ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում 2023 թվականից նախարարության ենթակայության մարզային տասը գրադարանները ծառայություններ կմատուցեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող և տարեց անձանց:
Ծրագիրը նախկինում իրականացրել են միայն Լոռու և Շիրակի մարզային գրադարանները, ինչի արդյունքում տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց, ինչպես նաև տարեցներին ու երեխաների զարգացման կենտրոններին տարեկան տրամադրվել են 5800-ից ավելի գրքեր: Այսուհետ ծրագրի շրջանակում գրադարանային ծառայություններ կմատուցվեն ՀՀ բոլոր մարզերում: Տնային պայմաններում ընթերցանության իրավունքն իրացնելու հնարավորություն կստանան այս պահին գրանցված 650-ից ավելի քաղաքացիներ:
Գրադարանավարը յուրաքանչյուր ամիս նույն անձին կայցելի նվազագույնը երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում այցելությունները կարող են լինել՝ ըստ ընթերցողի պահանջի:
Տնային պայմաններում գրադարանային ծառայություններից օգտվելու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել գրադարանների հետ (ցանկը և հեռախոսահամարները կցվում են):