Ծովի ալիքները կենդանանում են ու փոխանցում հույզեր․ ծովային տարերքի անընդգրկելի վեհության մեջ Այվազովսկու ստեղծագործությունն է, ում վրձնի հարվածներով ամբողջացել է «Ծովային տեսարանը»․ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում հայ մեծանուն նկարչի ստեղծագործության «կենդացմանը» անթարթ աչքերով հետևում են բազմաթիվ քաղաքացիներ։
«Մենք ունենք ժառանգություն, ունենք Այվազովսկի, որն ինքնին մեծություն է և կարիք չունի մեկնաբանությունների, քանի որ այնքան գեղեցիկ են նրա գործերը, բայց այս տեսակի մոտեցումները, քանի որ թույլ են տալիս մտնել նկարի մեջ, նորովի տեսնել և այդ ժառանգությունը դարձնել էլ ավելի ընկալելի և շարունակական՝ իր արժեքները շարունակական»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Վիրտուալ իրականության շնորհանդեսը կայացավ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։ Հատուկ վիրտուալ ակնոցի միջոցով կտավի յուրաքանչյուր մանրուք ավելի տեսանելի էր դարձել, իսկ ձայնային ձևավորմամբ ստեղծված միջավայրը մտովի տեղափոխում էր Այվազովսկու ծովի ափ։ Նախաձեռնության աջակիցներն են Green Rock ընկերությունն ու ԿԳՄՍ նախարարությունը։ Նպատակն է նոր ձևով ներկայացնել թանգարանային արվեստը, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ դասական ստեղծագործություններին նոր կյանք տալու համար։
«Մեզ համար կարևոր է Դիլիջան քաղաքի զարգացումը, իսկ քաղաքի զարգացման համար կարևոր ուղղություն է նաև մշակութային զարգացումը, այդ իսկ պատճառով մենք ուշադրություն ենք դարձնում Դիլիջանում այս ուղղության զարգացմանը»,- իր խոսքում նշեց Green Rock ընկերության տնօրեն Եկատերինա Դանեկինան։
Նոր մոտեցումն ընդլայնում է արվեստի հասանելիությունը՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ, պատկերավոր և կրթական: Ինչու ոչ՝ նաև ձևավորում է մշակութային նոր հետաքրքրություններ։
Թվային նորարարությամբ զուգորդված այս նախաձեռնությունը նոր զարկ է դասական արվեստի հանրահռչակման համար։ Իսկ «Այվազովսկու ալիքները» շարունակում են հուզել, գերել ու ներշնչել՝ անգամ դարեր անց։