Արծվաբերդի մշակույթի տանը Ապրիլի 20-ին մեծ շուքով նշվեց հանրապետության վաստակավոր գյուղատնտես, կոլտնտեսային արտադրության լավագույն կազմակերպիչ, անվանի արծվաբերդցի Արմենակ Ուզունյանի ծննդյան 100-ամյակը։
Մինչ միջոցառման սկսվելը Մշակույթի տան նախասրահում բացվեց Արմենակ Ուզունյանի կյանքը և գործունեությունն արտացոլող լուսանկարների ցուցահանդեսը։
Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառումը, որը վարեց ասմունքողների հանրապետական մրցույթների դափնեկիր, «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը։
Միջոցառման սկզբում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Տերունական աղոթք հնչեցրեց, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սրբազան մարտերում նահատակված հայորդիների հիշատակը։
Միջոցառման ընթացքում Սիմոն Եսայանը ներկայացրեց Արմենակ Ուզունյանի կենսագրությունը և գործունեությունը։
Այնուհետև իրենց գնահատանքի խոսքը հնչեցրին Մանվել Բադալյանը, Իշխան Հայրապետյանը, Ռազմիկ Մխիթարյանը, Լուսյա Փալանդուզյանը, Լևոն Մադյանը, Հասմիկ Ուզունյանը։ Ելույթ է ունեցել նաեւ «Արծվաբերդ» պարային համույթը։
Անգնահատելի է Արմենակ Ուզունյանի ներդրումը հայրենի Արծվաբերդի գյուղատնտեսության զարգացման, առողջապահության, կենցաղի բարելավման, կրթական, մշակութային կյանքի աշխուժացման և այլ ոլորտներում։