2021 թվական մարտից Հայաստանի համայնքների միությունը նախաձեռնել էր «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագիրը։ Նախագծի իրականացման արդյունքում Դիլիջանում ստեղծվել է սոցիալական ձեռնարկատիրության մոդելի վրա հիմնված հաշմանդամների ու այլ խոցելի խմբերի անձանց համար նախատեսված ուսումնական կենտրոն, որի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին ոլորտային գիտելիքներ փոխանցելը և նրանց զբաղվածությանն օժանդակելը: Հունվարի 19-ին տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը։
Փակման արարողությանը մասնակցեցին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի ու ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրին աջակցել են Ճապոնիայի կառավարությունը, Հայաստանի համայնքների միությունն ու մասնավոր անձիք։
Կենտրոնի կայուն գործունեության հիմքում կից գործող լվացքատունն է, որի աշխատակիցները նույնպես լինելու են խոցելի խմբերի ներկայացուցիչներ։ Լվացքատան գործունեությունից գոյացած հասույթն ուղղվելու է ուսումնական կենտրոնի պահպանմանը, ծրագրի, մասնավորապես՝ ծրագրի շահառու խմբերի համար դասընթացների կազմակերպմանը, դրանց շարունակականության և կայունության ապահովմանը։
2023 թվականից նախատեսվում է խոցելի խմբերի ներկայացուցիչների վերապատրաստումների մեկնարկը «Սոցիալական ձեռնակատիրություն», «Ստարտափ գաղափարի զարգացում», «Բիզնես մոդելի մշակում», «Բիզնեսի կառավարում» և այլ ծրագրերով։ Քառամսյա վերապատրաստումներից հետո սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին ծրագրի շահառուները հնարավորություն են ստանալու նաև երկամսյա խորհրդատվություն ստանալ ոլորտի փորձագետներից։ Կատարված ու կատարվելիք աշխատանքները ուղղակիորեն նպաստելու են ծրագրին մասնակից խոցելի խմբերի անձանց աշխատաշուկայում ինտեգրմանը և սեփական բիզնես մոդելի զարգացմանն օժանդակմանը՝ նպաստելով նրանց զբաղվածության խնդրի լուծմանը։