Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն արդեն 9-րդ անգամ է համախմբում երաժիշտներին, հանդիսատեսին ու ժամանակակից ստեղծագործական միտքը:
Սեպտեմբերի վերջին օրերին Դիլիջանի վեհաշուք բնության գրկում մեղմորեն հնչում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ասելիքը։ Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի բացում է իր «Դիլիջանյան օրերը»՝ դարձյալ ապացուցելով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում:
2014 թվականի աշնանը հիմնադրված այս փառատոնը պահպանում է իր արդիականությունն ու առաքելությունը, այն տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար։ Փառատոնի ներկայացվող ծրագրերում մասնակցում են Հայաստանի լավագույն կատարողները, նվագախմբերը, մենակատարները:
Միջոցառման ընթացքում հանդիպում են փորձառու հեղինակներն ու նոր անունները, տարբեր սերունդների կատարողներ ու ունկնդիրներ։ Արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որտեղ ծավալվում են շարունակական զրույցներ և տեղի են ունենում գեղագիտական բացահայտումներ։






