Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Բերքաբեր գյուղի կենտրոնական մասում։ Սուրբ Գևորգ եկեղեցին 15 մետր երկարություն, 11 մետր լայնություն և 14 մետր բարձրություն ունեցող եռանավ գմբեթավոր բազիլիկ կառույց է՝ կառուցված տեղական քարից և մոնոլիտ երկաթբետոնից: Կառույցը սկզբնապես նախագծվել է ճարտարապետ Մերի Դանիելյանի կողմից, ու շինարարությունն սկսվել է դեռևս 1986 թվականից:
Սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո դադարեցվել է եկեղեցու շինարարությունը: Հետագայում արդեն մեր հայրենակից, եկեղեցաշինության մեջ ճանաչված ճարտարապետ Միսակ Մելքումյանի գլխավորությամբ փոփոխություններ են կատարվել նախագծային ծավալներում. նախկին երկթեք տանիքի փոխարեն ավելացվել է գմբեթ, որից հետո նախագիծը հաստատվել է Կաթողիկոսի կողմից, և 2012 թվականի դեկտեմբերի 5-ից սկսվել ու օգոստոսի 5-ին ավարտվել է եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին կառուցվել է գյուղի կենտրոնում` սփյուռքահայ բարերարներ Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների հովանավորությամբ՝ ի հիշատակ սիրելի ծնողների՝ Խաչիկ և Նազելի Կանելյանների:
Եկեղեցին օծվել է 2013 թվականի հոկտեմբերի 18-ին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։