայացված բոլոր առաջարկները պետք է համապատասխանեն մասնակցային բյուջետավորման գործընթացով սահմանված չափորոշիչներին, որոնց նպատակն է ապահովել ծրագրերի իրագործելիությունը, հանրային նշանակությունն ու համայնքի զարգացմանը նպաստող բնույթը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը կարևոր քայլ է Տավուշի մարզի համայնքներում քաղաքացիների ակտիվ մասնակցության, թափանցիկ կառավարման և համայնքային կայուն զարգացման ուղղությամբ։

Իջևան

Դիլիջան

Բերդ

Նոյեմբերյան




Դիլիջանում երիտասարդները կյանքի են կոչում համայնքի զարգացման գաղափարները

Համայնքային խնդիրների լուծումն ու համայնքի զարգացումը բոլորիս պատասխանատվությունն է։ Դիլիջանցի երիտասարդները հնարավորություն են ստացել կյանքի կոչել իրենց համայնքային նախագծերը՝ «Green Rock» հիմնադրամի Next Gen դրամաշնորհային ծրագրի միջոցով, որը միտված է խթանելու երիտասարդների մասնակցությունը տեղական խնդիրների լուծման գործընթացներին։ 17-ամյա Վահանն առաջարկել էր բարեկարգել Շամախյան թաղամասի խաղահրապարակը։ Նախկինում գրեթե չօգտագործվող այս տարածքը այսօր վերածվել է նոր ու բարեկարգ խաղահրապարակի, որտեղ երեխաները կարող են անվտանգ և հարմարավետ անցկացնել իրենց ժամանակը։

Աջակցել այն գաղափարներին, որոնք ունեն համայնքի վրա դրական ազդեցություն և համահունչ են «Green Rock» հիմնադրամի գործունեության երեք ուղղություններին՝  մշակույթ և արվեստ, շրջակա միջավայրի պահպանություն և համայնքային զարգացում։ Այս սկզբունքով «Green Rock» կանգնեց երիտասարդների կողքին՝ նրանց  գաղափարների իրականացման ճանապարհին:

Համայնքային զարգացմանն միտված ևս մի ծրագիր էլ առաջարկել էր ավագ դպրոցի աշակերտուհի Յանան. Նա QR կոդեր է պատրաստել, որոնք առաջիկայում կտեղադրվեն Դիլիջանի տեսարժան վայրերում։ Կոդերը սկանավորելով՝ մարդիկ կարող են կարդալ տվյալ վայրի մասին և իմանալ ավելին:

«Green Rock» հիմնադրամը կարևորում է երիտասարդների դերը համայնքային կյանքում՝ վստահ լինելով, որ տեղական խնդիրների լուծման լավագույն գաղափարները հաճախ ծնվում են հենց ներսից՝ համայնքում ապրող, սովորող ու ակտիվ երիտասարդների կողմից։ Ծրագրի միջոցով հիմնադրամը տալիս է գործիքներ, հարթակ և աջակցություն, որպեսզի այդ գաղափարները չմնան պարզապես տեսլական, այլ դառնան իրականություն։

Երիտասարդներն են համայնքի զարկերակը, որ իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ու ներգրավմամբ, նոր գաղափարներով պիտի ոտքի կանգնեցնեն իրենց համայնքը, ապահովեն իրենց տուն ու տեղի, իրենց շենի կայուն զարգացումը՝ հուսալի ապագան:




Երիտասարդությանն առնչվող հարցերը քննարկվեցին Տավուշի երիտասարդական ֆորումի ընթացքում

Երիտասարդական ֆորում Տավուշում

Տավուշում կայացավ երիտասարդական ֆորում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Միջոցառման կենտրոնական հատվածը պանելային քննարկում էր՝ հարց ու պատասխանով, որտեղ երիտասարդները կարողացան ուղղակիորեն քննարկել իրենց հետաքրքրող հարցերը և լսել փորձառու մասնագետների կարծիքները:

Ֆորումին մասնակցում էին կրթության, մշակույթի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏԻՄ-երի աշխատակիցներ, դպրոցների և բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական ՀԿ-ների անդամներ:

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդության քաղաքացիական գիտակցության բարձրացման, համայնքային ներգրավվածության հնարավորությունների, նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների զարգացման թեմաներին: Մասնակիցներն ակտիվ կերպով հարցեր էին ուղղում, ստանում հետաքրքիր պատասխաններ և ստանում գաղափարներ համատեղ նախագծերի համար:

Միջոցառման կազմակերպիչները ընդգծեցին, որ նման հանդիպումները կարևոր հարթակ են երիտասարդների գաղափարների փոխանակման և համայնքային կյանքում ակտիվ մասնակցության համար:

Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։ Ֆորումը կազմակերպվել է Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ-ի կողմից «Youth Voices in Democracy» («Երիտասարդների ձայնը ժողովրդավարության մեջ») ծրագրի շրջանակներում։

Տեսանյութը պատրաստվել է համագործակցության շրջանակում։




Երիտասարդները՝ Փրկարար ծառայությունում

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում Տավուշի մարզային փրկարար ծառայության վարչությունը հյուրընկալեց մի խումբ երիտասարդների՝ նրանց հնարավորություն տալով մոտիկից ծանոթանալ փրկարարական գործին։

Այցի առաջին պահից երիտասարդները հայտնվեցին իրական գործողությունների մթնոլորտում. նրանք տեսան, թե ինչպես է ստացվում ահազանգը, ինչպես է կազմավորվում արձագանքման խումբը և ինչ արագությամբ են փրկարարները հասնում դեպքի վայր։

Հանդիպման ընթացքում փրկարարները կիսվեցին իրենց ամենադժվար և հիշարժան դեպքերի պատմություններով՝ ընդգծելով, որ այս մասնագիտությունը մասնագիտական գիտելիքներից զատ պահաջում է նաև կամք և տոկունություն:

Երիտասարդների բազմաթիվ հարցերը վկայում էին նրանց անկեղծ հետաքրքրության մասին՝ թե՛ մասնագիտության, թե՛ ծառայության հանդեպ։ Շատերը խոստովանեցին, որ այցից հետո ավելի հստակ պատկերացրին՝ ինչ մեծ պատասխանատվություն է կրում փրկարարը և ինչպիսի նվիրում է պահանջում այս ճանապարհը։

Փրկարարների ու երիտասարդների հանդիպումն ավարտվում է խորհրդնշական խոստումով՝ Ձեր կողքին՝ կյանքի բոլոր պահերին։




Երիտասարդության օրը Նոյեմբերյանում

Երիտասարդության օրը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանի Արվեստի դպրոցում օգոստոսի 12-ին տիրում էր երիտասարդական և ստեղծագործական տրամադրություն: Նշվեց Երիտասարդների միջազգային օրը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արվեստի դպրոցի տնօրեն Լենա Մեհրաբյանը՝ ընդգծելով երիտասարդության դերը երկրի ապագայի կերտման, համայնքի զարգացման և մշակութային կյանքի հարստացման գործում։

Օրվա ընթացքում երիտասարդները նկարեցին, մասնակցեցին գորգագործության վարպետության դասին, իսկ համայնքի տաղանդավոր երիտասարդները ներկայացրին իրենց ստեղծագործությունները։

Տոնական միջոցառումը եզրափակեց բանաստեղծուհի Արմենուհի Ծատուրյանի հուզիչ ելույթը, որը սրահը լցրեց արվեստի և ոգեշնչման շնչով։

Լուսանկարները՝ Շաքե Ավագյանի։




Աշխատանքային և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման հնարավորություն երիտասարդների համար

Աշխատանքային և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման հնարավորություն երիտասարդների համար

«Զբաղվածության և ձեռներեցության SHUTTLE» ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքների երիտասարդներին՝ զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բարելավելու զբաղվածության հնարավորությունները և ձեռնարկելու սեփական բիզնեսը։

Ծրագրի հիմնական առավելությունները՝

  • Անհատական քոուչինգ և մասնագիտացված վերապատրաստում՝ յուրաքանչյուր մասնակցի համար։
  • Տևողություն**՝ 5 ամիս, սկսած 2025թ. ապրիլից։
  • Հանդիպումների հաճախականություն՝ շաբաթական 2 խմբային հանդիպում, ինչպես նաև անհատական աջակցություն։
  • Մասնակցության վճար՝ ծրագիրը ամբողջությամբ անվճար է։

Ովքեր կարող են դիմել՝

Ծրագիրը նախատեսված է Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքների բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկանում են՝

  • Գտնել աշխատանք կամ դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում։
  • Ձեռք բերել նոր հմտություններ և զարգացնել մասնագիտական ունակությունները։
  • Սկսել փոքր բիզնես և դառնալ հաջողակ ձեռներեց։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումներով՝

Միացեք «Զբաղվածության և ձեռներեցության SHUTTLE» ծրագրին և կատարեք առաջին քայլը դեպի ձեր մասնագիտական հաջողությունը։




«Երիտասարդական պատվիրակություն». նախագիծ` Դիլիջանի երիտասարդների համար

Երիտասարդական պատվիրակություն

«Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Երիտասարդական պատվիրակություն» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում Դիլիջան համայնքի երիտասարդներին տրվում է հնարավորություն՝ անմիջական ազդեցություն ունենալու և մասնակից լինելու իրենց բնակավայրի զարգացմանը՝ դարձնելով համայնքն ավելի երիտասարդակենտրոն։

Նախագծի շրջանակում իրականացվելու են հետևյալ գործողությունները

  • Երիտասարդական պատվիրակության ձևավորում:
  • «Երիտասարդական պատվիրակության» կարողությունների զարգացում:
  • Համայնքի երիտասարդների կարիքների գնահատում:
  • Առաջարկությունների ներկայացում համայնքի ավագանուն:
  • «Երիտասարդական պատվիրակության» ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանք և հուշագիր ՏԻՄ-ի հետ:

Դասընթացները կօգնեն զարգացնել առաջնորդության, հաղորդակցության և բանակցելու հմտությունները` կարիքների գնահատման մեթոդների, քաղաքացիական մասնակցության մեխանիզմներ, ՏԻՄ օրենսդրության շրջանակում։

Կարող եք դիմել, եթե`

  • 16-30 տարեկան եք,
  • բնակվում եք Դիլիջան համայնքում,
  • հետաքրքրված եք համայնքի զարգացմամբ,
  • պատասխանատու եք, նախաձեռնող և թիմային աշխատանքի ունակ:

Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 27, ժամը՝ 18։00-ն։

Հարցերի դեպքում կապ հաստատել youthideas2016@gmail.com էլ. փոստով կամ զանգահարել 055019190:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կից հայտը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5rSDSr5Ts-GBN8zpzQs25XD5ah5l00RS_70vA3xkbQHy9nQ/viewform


«Երիտասարդական գաղափարներ» Երիտասարդական ՀԿ-ի «Երիտասարդական պատվիրակություն» նախաձեռնությունը հանդիսանում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ծրագիրն իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և նրա ենթադրամաշնորհառուների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով: