Սահմանամերձ Բերդավան բնակավայրի Գեղագիտական կենտրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում, հունվարի 27-ին տոնվեց Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Հայրենասիրությունն առաջին հերթին ծլարձակում է սահմանից․ բանակի տոնը, նախորդ տարիներին ևս մեծ շուքով է նշվել գյուղում, բերդավանցիները ասում են, որ այն իրենց ամենասիրելի տոնն է։
Հայրենասիրական այս միջոցառմանը բերդավանցիներին էին միացել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի զինվորականներն ու զինծառայողները։
Հայոց բանակի՝ որպես մեր երկրի անվտանգության երաշխավորի դերն ու նշանակությունը հատկապես զգալի է առաջնագծի հարևանությամբ գտնվող Բերդավանում։ Այս հանգամանքով պայմանավորված, այդուհանդերձ, Բերդավանը ևս անմասն չի մնացել ցավոտ ու անվերադարձ կորուստներից, որոնք, այժմ առաջ շարժվելու և հաղթանակներ կերտելու միակ հզոր ուժն են դարձել:
Բերդավանցի երեխաններն ու պատանիները իրենց սրտի ջերմությունն ու անկեղծ բարեմաղթանքներն են ուղղել Հայոց բանակի զինծառայողներին: Միջոցառումը հագեցած էր ազգային, հայրենասիրական երգերով ու պարերով։