1. Ազդարարման ազդանշանները նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին, տարահանման հանձնաժողովներին, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:
2. Ազդարարման ազդանշանների տեսակներն են`
1) «Օդային տագնապ». լսել ազդանշանը
2) «ՈՒշադրություն բոլորին»: լսել ազդանշանը
3. Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, հեռախոսակապով և համացանցային կապով:
4. Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:
5. «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:
6. «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
2) բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:
7. «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն (օրինակ` «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):
8. «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է տեքստային հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.
2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին: