Տավուշ Մեդիան միշտ էլ Տավուշի երիտասարդների հետ է ու նրանց կողքին։ Մեդիան իր դռները մշտապես բաց է պահում նոր սերնդի համար՝ ընդունելով դպրոցականների, ուսանողների և երիտասարդների, ովքեր հետաքրքրված են մեդիայի աշխարհով ու ցանկանում են ներսից տեսնել, թե ինչպես է ստեղծվում հեռուստատեսային բովանդակությունը։ Այս անգամ էլ Տավուշ Մեդիայի ստուդիան հյուրընկալել էր Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։
Ուսումնաճանաչողական այցի նպատակն էր դպրոցականներին ծանոթացնել մեդիայի գործունեության հիմնական և բազմազան ուղղություններին։ Այցի ընթացքում Տավուշ Մեդիայի աշխատակիցները ներկայացրեցին հեռուստատեսային արտադրանքի ստեղծման ամբողջ ճանապարհը՝ գաղափարի ձևավորումից մինչև մոնտաժ և եթերային հեռարձակում։ Աշակերտները հնարավորություն ունեցան հասկանալու, թե ինչպես են ծնվում հաղորդումները և ինչ աշխատանք է կատարվում կադրից դուրս։
Հատուկ անդրադարձ կատարվեց նաև մարզային մեդիայի դերին և կարևորությանը։ Զրույցների ընթացքում ընդգծվեց, թե որքան մեծ նշանակություն ունի տեղական լրատվամիջոցի աշխատանքը համայնքային կյանքը լուսաբանելու, խնդիրները բարձրաձայնելու և հաջողությունները ներկայացնելու գործում։
Այցի ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները շրջեցին նաև տաղավարային հատվածում՝ ծանոթանալով տաղավարային հաղորդումների ստեղծման ձևաչափին։
Այցի ավարտին աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով և ներկայացրին առաջարկներ՝ նշելով, թե ինչպիսի հաղորդումներ կցանկանային տեսնել Տավուշ հեռուստաընկերության եթերում՝ իրենց ձայնը միացնելով ապագա եթերների ձևավորման քննարկմանը։






