Դիլիջանաբնակ երիտասարդները կարող են իրենց ազատ ժամանակը օգտագործել ինքնակրթվելու, նոր հմտություններ ձևավորելու և ինքնդրսևորվելու համար։ Մարտի 29-ին տեղի ունեցավ «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի բացման արարողությունը։ Միջոցառումը մեկնարկեց Դիլիջանի Գեղարվեստի դպրոցի սաների պարային կատարմամբ, որին հաջորդեց շրջայցը նորաստեղծ կենտրոնում։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը, փոխնախարար Ա. Մարտիրոսյանը, Տավուշի փոխմարզպետը, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ԴՈՒԿՈ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Ես առաջնորդում եմ»․ կենտրոնի նպատակը երիտասարդների համար հատուկ պայմանների ու հնարավորությունների ստեղծմամբ՝ նրանց կարողությունների զարգացմանը, հմտությունների ձեռքբերմանը, ներուժի բացահայտմանը նպաստելն է ու երիտասարդին ավելի մասնակցային ու ներգրավված դարձնելը։
Կենտրոնը նախատեսում է տարեկան կտրվածքով ունենալ 600-800 շահառու, ովքեր կմասնակցեն բազմապրոֆիլ միջոցառումներին՝ ոչ ֆորմալ կրթական մեթոդներով կարողությունների բացահայտման ու զարգացման դասընթացների, կկատարեն հետազոտական, վերլուծական աշխատանքներ, կիրականացնեն համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ։
«ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ նախարարության կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակում։
Առաջարկում ենք դիտել տավուշյան ռեպորտաժը` կենտրոնի բացման մասին: Տեսանյութը դիտեք այս հղմամբ: