Արճիսի դպրոցը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1940 թվականին, Երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին հիմնված 7-ամյա դպրոցը հետագայում դարձել է միջնակարգ Փոքրիկ, բայց կենսախինդ այս դպրոցը Արճիսի գյուղական կյանքի զարկերակն է արդեն 85 տարի։
Հոբելյանական միջոցառմանը դպրոցի բակը կրկին լեցուն էր մտերիմ ու հարազատ դեմքերով․ տարբեր սերունդների շրջանավարտները հավաքվել էին հարազատ կրթօջախում՝ նշելու իրենց դպրոցի հիմնադրման օրը։ Նրանք միասնաբար ծառատունկ իրականացրին շրջանավարտների պուրակում։ Տնկված ծառերն առաջին հերթին կանաչապատման կարևոր քայլ են, ապա նաև խորհրդանշական հիշեցում․ պետք է հավատարիմ մնալ արմատներին:
Ծառերը դպրոցին էր նվիրել տարածաշրջանում գործող «Գանձոր» տեղական ակտիվ խումբը։ Կազմակերպությունը կարևորում է, որ յուրաքանչյուր աշակերտ սովորի խնամված, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրում, և իրենց այս աջակցությամբ նպատակ ունեն նպաստելու այդ պայմանների ձևավորմանը։ Դպրոցի բակում կտեղադրվեն նաև նստարաններ։
Արճիսի դպրոցի հիմնադրման 85-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Նոյեմբերյանի համայնքապետարանի, Տավուշի մարզպետարանի, համայնքում գործող կառույցների ներկակացուցիչները:
Արճիսի դպրոցում այսօր սովորում է 154 աշակերտ՝ աշխույժ, նախաձեռնող, մասնակցային։ Նրանց լուսավոր ու ժպտուն հայացքներում, այնուամենայնիվ, մի ընդհանուր մտահոգություն կա․ դպրոցը հրատապ վերանորոգման կարիք ունի։ Տոնական օրը, սակայն, լի էր ուրախությամբ. ներկայացվեց դպրոցի 85-ամյա տարեգրությունը, իսկ աշակերտների ազգային պարերն ու երգ-երաժշտական կատարումները յուրահատուկ գունազարդում հաղորդեցին օրվան։
«Դպրոցի ճամփան միշտ կարճ է, սիրուն՝ ձմեռ թե գարուն»․ 85 տարիների արձանագրումը նաև ակնարկ է՝ դպրոցը շարունակելու է ապրել, շնչել ու կերտել իր նոր էջերը:





