Ակնաղբյուր գյուղի մի քանի բնակիչներ նկարվել են այն կաղնու մոտ, որն, ըստ ավանդույթի, Վարդան Մամիկոնյանը տնկել էր Ավարայրի ճակատամարտի նախօրեին: Ժողովրդին ավանդվել է, որ կաղնին տնկել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը 450 թվականին՝ Ավարայրի ճակատամարտից մեկ տարի առաջ:
450 թվականի ամռանը պարսից մի զորաբանակ շարժվեց դեպի Կուր գետի ափերը՝ ճանապարհին պարտության մատնելով աղվաններին: Հայկական մի փոքր զորաբանակով աղվաններին օգնության հասավ Վարդան Մամիկոնյանը: Խաղխաղի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայոց բանակը փայլուն հաղթանակ տարավ: Տունդարձի ճամփին սպարապետը կանգ առավ Աղստևի ձախ ափին՝ Ակնաղբյուր գյուղի մոտ:
Մի տարեց շինական Վարդան Մամիկոնյանին շնորհավորեց հաղթության առթիվ՝ ասելով.
– Ձեռդ կուռ մնա, անունդ՝ անմահ:
Եվ շինականը կաղնու մի ոստ մեկնեց սպարապետին: Վարդան Մամիկոնյանը ժպտաց և, ոչինչ չասելով ու ոչինչ չհարցնելով, սկսեց իր նիզակով փոս փորել: Նրան օգնեց դստրայրը՝ նախարար Արշավիր Կամսարականը:
Սպարապետի կաղնին հզորացավ ու կանաչ մնաց 1528 տարի:
1978 թվականին ծառը տապալվեց։
Բայց ընկած կաղնու կողքին նոր կաղնի տնկեց քսաներորդ դարի հայ զորավար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ Ակնաղբյուր գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հետն էլ հորդորել.
-Որդի, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր, ու քեզ չարուչոռ չի դիպչի…
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։