Այս գրքույկն Արարատի մարզի աշխարհագրական նկարագրի, նրան սպառնացող արտակարգ իրավիճակների, դրանցից պաշտպանվելու կամ դրանց հետևանքները մեղմելու հնարավորությունների մասին է: Մարզում աշխատած մասնագիտական խումբը մանրամասն ուսումնասիրել է դրա տարածքը: Այստեղ առկա են Հայաստանի ամբողջ տարածքին բնորոշ բոլոր վտանգները՝ բնական ու
տեխնածին, սակայն սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Տարածքում արդեն գլուխ բարձրացրած սողանքները, հատկապես դրանցից մեկը՝ Աղբուլաղինը, արդեն
իրենց գործը տեսել են ու շարունակում են վնասել: Չի բացառվում, որ մարզի տարածքում առաջանան սողանքի նոր օջախներ: Նման խնդիրներ առաջանում են նաև երկրաշարժերից հետո, իսկ
երկրաշարժի հավանականության տոկոսն այս մարզում բնավ էլ ցածր չէ: Երկրաշարժագետները նման հետևության հանգում են՝ նաև հաշվի առնելով տեղանքում արձանագրված պատմական
երկրաշարժերը: Հատկապես հիշվող է Արարատի մարզի տարածքում եղած հայոց նախկին մայրաքաղաք Դվինի ճակատագիրը:
Այն բազմիցս կործանվել ու վերաշինվել է, սակայն 893 թվականի աղետաբեր ցնցումն այնքան հիմնովին է կործանել քաղաքը, որ մեր նախնիներն այլևս նպատակահարմար չեն համարել նույն տարածքում մայրաքաղաք ունենալ: Երկրաշարժի հավանականությունը սեյսմոլոգները հիմնավորում են նաև գիտական այլ եզրահանգումներով: