Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապրող 76-ամյա Ռոզա Հովակիմյաննն արդեն ավելի քան մեկ տասնամյակ իր առօրյան լցնում է շյուղագործությամբ։
Երիտասարդ տարիներին՝ Երևանում ապրելով ու աշխատելով, նա յուրացրել է այս նրբաճաշակ արհեստը, որն այսօր նրա կյանքի անբաժանելի մասն է։
Սկզբնական դժվարությունները ժամանակի ընթացքում վերածվել են ստեղծագործական ճանապարհի․ շյուղագործությունը Ռոզա Հովակիմյանի համար դարձել է ոչ միայն սիրելի զբաղմունք, այլև հոգեկան հանգստի ու ինքնարտահայտման միջոց։ Նա նախընտրում է բարդ աշխատանքներ, իսկ նախշերն ու ձևավորումները ստեղծում է ինքնուրույն՝ սեփական մտահղացումների հիման վրա։
Ամենամեծ ուրախությունը նրա համար իր ձեռքի աշխատանքի գնահատանքն է։ Միաժամանակ տիկին Ռոզան կարևորում է ձեռագործ արվեստի փոխանցումը նոր սերնդին և պատրաստակամ է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել երեխաներին՝ նպաստելով շյուղագործության պահպանմանն ու շարունակությանը։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան






