Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջարկ՝ Ազգային տոն սահմանելու մասին․ Նիկոլայ Գրիգորյան

Առաջարկ՝ պետական տոն սահմանելու մասին․ Նիկոլայ Գրիգորյան

Դիմակայունության ազգային ծրագրի շրջանակում ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման միջազգային փորձագետ, լրագրող, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հանդես է գալիս առաջարկով՝  Սասունցի Դավթի էպոսի օրը պետական տոն սահմանելու վերաբերյալ։

«Սպիտակի երկրաշարժից հետո, անկախության, անիշխանության, պատերազմի ու հաղթանակի միջով անցնելով, ստեղծեցի ՆԳՆ, ԱԻՎ-ԱԻՆ լրատվական ծառայությունները, մասնակցեցի ՊՆ-ի ստեղծմանը, ձևավորեցի ՀՀ միասնական միջգերատեսչական լրատվական կենտրոնը, հիմնադրեցի թիվիներ, շաբաթաթերթեր, կայքեր, վարեցի հաղորդումներ, գրեցի գրքեր։ Դասավանդեցի Երևանի պետական ու մանկավարժական համալսարաններում։ Գնացի սահմանամերձ Տավուշ։

Այս բոլորի հիմքում մեր երկրի անվտանգությունն էր, դիմակայունությունը, ամենատարբեր ռիսկերից մեր խոցելիության նվազեցումը, բնակչության իրազեկումն էր ու պատրաստվածության բարձրացումը։

Առաջինն ուսումնասիրել եմ մեր փորձը։ Փառք Աստծո, Մատենադարանում երկու հազար տարուց ավելի գրավոր հիշատակություններ ունենք, հիմնականում՝ պատերազմների, աղետների, համաճարակների, մորեխների արշավանքների, մահ տարաժամերի, քաղպաշտպանական միջոցառումների մասին։ Մեր վանքերն ու եկեղեցիներն աղետներից՝ երկրաշարժ, սողանք․․․, ավելի շատ են խոնարհվել, քան թշնամիների ասպատակություններից։ Մեր տասներկու մայրաքաղաքներն էլ մասամբ կամ ամբողջովին ավերվել են երկրաշարժերից։ Շատ արժեքավոր էին Սպիտակի երկրաշարժի դասերը․ աշխարհի ամենաուսումնասիրված երկրաշարժերից է, որից հետո մոլորակի վրա շատ բան փոխվեց։

Ծանոթացել եմ աշխարհի բազմաթիվ երկրների փորձին՝ ԱՄՆ-ից Ճապոնիա, Չիլիից ու Բրազիլիայից՝ մինչև Չինաստան ու Կորեա։ Ամբողջ Եվրոպան, նաև՝ Ֆինլանդիա, Շվեյցարիա ու Իսրայել, Թուրքիա ու Ադրբեջան։ Շյուղ առ շյուղ քաղած դաս ու լավագույն փորձ եմ ամբարել։ Լավ, ոնց են այս երկրները դիմագրավում, հետևանքները նվազեցնում, իսկ մեզ պատուհասած յուրաքանչյուր փորձություն փորձանքի պես փլվում է մեր գլխին, ավերում ու կոտորում, երկար ժամանակ, ծուռ մեջքով, ոտքի չենք կանգնում։

Աղետների ու պատերազմների դեմ պայքարից դեպի Դիմակայունության ազգային ծրագիր

Միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի գաղափարն ապահովում էր, որ ճգնաժամերի ժամանակ երկիրը կխոսի մեկ ձայնով, ներդաշնակ․ համագործակցված։ (Ոչ թե ամեն գերատեսչության ղեկավար կհակասի մյուսին)։

Դիմակայունության լուրջ հայտ էր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը դիմակայունության օր դարձնելը։ Ճապոնիայի ու Չիլիի օրինակն աչքի առաջ ունենալով, սկսեցի մշակել Դեկտեմբերի 7-ը հիշատակի և դիմակայունության օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը, որի ընդունումը տարիներ տևեց։

Տասնյակ տարիներ մենք հարգանքի ու խոնարհումի տուրք ենք մատուցել Սպիտակի երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին, հուշաքարեր ու հուշարձաններ ենք կառուցել, սգացել, խնկարկել ու ծաղկեպսակներ խոնարհել:

Սակայն, երկրաշարժի զոհերի լավագույն հիշատակը նրանց երկիրը սեյսմակայուն ու աղետակայուն կերտել-դարձնելն է, հարազատների կյանքն ու առողջությունը պահպանելը, երկիրն ու մարդկանց դիմակայուն դարձնելը:

Երկրաշարժի զոհերի հիշատակին սգալուց բացի՝ մենք պարտավոր ենք այդ օրը դարձնել գործողության, պատրաստվածության և դիմակայունության սիմվոլ, բարձրաձայնել, որ դիմակայունությունը պետք է դառնա ազգային ռազմավարություն՝ կրթության, մշակույթի, կառավարման, մեդիայի, տնտեսության բոլոր մակարդակներում։

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց

Դեկտեմբերի յոթից՝ Սասունցի Դավիթ

Հենց այդ տրամաբանությամբ էլ առաջ ենք բերում մեկ այլ՝ շատ ավելի խորքային և արժեքային արմատներ ունեցող նախաձեռնություն՝ Սասունցի Դավթի էպոսի օրը դարձնել պետական տոն։ Մեր էպոսը մեր այբբենարանն է, մատենադարանը, մեր Կաթնաղբյուրն է, մեր ինքնությունն է, մեր հոգու հայելին։ Էպոսը մենք ենք՝ երեկ, այսօր ու վաղը։

Նախ նշեմ, որ բացի ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման միջազգային փորձագետ, լրագրող և փրկարար ծառայության գեներալ-մայոր լինելուց, մասնագիտությամբ բանասեր եմ՝ գրականագետ, և ավելի քան քառասուն տարի ուսումնասիրում եմ մեր էպոսը, ընթերցել եմ բանահավաք բոլոր տեքստերը, բոլոր մշակումները, կարդացել ու համեմատել եմ աշխարհի քառասունից ավելի էպոսների հետ, գտել ընդհանրություններն ու ընդգծել մեր էպոսի առանձնահատկությունները։

Երեխաների համար հիմա հեքիաթ եմ գրում Սուպեր Դավիթի (Սասնա Դավիթ) մասին․ Ասք-դյուցազնապատում ամենակարող ու հարեհաս, լույսի մարտիկ հերոսի և անվտանգության մշակույթի մասին (Հայկական ժողովրդական հերոսավեպ- դյուցազնավեպ-դյուցազներգության-էպոսի մոտիվներով)։

Անկեղծ ասած, հիմա այնքան չեմ գրում, ինչքան նորից կարդում եմ, վերընթերցում, նոր բաներ գտնում։ Ամենազարմանալին այն էր, որ դիմակայունության ազգային ծրագիր մշակելիս, ամենաօրինակելի փորձը Ֆինլանդիայինն էր, Շվեյցիարիան կլասիկա էր։ Ու հանկարծ աչքովս ընկավ, թե Ֆիններն ինչպես ոտքի կանգնեցին, միավորվեցին, իրենց ինքնությանը տեր կանգնեցին ու դիմակայուն դարձան իրենց Կալեվալա էպոսով դեռ տասնիններորդ դարում, երբ պայքարում էին իրենց ազատության, ինքնության ու լեզվի համար, և էպոսի տպագրման օրը դարձրին ազգային տոն՝ ազգային երգ ու պարերով, հանդերձներով, մշակութային բազմաբնույթ միջոցառումներով ու կրթական ծրագրերով»,- գրել է Նիկոլայ Գրիգորյանը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման և սերունդներին փոխանցման կարևորությունը, ինչպես նաև ազգային ինքնության ամրապնդման և պետական արժեքների ձևավորման ռազմավարական անհրաժեշտությունը՝ ներկայացվում է առաջարկ՝ Սասունցի Դավթի օրը սահմանել որպես պետական տոն՝ ներառելով ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համապատասխան հոդվածում։

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ուսումնասիրելուց հետո դիտողություն-դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները կարող եք ուղարկել nik@emergency.am էլ․ հասցեին։

  • «Սասնա ծռեր» կամ «Սասնա Դավիթ» էպոսն իր մեջ ներառում է ազգային մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: էպոսը համադրական ժանր է. այստեղ միախառնվում են երգարվեստը, պարարվեստն ու խոսքը, ժողովրդական բանահյուսության գրեթե բոլոր ժանրերը՝ առասպել, ավանդություն, սգերգ, սիրերգ, անեծք, օրհնանք, առած ու ասացվածք:
  • Մեր էպոսում ներկայանում են ժողովրդի կյանքը, կենցաղը,արհեստները, պատմությունը, հավատալիքները, սրբազան վայրերը, աշխարհագրական ու բնական միջավայրը, բնության և տիեզերքի մասին պատկերացումները, բարբառային հարուստ ու բազմազան ներկապնակը, և ի վերջո՝ ազգային ոգին:
  • Էպոսն ունի աղբյուրագիտական նշանակություն լեզվագիտության’ լեզվի, բարբառների ու խոսվածքների ծագման ու զարգացման, պատմագիտության, ազգագրության, հասարակագիտության, դիվանագիտության, բնակավայրերի ստեղծման և տեղանունների ստուգաբանման համար: Այն պարունակում է ազգային խորհրդանշանների մի ամբողջ համակարգ, որը պատկերացում է տալիս ժողովրդական արհեստներում և դեկորատիվ կիրառական արվեստում կիրառվող բազմաթիվ խորհրդանշանների ու զարդանախշերի իմաստային նշանակության վերաբերյալ:
  • Էպոսը ներշնչման աղբյուր է ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար: Չկա արվեստի մի ուղղություն, որով ստեղծված չլինեն էպոսի թեմայով ստեղծագործություններ:
  • Նախ դառնանք ու ողորմի տանք մեր բանահավաք հսկաներին՝ Գարեգին Սրվանձտյան, Մանուկ Աբեղյան, Հովսեփ Օրբելի, որոնց երախտապարտ ենք ազգային-համամարդկային այդ գանձը հայտնաբերելու, փոշին վրայից մաքրելու, փրկելու և ժողովրդին վերադարձնելու համար։
  • Գրականության հնչեղ անուններ, ովքեր մշակել են առանձին ճյուղեր՝ Հովհանննես Թումանյան, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Կոստան Զարյան, Սողոմոն Տարոնցի, Վիգեն Խեչումյան, Հմայակ Սիրաս, Մկրտիչ Խերանյան, Նաիրի Զարյան, Լևոն Խեչոյան…Ամենածանրը Լևոնինն է․ ամեն տարի վերընթերցում եմ։
  • Կերպարվեստում առավել հայտնի ստեղծագործություններից են Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը (Երևանի երկաթուղային կայարանի հրապարակ), Վարազ Սամվելյանի «Սասունցի Դավիթ» արձանը (ԱՄՆ, Ֆրեզնո) Արտաշես Հովսեփյանի բարձրաքանդակները (Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարան), Էդվարդ Իսաբեկյանի էպոսյան նկարաշարերը, էպոսի հրատարակությունների պատկերազարդումները՝ Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» բազմամաս ու բազմաֆիգուր գրաֆիկական ստեղծագործությունը, Գրիգոր Խանջյանի Ավետիք Իսահակյանի «Սասնա Մհեր» պոեմի նկարազարդումները, Կարեն Սմբատյանի էպոսյան նկարազարդումները, Ռուբեն Շահվերդյանի «Սասունցի Դավիթ» գորգի էսքիզը և այլն:
  • Դրամատիկական արվեստում առավել հայտնի է Արշավիր Ղազարյանի «Սասնա Մհեր» դրաման:
  • Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը:
  • Գրահրատարակչության մեջ թեման մշտապես արդիական է: «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ». էպոսը հրատարակվել է ոչ միայն հայերեն, այլև աշխարհի տասնյակ լեզուներով:
  • «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
  • Մեր էպոսի հերոսները երբեք ուրիշի հող չեն գրավում, պատերազմում հաղթելուց հետո՝ ռազմավար չեն վերցնում։
  • Մեր էպոսի հերոսներն ազնիվ են, վեհանձն, միամտության աստիճանի դյուրահավատ, ուրիշին տված խոսքի տերը, համամարդկային բոլոր խնդիրներն իրենց լուծելիքն են, քաջ են ու խիզախ, հայրենասեր ու հարգալից, ներողամիտ ու հաստատակամ, արդարամիտ՝ արդարության ու լույսի մարտիկ, անվախ են ու հավատավոր, տարերքներ ու արհավիրքներ սանձող, դեմ ստրկությանը, թալանին ու մարդկանց թրաֆիկինգին։ Մեր էպոսի կանայք հզորազոր են, անկոտրում ու հնարամիտ։ Երբ Ծովինարը, հոր թագավորությունը կործանումից փրկելու համար ինքնազոհաբերվում է , պայման է դնում։ Ծովինարն առաջին հերթին իր զավակների ինքնության պահպանման խնդիրն է լուծում՝ պահպանելով հավատն ու լեզուն, կառուցելով եկեղեցի, բերելով վանական և ուսուցիչ:
  • Սանասար-Բաղդասարը Կաթնաղբյուրի ակունքում իրենց բերդաքաղաքն ու ամրոցը կառուցելիս առաջին հերթին հավատի տունը սարքեցին, հետո չունևորների տները, վերջում նոր միայն իրենց բերդ տունը:
  • Երբ սասնա ծռերի աջ բազկի Խաչ պատերազմին խամրում է, հերոսները թուլանում են։
  • Դավիթը հենց մի փոքր մեծացավ, գիտակցության տեր դարձավ, առաջինը վերականգնեց իր հոր հավատի տունը, հակառակորդի ավերած Մարութա սուրբ Աստվածածին եկեղեցին: Որի հիմքում Դավիթն իր թուրը դրեց:
  • Մեր էպոսում շատ են սիմվոլները, խորհրդանիշները, այլասածությունները, կիսաստվածներ, աժդահա հերոսներ, բնության տարերքներ, հրեշներ, դևեր, վիշապներ, առյուծներ, բայց ամեն ինչ արժե հայ ժողովրդին բնութագրող Կաթնաղբյուրը՝ փոքրիկ մի վտակ, առվակ, որը կարող է ճեղքել հաստաբուն ու արագընթաց գետը, հասնել մյուս ափ ու նոր խառնվել արագահոս ընթացքին։
  • Ձենով Հովանին ես կոչում եմ Հայոց ազդարարման համակարգ։ Ձայնս գնում է աշխարհե աշխարհ, անցնում քառասուն օրվա ճանապարհ: Ձենով Հովանը յոթ գոմշի կաշի է փաթաթում մարմնին, որ իր հզոր ձայնից կտոր կտոր չլինի: Ազգի ինքնության, արդարության, իմաստության, փորձի, հզորության ձայնն է, օժտված Կաթնաղբյուրի անդիմադրելի զորությամբ: Ձենով Օհանը նախնիների կանչի խորհրդանիշն է:
  • Հիշիր, Դավիթ, լույսի մարտիկ, հիշիր՝ ով ես դու, հիշիր արմատներդ, ինքնությունդ, հիշիր, որ դու առյուձաձև Մհերի որդին ես, հզորազոր Սանասարի թոռը, հիշիր Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, Խաչ Պատերազմին, որ կա քո աջ բազկին, հիշիր ծովի խորքերից ելած Քուռկիկ Ջալալիին, քո թուր Կեծակին: Հիշիր՝ երբ հիշում ես քո ինքնությունը, քո հավատն ու առաքելությունը, լսում ես քո նախնիների կանչը, դու հզոր ես ու անպարտելի:
  • Ախր էլ ինչով կարող ենք դաստիարակել մեր երեխաներին եթե ոչ մեր էպոսի հերոսներով, էպոսում պռնկեպռունկ լցված-դուրս ծորացող ազգային ու համամարդկային արժեքներով։ Միասին կծանոթանանք մեր ազգային էպոսին՝ Սասնա ծռերին, որը մեր պատմությունն է, մեր էությունը, մեր անցյալն ու ներկան, նաև՝ ապագան: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ճանաչել ու իմանալ մեր երկրի՝ Սասնա, Ջոջանց կամ Քաջանց տան, դյուցազնական հերոսներին, մեր ժողովրդի պատմությանը:
  • Մանուկ Աբեղյան – «Սասունցի Դավիթը հայ ժողովրդի ինքնության, ազատագրական ոգու և մշակութային ժառանգության խորհրդանիշն է»
  • Հրանտ Մաթևոսյան – «…Մեր էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է: Հենց Փոքր Մհերի ճյուղը: Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը, կարծես, չի զորել՝ ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է: Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն: Ո՞վ է կարողանալու մարմնավորել էս բոլորը: Մեր մտքից, մեր տեսադաշտից խուսափող թշնամուն, մեր մտքի եզրերին երբեմն առնչվող, բայց երբեք մեր մտքից կլանվող այս վիճակն ո՞վ է մարմնավորելու: Դավիթն է ընդգծվել, Դավիթն էր անհրաժեշտ ազգային զարթոնքի մեր իրականությանը. իրական Դավիթ, իրական թշնամի, իրական հաղթանակ»

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Դիմակայունության ազգային ծրագիրՆիկոլայ ԳրիգորյանՍասունցի Դավիթ էպոս
Հունիսի 13, 2025

Մեկնաբանութուններ 1

  1. Լիլիթ 😘 says:
    3 months առաջ

    Բարև ձեզ ես Լիլիթնեմ ես էլ եմ ուզում մասնակցեմ մրցույթին և հիմա վիդեո եմ նկարում այնպես , որ սպասիր իմ վիդեո ին 😊 քեզ մարդահավեր եմ ուղարկում եթե դու էլ կարող ես նկարել իմ պես ապա քեզ տեսնեմ😏

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը
Սայաթ-Նովա 313

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус