2024 թվականի գարնանային ջրհեղեղից հետո, ամիսներ անց, չնայած ընդունած որոշումներին, ձեռնարկած միջոցառումներին, աղետի հետևանքների և մարդկանց կարիքների բազմաթիվ գնահատումներին, միջազգային բազմակողմանի արձագանքմանը, դեռ զգալ են տալիս չապաքինված վերքերը, դեռ տեղ չեն հասել փոխհատուցումները, կյանքի չեն կոչվել զարգացման ծրագրերը, բարելավված չէ ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը:
Մայիսի հեղեղումներից հետո Տավուշի մարզի 3 համայնքների ընդհանուր 15 բնակավայրեր հայտարարվեցին աղետի գոտի։ Այս բնակավայրերում Դեբեդ և Աղստև գետերի վարարումն առաջացրել էր մի շարք արտակարգ դեպքեր ու պատահարներ․ ստացվել էին բազմաթիվ ահազանգեր՝ շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրերի մեջ արգելափակումների վերաբերյալ։ Աղետի հետևանքով Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել է 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Համաձայն հետաղետային կարիքների գնահատման տվյալների՝ ընդհանուր առմամբ մայիսին Տավուշի ու Լոռու մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 40,000 մարդ և գրանցվել 33 միլիոն դոլարի ընդհանուր կորուստ։ Կորուստներն ու հետանքները գրանցվել համայնքային կյանքի մի շարք բնագավառներում, այդ թվում՝ բնակարանաշինության և համայնքային ենթակառուցվածքների ոլորտներում, ամենամեծ հետեւանքները գրանցվել են գյուղատնտեսության, բիզնեսի և տրանսպորտի ոլորտներում, ընդ որում՝ շրջակա միջավայրը, որպես փոխկապակցված ոլորտ, նպաստել է կորուստների ավելացմանը: