«Մարդն ապրում է այնքան, որքան հիշում են նրան», և Դիլիջանի կրթական կյանքի ֆենոմենալ կերպարներից մեկը՝ Արտուշ Սահակյանը, շարունակում է ապրել իր աշակերտների, գործընկերների և իրեն ճանաչած բոլոր դիլիջանցիների հիշողություններում։
Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ավագանու անդամ Նունե Սանթրոսյանի նախաձեռնությամբ, ինչպես նաև Դիլիջանի ավագ դպրոցի, «Դիլիջանի համայնքային կենտրոն» կազմակերպության և Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ, կայացավ «Արտուշ Սահակյան – 100» հոբելյանական ոգեկոչման հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառումը մեկ հարկի տակ միավորել էր Արտուշ Սահակյանի անվանի և սիրելի աշակերտներին, գործընկերներին ու ընտանիքի անդամներին, ովքեր շարունակում են փոխանցել նրա թողած մեծ ժառանգությունն ու մարդկային արժեքները։
«Միջոցառման ընթացքում խոսվեց ուսուցչի անցած փառավոր ճանապարհի, նրա անմոռանալի դասերի, սերունդ կերտող տեսակի, ինչպես նաև քաղաքի կրթական ու մշակութային կյանքում ունեցած նշանակալի ներդրման մասին։
Արտուշ Սահակյանը մնաց և շարունակելու է մնալ այնպիսի ուսուցիչների, մարդկանց շարքում, ում անունը տարիների հետ ավելի լուսավոր է դառնում», – հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը։











