Դիլիջանում բազմաթիվ շենք-շինությունների կողքին իր նշանակությամբ, դիրքով ու ճարտարապետությամբ առանձնանում է Աղասի Խանջյանի ամառանոցը։ Դիլիջանյան ինքնատիպ համայնապատկերներով շրջապատված շենքն ականատես է եղել պատմական շատ իրադարձությունների։ Այսօր շենքը, գտնվելով ՀՀ ԿԳՄՍՆ հուշարձանների ցանկում՝ ունենալով հանրապետական նշանակություն՝ կանգնած է փլուզման եզրին։
Սողանքների ու մարդկային գործոնի հետևանքով շենքի պատերն այժմ թուլացած կամ արդեն փլուզված են։ Լոկ կիսավեր պատերի վրա մնացած նկարազարդումներն են, որ հուշում են շենքի երբեմնի ճոխության մասին։ Այս պահին ճարտարապետ Դավիթ Նահատակյանն ու իտալացի մասնագետները, ովքեր մեծ փորձ ունեն հենց վերականգնողական ճարտարապետության ոլորտում, ամառանոցի հարակից տարածքում իրականացնում են փորձագիտական աշխատանքներ, որոնք կավարտվեն այս տարի աշնանը։ Դրանից հետո միայն վերջնական պարզ կդառնա ճարտարապետական հուշարձանի ճակատագիրը։
Եթե հետազոտության արդյունքները լինեն դրական, ապա կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքներն ու այն կօգտագործվի նաև այլ նպատակներով։ Սակայն եթե հետազության արդյունքները ցույց տվեցին, որ ցանկացած միջամտություն կարող է վնասել կառույցին, ապա «Խանջյանի ամառանոցը» կամրացվի՝ շարունակելով մնալ միայն որպես տեսարժան վայր։