2024 թվականի մայիսին Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետեւանքով տուժել է մոտ 40,000 մարդ եւ գրանցվել 33 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր կորուստ՝ համաձայն նոյեմբերի 22-ին Երեւանում ներկայացված Հետաղետային կարիքների գնահատման (ՀԱԿԳ):
Գնահատման ներկայացումը տեղի ունեցավ «ԿԱՆԱՉ Հայաստան» (Աճ եւ վերականգնում հանուն Հայաստանի հզորացման, վերազինման եւ զարգացման) հարթակի քաղաքականությունների շուրջ հինգերորդ երկխոսության շրջանակում, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին եւ այլ պաշտոնյաներ ու զարգացման կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀԱԿԳ-ն իրականացվել է տուժած մարզերի ինը խոշորացված համայնքներում՝ ԵՄ պատվիրակության հետ գործընկերությամբ։
Ըստ ՀԱԿԳ գնահատականների՝ ընդհանուր առմամբ գրանցվել է 49․5 մլն ԱՄՆ դոլարի վնաս, իսկ վերականգնման ընդհանուր կարիքները գնահատվել են 117 մլն ԱՄՆ դոլար բոլոր ոլորտներում։ Խոշոր բացասական հետեւանքներ են գրանցվել համայնքային կյանքի շատ բնագավառներում, այդ թվում՝ բնակարանաշինության եւ համայնքային ենթակառուցվածքների ոլորտներում, մինչդեռ ամենամեծ հետեւանքները գրանցվել են գյուղատնտեսության, բիզնեսի եւ տրանսպորտի ոլորտներում, ընդ որում՝ շրջակա միջավայրը, որպես փոխկապակցված ոլորտ, նպաստել է կորուստների ավելացմանը:
ՀԱԿԳ զեկույցը ՀՀ կառավարության, նվիրատու կազմակերպությունների եւ զարգացման ոլորտի գործընկերների համար արժեքավոր ռեսուրս կլինի՝ ապագա ինստիտուցիոնալ, վերականգնման եւ վերակառուցման գործողությունները ձեւավորելու համար: Այն տեղեկություն կապահովի քաղաքականությունների, գործընթացների եւ ֆինանսական մեխանիզմների մշակման համար, ինչը կնպաստի ռիսկերի մասին տեղեկացված եւ դիմակայուն զարգացմանը։