«OurExchangeClub» կրիպտոարժույթի փոխանակման միջազգային նորարարական ընկերության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոյեմբերի 7-8-ին իրականացվեց «Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթացը: Երկօրյա դասընթացի նպատակն էր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը և նորարարական ոլորտում ընկերության տասնամյա գործունեության ընթացքում կուտակված գործնական գիտելիքների ու ոլորտային փորձառության ներկայացումն ու փոխանցումը:
Դասընթացին ներգրավված էին ֆինանսական ոլորտին առնչվող ավելի քան 80 մասնակիցներ, որոնց մեծ մասը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն էին: «Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ «Փողի էվոլյուցիա», «Էլեկտրոնային փող», «Բանկային քարտեր», «Բանկոմատներ», «Օնլայն գնումներ», «Բլոկչեյն», «Կրիպտոարժույթ», «Կրիպտոպանակներ» և «Կրիպտոընկերություններ», թեմաների ներկայացմանը զուգահեռ քննարկումներ ծավալվեց նաև բանախոսի ու մասնակիցների միջև:
Դասընթացը մասնակիցների համար հնարավորություն էր հաղորդակցվելու ֆինտեք ոլորտի նորարար և հետաքրքիր տեղեկություններին, ավելացնելու գիտելիքները ոլորտի զարգացման միտումների վերաբերյալ և զերծ մնալու մի շարք ռիսկերից: Ծանոթանալով ֆինտեք ոլորտում ճիշտ, արագ և անվտանգ որոշումներ կայացնելու եղանակներին, դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց մասնակցության հավաստագրերը: