2024 թվականի մայիսի 25-26-ը Հայաստանը կանգնեց բնական աղետի առաջ։ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրեցին Դեբետ, Աղստև և Տաշիր գետերի աննախադեպ վարարումներին։ Գետերի շուրջ երկու մետրով բարձրացած ջրային մակարդակը հեղեղեց գետափնյա բազմաթիվ բնակավայրեր՝ լրջագույն հումանիտար և նյութական վնաս պատճառելով։ Աղետի գոտում հայտնվեցին տասնյակ համայնքներ։ Ավերվեցին ճանապարհներ, կամուրջներ, շենքեր ու տեխնիկա, վնասվեց անշարժ գույք։ Ցավոք, եղան նաև մարդկային կորուստներ․ մայիսի 26-ի օպերատիվ տեղեկագրի համաձայն աղետի գոտում 4 զոհ կար։ Տարբեր հատվածներից փրկարարները տարհանեցին 2 382 բնակչի։
Մայիսի հեղեղումներից հետո Տավուշի մարզի 3 համայնքների ընդհանուր 15 բնակավայրեր հայտարարվեցին աղետի գոտի։ Այս բնակավայրերում Դեբեդ և Աղստև գետերի վարարումն առաջացրել էր մի շարք արտակարգ դեպքեր ու պատահարներ․ ստացվել էին բազմաթիվ ահազանգեր՝ շենք-շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրերի մեջ արգելափակումների վերաբերյալ։ Աղետի հետևանքով Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել է 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Համաձայն հետաղետային կարիքների գնահատման տվյալների՝ ընդհանուր առմամբ մայիսին Տավուշի ու Լոռու մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 40,000 մարդ և գրանցվել 33 միլիոն դոլարի ընդհանուր կորուստ։ Կորուստներն ու հետանքները գրանցվել համայնքային կյանքի մի շարք բնագավառներում, այդ թվում՝ բնակարանաշինության և համայնքային ենթակառուցվածքների ոլորտներում, ամենամեծ հետեւանքները գրանցվել են գյուղատնտեսության, բիզնեսի և տրանսպորտի ոլորտներում, ընդ որում՝ շրջակա միջավայրը, որպես փոխկապակցված ոլորտ, նպաստել է կորուստների ավելացմանը:
Աղետի ժամանակ Տավուշ Մեդիան առաջիններից էր դեպքի վայրում․ ջրհեղեղն ու դրա հետևանքները լուսաբանվեցին օպերատիվ, հետևողական ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ ապահովելով համարժեք արձագանք։
Մենք առաջինն էինք դեպքի վայրում: Ոչ թե պարզապես լուսաբանելու, այլ մեր համայնքների կողքին լինելու, նրանց ձայնը լսելի դարձնելու համար: Տավուշ Մեդիան հանդես եկավ իրազեկման, խորհրդատվության և ուսուցման նախագծերով՝ ուղղված պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը՝ օգնելու նրանց ավելի լավ պատրաստվելու և արձագանքելու արտակարգ իրավիճակներին։
Ներկայացնում ենք Տավուշի մարզում աղետի հետևանքները՝ ըստ համայնքների։
Մեր նպատակային ու պրոֆեսիոնալ աշխատանքը հնարավորություն տվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը օգտվել Տավուշ Մեդիայի լուսանկարներից ու տեսանյութերից՝ առավել օպերատիվ ու արդյունավետ աջակցություն կազմակերպելու համար։
Ինչպես արտակարգ օրերին և այնպես էլ դրանցից հետո, Տավուշ Մեդիան աշխատելով աղետի գոտում, ներկայացրել է իրավիճակի հետևանքները՝ առաջացած խնդիրները, կարիքները, կատարված ու կատարվելիք աշխատանքները։ Աջակցել բնակչությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ․ այս սկզբունքով պարբերաբար տրամադրվել է տեղեկատվություն՝
- Մեր բոլորի վարքականոնները հեղեղումներից առաջ, հեղեղի ժամանակ և հետո։
- Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները։
Աղետից վեց ամիս անց դաձյալ անդրադարձել ենք ջրհեղեղի հետևանքներին ու վերականգնման քայլերին։
Աղետի օրերին՝ վթարաորոնողական, փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական ու ապա՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ, 1 տարի անց էլ գիտակցում ենք թե որքան կարևոր են իրազեկությունն ու պատրաստվածությունը, որքան անհրաժեշտ են աղետների ռիսկերի նվազեցումն ու արդյունավետ կառավարումը՝ դրանք կանխարգելելու համար։ Ով իրազեկված է, նա պաշտպանված է։
Կարդացեք նաև՝