97-ամյա Աղալո պապն Արծվաբերդի ժամանակագիրն է։ 1995 թվականից մինչ օրս նա իր ամեն օրը գրի է առնում տետրերի մեջ, որոնք դարձել ու դառնում են արժեք իր հարազատների, գյուղի և գյուղացիների, անծանոթների, ուսումնասիրողների համար։
Աղալո պապի սիրելի զբաղմունքներից են հողի հետ աշխատելը, իր հարևան տարիքակից ընկերոջ հետ նարդի խաղալը, աշխարհագրություն ուսումնասիրելը։ Դե, իսկ ամենասիրելի զբաղմունքը, որին հավատարիմ է արդեն 28 տարի, օրագիր գրելն է։
Ամեն օրվա մասին պատմելիս Աղալո պապն առանձնահատուկ նկարագրել է եղանակը։ Հաճախ ենք հանդիպում «երկինքը պարզ է», «օրն արևոտ է» արտահայտություններին։ Օրագրերի յուրահատկությունն այն է, որ ոչ մի տրամադրություն բաց չի թողել Աղալո պապը՝ պարտադիր գրել է և՛ ուրախության և՛ տխրության մասին։ Տրամադրություններին նաև նշաններ է տվել։ Օրինակ՝ կարմիր գրիչով աստղը ուրախության, ուրախ օրվա նշանն է, կապույտ աստղը խորհրդանշում է հիվանդություն, տխրություն։
Երեխայի պես անկեղծ ժպտացող պապի աչքերը մեկ-մեկ էլ լցվում են, դժվարանում է խոսել, երբ հիշում է սիրելի մարդկանց, ովքեր այլևս չկան․․․
Հեղինակ՝ Լաուրա Դուրյան, Արծվաբերդ