ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմամյա առաջատար մասնագետ Աիդա Մարդանյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 24-ին, նրա նախկին ու ներկա ուսանողները, աշակերտները, գործընկերներն ու հարազատները հավաքվել էին մայր բուհի մասնաճյուղում՝ հարգելու սիրելի դասախոսի, ուսուցչի հիշատակը, ով կյանքից հեռացել էր հունվարի 25-ին, 70 տարեկանում։ Աիդա Մարդանյանի դերն ու ներդրումը Տավուշի մարզում ֆրանսերենի ուսուցման, զարգացման և տարածման գործում անփոխարինելի են։ Նրա նվիրումը և պատասխանատվությունը կրթության ու դաստիարակության ոլորտում օրինակելի են, իսկ նրա ազնիվ ու լուսավոր կերպարը սիրով ու հարգանքով են հիշում համալսարանականները։
Հուշ-ցերեկույթը խոր ցավի ու միաժամանակ գնահատանքի առիթ էր: ԵՊՀ ռեկտորի կողմից Աիդա Մարդանյանը հետմահու պարգևատրվեց ոսկե մեդալով, որը ևս մի գնահատական էր նրա նվիրումի ու նաև կարևոր ազդակ ապագա սերունդներին՝ պահպանել ու տարածել այն արժեքները, որոնք փոխանցել է վաստակաշատ մանկավարժը։
Հուշ-ցերեկույթի ավարտին մասնաճյուղի ֆրանսերեն լեզվի լսարաններից մեկը անվանակոչվեց Աիդա Մարդանյանի անունով՝ հավերժացնելով նրա հիշատակը և թողնելով վառ օրինակ համալսարանականների համար։
Միջոցառման վերջում հնչում են աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հոգեպարար մեղեդիները, որոնք Աիդա Մարդանյանի սիրելի երաժշտություններից էին՝ կյանքի, հայրենիքի մասին։