1996 թվականի նոյեմբերի 10-ի ընտրությունները պատմական նշանակություն ունեցան Հայաստանի համար․ հենց այդ օրը մեր երկրում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները և նոյեմբերի 10-ը համարվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր։ Օրվա խորհրդով Բերդ համայնքում կազմակերպվել «Տերն ու ծառան» խորագրով միջոցառումը, որը միտված էր ընդգծելու համայնքային ծառայողների կարևոր դերը և արժևորելու նրանց կատարած աշխատանքը։
«Միջոցառման ընթացքում Բերդ համայնքի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին համայնքին տասնամյակներով ծառայած աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ կանգնած են եղել բնակիչների ամենօրյա խնդիրների կողքին։ Շնոհակալագրեր հանձնվեցին տեղական ինքնակառավարման համակարգում 10 և ավելի, ինչպես նաև 20 և ավելի տարվա ծառայության համար», – նշում է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։
Տոնական տրամադրությանը զուգահեռ՝ հանդես եկան Բերդ համայնքի մշակութային խմբերը՝ պարային և երգարվեստի գեղեցիկ կատարումներով։
Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում, ձևավորվելով 1996 թվականին, դեռ շարունակում է իր կայացման և ամրապնդման ուղին։ 1995 թվականի համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեց տեղական ինքնակառավարումը՝ որպես իշխանության ինքնուրույն և ժողովրդին առավել մոտ օղակ։






