1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի կազմավորումը: Արդեն 32-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին Իջևանի քաղաքային Մշակույթի տունը նախաձեռնել էր միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհած տղաների։
Հայրենիքի պաշտպանության գործը անմնացորդ նվիրումով իրականացնելու համար Իջևանի համայնքապետի կողմից շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու զինծառայողներ։
Միջոցառմանը ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, բանակի կերտած հաղթական ու փառապանծ դրվագները, ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով հանդես եկան Իջևանի կրթամշակույթային կառույցների սաները: