17-ամյա Հրաչ Աբրահամյանը Տավուշի մարզի Այգեձոր գյուղից է։ Սովորում է Բերդի բազմագործառութային պետական քոլեջի անասնաբուժության բաժնի չորրորդ կուրսում։ Հենց քոլեջում է Հրաչը բացահայտել ինքն իրեն, ճանաչել իր ներաշխարհն ու գտել այն ճանապարհը, որով ուզում է առաջ շարժվել։ Այդ ճանապարհը նրան տարել է դեպի գրականություն, ստեղծագործություն և մարդկային պատմություններ։
Հրաչը սիրում է արվեստը, ուսումնասիրել է դրա տարբեր ճյուղերը, բայց ամենից շատ սիրահարվել է գրականությանը․ բանաստեղծություններ է գրում։ Գրելը նրա համար մի ուրիշ աշխարհ է՝ մի տարածք, որտեղ կարելի է խոսել այն մասին, ինչի մասին երբեմն դժվար է բարձրաձայնել, կիսվել զգացմունքներով ու գտնել այն բառերը, որոնք առօրյա խոսքում չեն գտնվում։
«Երբ ուզում ես ինչ-որ մեկի հետ կիսվել, խոսել, թուղթն ու գրիչը դառնում են քո ընկերները։ Իսկ երբ ուզում ես կարծիք հարցնել կամ պատասխաններ գտնել, գրքերն են քեզ օգնում։ Երբեմն մեկ նախադասությունն ավելի բարձր է խոսում, քան հազար մարդը», — ասում է Հրաչը։
Ցավից ծնված խոսքեր, զգացմունքներից ծնված գրականություն
Հրաչը սկսել է ստեղծագործել 12 տարեկանում՝ հոր կորստից հետո։ Հետագայում, առաջին սիրահարվածության հետ, նրա ստեղծագործություններում հայտնվել են սիրային ու ռոմանտիկ բանաստեղծությունները, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև մելանխոլիկ տրամադրություններն ու ներքին ապրումները։
Գրելը, Հրաչի համար, նաև ինքն իրեն հասկանալու, աշխարհին արձագանքելու և կյանքի մասին իր հարցերը բարձրաձայնելու ճանապարհ է։ Նա զգացմունքային մարդ է և չի թաքցնում, որ երբեմն ամեն ինչ խորապես է ապրում։ Նրա կարծիքով՝ բանաստեղծը հենց նա է, ով զգում է ավելին, նկատում մանրուքներն ու որսում այն, ինչ շատերի հայացքից վրիպում է։
Հրաչի գրական հետաքրքրությունների շրջանակը լայն է։ Նա սիրում է դետեկտիվ, դրամատիկական և արկածային ստեղծագործություններ։ Առանձնահատուկ տեղ ունի Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո»-ն, որի էջերում գտնում է կյանքի մասին մտածելու առիթ տվող մտքեր։ Հայ գրողներից նրա ամենասիրելին Ավետիք Իսահակյանն է։ Հատկապես հարազատ է համարում «Աբու Լալա Մահարի» պոեմը, որի հերոսի մեջ տեսնում է իրեն բնորոշ զգացմունքայնությունն ու աշխարհի հանդեպ բողոքի ձայնը։ Հրաչին գրավում է Իսահակյանի լեզուն՝ այն բառերն ու պատկերները, որոնց միջոցով գրողը կարողանում է ճշգրտորեն արտահայտել մարդու ներքին վիճակը։
«Ես շատ զգացմունքային մարդ եմ, և «Աբու Լալա Մահարի»-ում գտնում եմ ինքս ինձ։ Ես շատ բաներից եմ բողոքում՝ հայրենիքի վիճակից, մարդկանց վերաբերմունքից։ Իսահակյանն այն գրողն է, որն իսկապես կարողանում է ներկայացնել զգացողություններդ», — պատմում է նա։
«Մեղավորը ես եմ»․ մի վիպակ՝ սիրո, կորստի և պայքարի մասին
Հրաչի առաջիկա նպատակներից մեկը սցենարիստ դառնալն է։ Իսկ ստեղծագործական ճանապարհի կարևորագույն քայլերից մեկը սեփական գրքի հրատարակությունն է, որին նա երկար ու մանրակրկիտ աշխատանքից հետո է մոտեցել։ Արդեն լույս է տեսել նրա «Մեղավորը ես եմ» վիպակը, որը պատմում է 16-ամյա Անիի մասին։ Նրա կյանքը լի է սիրով ու ցավով, կորուստներով և պայքարով։ Ստեղծագործության մեջ արծարծվում են բուլինգի, միայնության, հասարակական կարծիքի և ներքին խռովքի թեմաները։ Հրաչի համար կարևոր է, որ վիպակը չլինի պարզապես բառերի հաջորդականություն կամ անձնական հույզերի շարադրանք։ Նա ցանկացել է ստեղծել մի գործ, որը ոչ միայն կպատմի հերոսի ապրումների մասին, այլև ընթերցողին մտածելու, սեփական վերաբերմունքը վերանայելու և ինչ-որ բան սովորելու հնարավորություն կտա։
«Բանաստեղծությունների դեպքում ավելի հեշտ եմ վերաբերվում քննադատությանը, որովհետև գիտեմ՝ դրանք իմ զգացմունքներն են։ Իսկ վիպակի հարցում շատ ավելի պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդա այն, ինչ-որ բան սովորի, ոչ թե պարզապես դատարկ բառերի շարան տեսնի», — ասում է Հրաչը։
Նա խոստովանում է, որ ինքնաքննադատությունը երբեմն այնքան ուժեղ է եղել, որ գիրքը հրատարակելու որոշումն էլ դժվարությամբ է կայացրել։ Այդ ճանապարհին մեծ նշանակություն է ունեցել խմբագրի՝ Անուշի աջակցությունը, որը համոզել է նրան հավատալ իր աշխատանքին և համարձակվել այն ներկայացնել ընթերցողին։
Գրականությունից դեպի համայնք․ պատմություններ, որոնք արժե պահպանել
Հրաչի ստեղծագործական ուղին զարգացել է նաև գրական նախաձեռնությունների, սեմինարների, կամավորական աշխատանքների և բանավեճերի մասնակցության շնորհիվ։ Նրա առաջին կարևոր գրական հաջողություններից մեկը կապված է Համո Սահյանի հիշատակին նվիրված երեկոյի հետ։ Այդ միջոցառման ժամանակ Հրաչը բանաստեղծություն է կարդացել։ Միջոցառման ժամանակ Հրաչը պատմել է իր մասին և այդպես նրա ստեղծագործություններից մեկն առաջին անգամ լույս է տեսել «Հայրենի Տավուշ» գրքում։
Գրքում ընդգրկվել է «Ախնջի» բանաստեղծությունը, որտեղ նա միահյուսել է հայրենիքի հանդեպ սերն ու իր գյուղի բնօրրանն ու լեգենդը։ Հրաչի համար կարևոր է, որ իր ստեղծագործություններում տեղ գտնեն ոչ միայն անձնական ապրումները, այլև հայրենի բնակավայրի հիշողություններն ու ինքնությունը։
«Հոգու մտքի մշակույթ» նախաձեռնությանը միանալուց հետո նրա գրական ու մշակութային գործունեությունն ավելի է ընդլայնվել։ «Հայ մտքի խաչմերուկ» գրքի հրատարակության շրջանակում, Ծաղկաձորում, նա ծանոթացել է «Բերդ» մշակույթի կենտրոն ՀԿ նախագահ Արմեն Մելիքյանի հետ, և այդ ծանոթությունը դարձել է նոր հնարավորությունների սկիզբ։ Հետագայում Հրաչը սկսել է գործունեություն ծավալել «Բերդ» մշակույթի կենտրոնում։ Սկզբում ներկայացրել է գյուղական կյանքը, բարբառն ու տեղական ավանդույթները։ Հրաչի հետաքրքրությունների կարևոր ուղղություններից մեկը բանահավաքչությունն է։ Նա գրի է առնում համագյուղացիների, հատկապես տարեց մարդկանց պատմությունները՝ նրանց հիշողությունները, նախկին կյանքի դժվարությունները, զվարճալի դեպքերը, առեղծվածային պատմություններն ու լեգենդները։
Սկզբում շատերը գուցե չէին հասկանում, թե ինչու է նա զրուցում տատիկների ու պապիկների հետ և գրի առնում նրանց պատմածները։ Սակայն Հրաչի համար այդ պատմությունները արժեքավոր նյութ են՝ հիշողություններ, որոնք ժամանակի ընթացքում կարող են կորչել, եթե ոչ ոք չպահպանի դրանք։ Նա ցանկանում է դրանք տեղ գտնել իր օրագրերում և ապագա գրքերում։
Քննադատություն, աջակցություն և սեփական ճանապարհը
Հրաչը կարծում է, որ առողջ քննադատությունն անհրաժեշտ է։ Եթե մարդը քեզ դիտարկում է, խորհուրդ է տալիս կամ մատնանշում սխալներդ, դա պարտադիր չէ, որ վատ մտադրություն ունենա։ Երբեմն քննադատությունը հենց այն օգնությունն է, որը թույլ է տալիս տեսնել չնկատածդ ու առաջ շարժվել։ Բայց նրա համար նույնքան կարևոր է աջակցությունը՝ այն մարդկանց ներկայությունը, որոնք հավատում են քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ դու ինքդ ես կասկածում քո հնարավորություններին։
«Պարտադիր չէ, որ բոլորը մեզ հասկանան։ Կարևորը՝ ինքներս մեզ հասկանանք։ Բոլորը մեր ճանապարհով չեն անցել, և պարտավոր չենք ստիպել նրանց, որ մեզ հասկանան։ Շատ լավ է, երբ այդ ճանապարհին հանդիպում են լուսավոր մարդիկ, որոնք աջակցում են քեզ, որովհետև լինում են պահեր, երբ դրա կարիքն իսկապես ունես», — ասում է Հրաչը։
Գրքերը՝ որպես փրկություն
Հրաչի կյանքում գրքերը առանձնահատուկ տեղ ունեն։ Նա ավելի քան հարյուր գիրք է ունեցել, որոնցից շատերը ձեռք է բերել սեփական խնայողություններով։ Երբեմն նույնիսկ հրաժարվել է փոքրիկ հաճույքներից, որպեսզի կարողանա նոր գիրք գնել։ Ժամանակի ընթացքում գրքերը նրա համար դարձել են ոչ միայն գիտելիքի, այլև ներքին ապաստանի աղբյուր։ Նա հիշում է՝ ինչպես էր գրքեր գնում ու պահում դրանք՝ ցանկանալով ունենալ իր սեփական գրադարանը։ Սակայն երբ ուրիշներին տված գրքերը վերադարձվել են վնասված, սկսել է ավելի ուշադիր վերաբերվել իր հավաքածուին և սահմանափակել դրանք տրամադրելը։ Այդ փորձառությունն ավելի է ամրապնդել նրա համոզմունքը, որ գիրքը պարզապես իր չէ․ այն արժեք է, որի նկատմամբ պետք է պատասխանատվություն ունենալ։ Հրաչի համար յուրաքանչյուր գիրք կարող է պարունակել մի միտք, որը մարդուն անհրաժեշտ է հենց այն պահին, երբ շրջապատից չի լսում իրեն անհրաժեշտ խոսքերը։
«Գրքերում կան նախադասություններ, որոնք կյանքեր են փրկում։ Երբեմն ուզում ես ինչ-որ մեկից մի խոսք լսել, բայց չես լսում։ Իսկ գրքի մեջ կարող ես գտնել հենց այն նախադասությունը, որն այդ պահին քեզ պետք էր», — ասում է նա։
Հրաչ Աբրահամյանի պատմությունը դեռ նոր է սկսվում։ Տասնյոթ տարեկանում նա արդեն հասցրել է իր զգացմունքները վերածել բանաստեղծությունների, պահպանել հայրենի գյուղի հիշողությունները, ներգրավվել մշակութային կյանքում և ձեռնամուխ լինել իր առաջին վիպակի հրատարակությանը։ Առջևում սցենարիստ դառնալու նպատակն է, նոր ստեղծագործություններն ու պատմությունները, որոնք դեռ սպասում են իրենց ընթերցողին։ Իսկ գրելը շարունակում է մնալ նրա աշխարհը՝ մի աշխարհ, որտեղ ցավը կարող է դառնալ խոսք, հիշողությունը՝ պատմություն, իսկ մեկ նախադասությունը՝ լույս։




