Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Շիրակ Գասպարյանը երազանք ուներ՝ հայրենի գյուղում՝ Աչաջրի սրտում եկեղեցի կառուցել։ Նրա զոհվելուց հետո Շիրակենց տան բակում նրա ընտանիքի ջանքերով եկեղեցի է կառուցվել։ Շիրակ Գասպարյանի Սուրբ Զորավոր եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 6-ին՝ Շիրակի ծննդյան օրը:
Ապրել իսկական արժեքներով և զոհաբերել ամենաթանկը, զոհաբերել վստահորեն ու գիտակցել որ «առանց զոհաբերության երբևէ հաղթանակ չի կերտվել»․ այսպիսինն է Շիրակի կյանքի ու նահատակության նկարագիրը։
Սուրբ Զորավոր եկեղեցու օծումը կատարվեց Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ: Շիրակ Գասպարյանը 1998 թվականին է ծնվել․ նա տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։ Համագյուղացիների խոսքով՝ եկեղեցին այն խորհրդանիշն է Շիրակի ու բոլոր զոհված տղաների, որոնց կյանքի գնով այսօր ապրում ենք:
Շիրակ Գասպարյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության անցնելով Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից ու նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Հայրենիքին մատուցած ծառայության ու մեծ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով ու «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով։
Առաջարկում ենք դիտել «Տղերքը» հաղորդաշարի թողարկումը՝ Շիրակ Գասպարյանի մասին։