ProtoLab տեխնոինժեներական լաբարատորիան օգոստոսի 20-ին և 21-ին Նոյեմբերյանում կազմակերպել էր «Ապագայի նախատիպը» խորագրով միջոցառումը: Օրը տոնական էր. 1 տարի առաջ` օգոստոսի 20-ին նոյեմբերյանցի 4 երիտասարդներ պաշտոնապես հիմնադրեցին «ՊրոտոԼաբ» տեխնոինժեներական լաբարատորիան:
Միջոցառման կազմակերպման գլխավոր նպատակը ՏՏ ոլորտի հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրվածության բարձրացումն էր: Ոլորտում հաջողություններ գրանցած մարդիկ իրենց անցած ճանապարհով, խոչնդոտների, ձախողումների և նվաճումների մասին իրենց պատմություններով կիսվեցին և ոգևորեցին միջոցառման ավելի քան 150 մասնակցի: Մասնակիցները Նոյեմբերյան խոշորացված համայնքի և հանրապետության այլ մարզերից ժամանած երիտասարդներն էին:
Միջոցառման երկու օրերին կայացան բանախոսություններ և պանելային քննարկումներ` ՏՏ-ի, բիզնեսի, ստարտափների վերաբերյալ: Բանախոսությունների խոսնակները Հայաստանում ՏՏ ոլորտում փորձառու մասնագետներն էին: Երկօրյա միջոցառումն ուղեկցվեց ազգային երգուպարով:
ՊրոտոԼաբը ՏՏ ուղվածությամբ ստարտափ է․ 2020 թվականին նոյեմբերյանցի 4 գաղափարակից ընկերներ որոշեցին մարզում մնալու և Հայրենիքի զարգացմանը նպաստելու համար տեխնոինժեներական լաբարատորիա հիմնադրել: Այն պաշտոնապես բացվել է 2021 թվականին։ 1 տարի անց ստարտափը հաջողությամբ եռաչափ մոդելավորման եւ տպագրության ծառայություններ է մատուցում:
Protolab-ը հիմնելու նպատակն ի սկզբնե եղել է մարզում մնալու համար եկամուտներ ապահովելը։ Հիմնադիրները նշում են, որ նպատակը ընթացքում վերաձևափոխվեց․ ոչ թե եկամուտն էր մոտիվացիան, այլ Հայրենիքին ծառայություն մատուցելը:
Protolab-ի հիմնադրումից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի կյանքում նկատելի փոփոխություններ կան: Երիտասարդները պատմում են, որ մեծահասակները սկսել են հավատալ կրտսեր սերնդին, այլևս չեն բողոքում նրանցից, իսկ երիտասարդներն էլ սկսել են ավելի շատ աշխատել իրենց հմտությունների վրա և հաստատակամ են իրենց նպատակներն ու երազանքները իրագործելու ճանապարհին: Տղաները նաև ոգևորված են, քանի որ իրենց օրինակով շատերը սկսել են հաճախել «Արմաթ» ինժեներական լաբարատորիա:
Ստեղծարար երիտասարդները թիմի գործունեությանը համապատասխանող կարգախոս «ՊրոտոԼաբ»-ը, գրանցելով որոշ արդյունքներ, իր առջև սահմանում է նոր նշաձողեր և ապացուցում, որ սահմանամերձ Նոյեմբերյանում հնարավոր է ստեղծել տեխնոլոգիական ընկերություն: