Նոր երկկողմանի գունազարդ գրքույկ, որը կարող եք ոչ միայն ընթերցել, այլև՝ դիտել ու լսել։ Տավուշեցի երեխաների համար պատրաստված՝ «Կենսապահովման հիմունքներ» և «Զգուշացիր հրդեհից» գրքույկը նորովի տպագրվեց դարձյալ «ԱՄՔՈՐ ԱՐՄԵՆԻԱ» հիմնադրամի աջակցությամբ։
Կարդացեք, դիտեք, լսեք՝ եղեք իրազեկված ու պաշտպանված։
Հիշեք, որ խուճապը երբեմն ավելի մեծ վնաս է հասցնում, քան բուն վտանգը: Դրա համար անհրաժեշտ են տարրական գիտելիքներ ու դրանց հետևողական կիրառում, մի խոսքով` անվտանգության մշակույթ: Այս գրքույկը նրանց համար է, ովքեր ցանկանում են դառնալ «կուլտուրական», ապրել անվտանգ ու անվնաս, լինել խիզախ ու հարեհաս:
Իմ շատ սիրելի տավուշեցի բարեկամ, հանկարծ միանգամյա ընթերցումով չփորձես բաժանվել այս գրքույկից, նրա առանձին հատվածներ կարդա` դասընկերներիդ, հարևաններիդ, հարազատներիդ, ծնողներիդ հետ: Անվտանգության տեսանկյունից նորովի գնահատիր դասասենյակդ, դպրոցդ, բնակարանդ, տունդ, շրջապատդ, ձեր գյուղի տունը, դեզերը, անտառը: Խորհրդակցիր ու կարծիքներ փոխանակիր ուսուցչիդ ու Ձեր դպրոց այցելող հրշեջ-փրկարարի հետ: Սովորածդ կիրառիր կյանքում, դարձրու փորձ ու հմտություն, դարձրու կենսակերպ: Հիշիր. Աստված փրկում է նրան, ով ցանկանում է փրկվել, Աստված փրկում է իրազեկ-պատրաստվածին: