Օգոստոսի 21-ին Բերդ քաղաքում տեղի ունեցավ «Տավուշ» հիմնադրամի կողմից իրականացվող «Սահմանապահ կանայք» ծրագրի փակման միջոցառումը: Ծրագրի նպատակն է նպաստել Բերդ խոշորացված համայնքի սահմանային 10 գյուղական բնակավայրերի զարգացմանը, սոցիալ-տնտեսական կայունացմանը՝ տեղահանված անձանց, կանանց և նրանց ընտանիքիների դիմակայունության բարձրացմանը, գյուղատնտեսության զարգացման միջոցով։
Ծրագրի շնորհիվ հիմնադրամի ագրոկենտրոն բաղադրիչը համալրվել է մի շարք գյուղատնտեսական սարքավորումներով՝ սերմերի զտիչով, կերաղացներով, կցորդով, գեներատորով:
Ծրագրի շուրջ 180 շահառու մասնակցել է «ՄԱԿ-ի 1325 բանաձևի մասին իրազեկում», «Արտակարգ իրավիճակներում համակարգված մոտեցում», «Հողօգտագործում և ցանքաշրջանառություն, հացահատիկների և լոբազգիների մշակություն, բուժում և պարարտացում, այգեգործություն, ագրոբիզնես/մարքեթինգ» թեմաներով դասընթացների, ինչպես նաև իրականացվել են փորձի փոխանակման արտագնա և ներգնա այցեր, գյուղատնտեսական խորհրդատվություններ։
«Սահմանապահ կանայք» ծրագիրն իրականացվում է «Տավուշ» բարեգործական հիմնադրամի կողմից «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը (Բաղադրիչ 2)» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: