Սիրելի երեխաներ, հազարամյակներ շարունակ մարդկությունն անընդհատ պայքարել է բնության արհավիրքների դեմ` պաշտպանվելով երկրաշարժերից, սողանքներից, կայծակներից, ջրհեղեղներից և բնության այլ երևույթներից, իսկ հետո իր իսկ ստեղծած մարդածին ու տեխնածին աղետների դեմ` պայթյուն, հրդեհ, վթար, արտանետում, թունավորում և այլն: Մյուս կողմից էլ մարդկանց պատուհասել են համաճարակները, բնապահպանական, սոցիալական ու պատերազմական աղետները: Էլ չենք խոսում կենցաղային ու առօրյայում հանդիպող տարբեր դեպք – պատահարների մասին:
Այսպիսով, մարդկության պատմությունն ասես աղետների դեմ պայքարի տարեգրություն լինի: Եվ մարդիկ անընդհատ նորանոր գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերում` աղետների դեմ արդյունավետ պայքարելու, դրանց հետևանքները նվազեցնելու, իրենց կյանքն ու առողջությունը, կայքն ու գույքը պաշտպանելու համար:
Մեր երկրում էլ այսօր ստեղծվել է մի հզոր կառույց՝ մարդկանց օգնելու և նեղ ու դժվարին իրավիճակից նրանց հանելուն կոչված մի նախարարություն, որի անունն է ԱԻՆ՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Տավուշի մարզում նույնպես գործում է ԱԻՆ կառույցը՝ մարզային փրկարարական վարչությունը, որտեղ աշխատում են գործի գիտակ, անձնազոհ ու խիզախ մարդիկ: Նրանք միշտ պատրաստ են Ձեզ օգնության հասնելու, նաև՝ սովորեցնելու:
Այս օրագիրը, որը Ձեզ համար պատրաստել է Տավուշի մարզպետարանը, մեր էպոսի հերոս Սասնա Դավթի՝ Սուպեր Դավթի աջակցությամբ և արքայից արքա Աշոտ Երկաթի աչալուրջ հսկողությամբ, Ձեզ կներկայացնի տարբեր փորձանքներից խուսափելու կանոնները:
Շատ կարևոր է, որ դուք իմանաք ոչ միայն ձեզ սպառնացող վտանգների և դրանցից պաշտպանվելու վարքականոնների մասին, այլև դրական մտածողության, բարության, գթասրտության մեծ ու անդիմադրելի ուժի մասին, ամեն տեսակի դժվարություն հաղթահարելու բարոյահոգեբանական պատրաստվածության մասին, տոկունության, կամքի, արցունքի միջից ժպտալու, շրջապատին լույս ու ջերմություն պարգևելու ունակության ու տիեզերական բումերանգի մասին:
Եկեք հարստացնենք միմյանց՝ մտքեր ու գաղափարներ փոխանակելով
Եթե Դուք մի խնձոր ունեք, եվ մի խնձոր ունեմ ես, դրանք փոխանակելու դեպքում, նախկինի պես, ես էլ, Դուք էլ կունենանք մեկական խնձոր։ Իսկ եթե ես գաղափար ունեմ, եւ Դուք էլ գաղափար ունեք, փոխանակման դեպքում՝ ես էլ, Դուք էլ կունենանք երկու գաղափար։
Բեռնարդ Շոու
Ցանկացած ասպարեզում հաջողության հասնելու համար առաջին հերթին Ձեզ ոչ թե փող է անհրաժեշտ, ինչպես շատերն են կարծում, այլ բարոյական ներքին ռեսուրսներ՝ կամք, համառ հետևողականություն, քաջություն, իրականության աչքերին խիզախորեն նայելու պատրաստականություն, ճկունություն՝ իրավիճակների մարտահրավերներն ընդունելու ու հարմարվելու, ոչ մի արգելք հաշվի չառնելով դեպի նպատակը շարժվելու համար:
Մենք պիտի սովորենք ատել ատելությունն ու սիրել սերը, շարունակել գործել, երբ պարզապես ուզում ես ընկնել ու մեռնել, ձգտել նվիրական երազանքների իրականացման, աննահանջ հավատալ լուսավոր ապագային: Այս ամենը մատչելի է մեզնից յուրաքանչյուրին, և միայն դա կարող է մեզ դարձնել մեծ ՄԱՐԴ:
Կիսվեք Ձեր սովորածը Ձեր ընտանիքի անդամերի, Ձեր ընկերների ու հարևանների հետ, քննարկեք, պահպանեք անվտանգության բոլոր կանոնները և հիշեք, որ անվտանգության մշակույթը բոլոր տեսակի զարգացումների անկյունաքարն է՝ Ով իրազեկված է, նա պաշտպանված է: