ՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ գրքից․
Ինչպես նախապատրաստվել երկրաշարժին
1988-ի Սպիտակի երկրաշարժի վերլուծությունը ցույց տվեց, որ երկրաշարժի նախապատրաստական փուլը սեյսմապաշտպանության հարցում վճռական նշանակություն ունի։
Այժմ թվարկենք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են նախապատրաստական փուլում։
Ձեռք բերեք տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ։ Քարտեզում նշված են ձեր շենքի սեյսմակայունության գործակիցը, տարածքի վթարավտանգ և թունավոր օբյեկտները։
Այդ քարտեզը կնպաստի ձեր հետագա սեյսմապաշտպանական գործողություններին։
Քարտեզի ձեռքբերման հարցով կարող եք դիմել քաղաքապետարան կամ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայություն։
Շենքերի անվտանգության համար անհրաժեշտ պայմանները
Այս խնդրի շուրջ խոսելիս տեղին է հիշել ճապոնացիների հետևյալ պատկերավոր արտահայտութունը. «Երկրաշարժե´րը չեն սպանում մարդկանց, այլ` նրանց կառուցած վատ շենքերի բեկորները»։ Սա իր ողբերգական հաստատումը գտավ 1988-ին Հայաստանում. մարդկանց մեծ մասն ավերակների զոհ դարձավ։
Շինհրապարակի ընտրության հարցում ունեցեք տեղանքի կառուցապատումը երաշխավորող փաստաթուղթ, ըստ որի շենքեր անհրաժեշտ է կառուցել երկրաբանական ակտիվ խզվածքներից հեռու, որովհետև ավերածություն առաջացնող գրունտի տեղաշարժերը կատարվում են հենց այդ խզվածքների երկայնքով։
Չի թույլատրվում շենքերը կառուցել սարալանջերի ստորոտին գտնվող ջրաբերուկային գրունտների վրա։ Երկրաշարժի հետևանքով նման վայրերում փլուզումներ և սողանքներ են առաջանում։
Ստուգեք ձեր տան վիճակը, եթե անհրաժեշտ է` անմիջապես ձեռնամուխ եղեք այդ գործին, որովհետև ձեր բնակարանի անվտանգության համար արված ոչ մի միջոց չի օգնի, եթե շենքն ամբողջությամբ ամրացված չէ։
Շենքեր կառուցելիս հնարավորինս ամուր հիմք դրեք, իսկ պատերը հուսալիորեն ամրացրեք հիմքին։
Շենքերում չի կարելի կատարել այնպիսի ձևափոխումներ, որոնք նվազեցնում են շենքի սեյսմակայունությունը, օրինակ`
ա. հիմքը թուլացնող նկուղային հարկերի վերակառուցում,
բ. բնակարանի հատակագծի փոփոխություն (կրող պատերում բացված որմնախորշեր, որոնք ազդում են շենքի ընդհանուր ամրության վրա),
գ. տանիքում ջրի ծանր բաքի տեղադրում։
Շենքերից մարդկանց տարհանելու և տուժածներին փրկելու ուղիների ապահովման համար պետք է.
• երկաթյա դռները փոխարինել փայտե դռներով, որովհետև առաջին իսկ ցնցումների ժամանակ մետաղյա դռները սովորաբար ճկվում են և դժվար բացվում, իսկ երբեմն` լռվում.
• առաջին հարկերի պատուհաններից հանել մետաղյա ճաղաշարերը, իսկ եթե անվտանգությունն ապահովելու նպատակով օգտվել եք պաշտպանական միջոցներից, ապա ճաղաշարերն ամրացնել անմիջապես բացվող փեղկերին, քանի որ պատուհանները ևս պահեստային ելք են.
• ելքերը և մուտքերը, սանդղավանդակներն ու միջանցքներն ազատել մեծածավալ առարկաներից։
Ծառայողական և բնակելի շենքերում ձեր անվտանգութունն ապահովելու համար.
• կահույքը, հաստոցներն ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին.
• նուրբ էլեկտրոնային սարքերը իջեցրեք վերին դարակներից և տեղադրեք ներքին դարակներում` հատուկ միջադիրների վրա.
• ծանր առարկաները նույնպես իջեցրեք վերին դարակներից, տեղադրեք առանձին պատվանդաններին.
• դյուրավառ և թունավոր հեղուկներով անոթները հուսալիորեն ամրացրեք, ստուգեք տարաների ամրակները և խցանների հուսալիությունը.
• խտացված գազով լի գլանոթը և ջրատաքացուցիչը մետաղագամերով ամրացրեք պատին.
• կախովի իրերը և լուսավորող սարքերը հուսալիորեն ամրացրեք առաստաղին.
• մահճակալները տեղադրեք կրող պատի մոտ` պատուհաններից հեռու։ Չի կարելի մահճակալի վերևում կախել գրադարակներ, ծանր շրջանակներով նկարներ։
Ձեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է.
• նախապես մշակել հնարավոր երկրաշարժի ժամանակ ձեր գործելակերպը, այն կօգնի ձեզ երկրաշարժի պահին խուսափել խուճապային իրավիճակներից և ճիշտ գործել.
• գիտենալ տան կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը, ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ։ Ձեր ընտանիքի անդամներին և աշխատակիցներին ծանոթացնել դրանց.
• նախապես որոշել շենքից դուրս գալու և դեպի բաց տարածություն հեռանալու ամենաանվտանգ ուղին։
Ընտանիքի անդամների հետ պայմանավորվել-ճշտել (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք բնակավայրի տարբեր մասերում) հանդիպման տեղը.
• տիրապետել և ընտանիքի անդամներին սովորեցնել առաջին օգնության ձևերը.
• տանը` մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։
Պայուսակի մեջ պետք է լինեն.
• առաջին օգնության դեղարկղիկ (դեղորայք, վիրակապական նյութեր).
• մարտկոցով ռադիոընդունիչ և գրպանի լապտեր.
• կարևոր փաստաթղթեր և տաք հագուստ.
• պահածոյացված սնունդ և խմելու ջրով լի տարա (սնունդ պատրաստելու և խմելու համար անհրաժեշտ է 3-4 լիտր ջուր)։