«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի աշնանային մրցաշրջանը կրկին ֆուտբոլի դաշտում էր միավորել իջևանցի երեխաներին՝ պայքարելու մրցաշրջանի գավաթի համար։ Սպորտային նախագծի հիմքում ֆուտբոլի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը նպաստելն է։
«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» նախագիծը երախաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով, և այդ միջոցով բարելավել ֆիզիկական ու մտավոր կարողությունները, զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։
Դպրոցական թիմերում ընդգրկված էին Իջևանի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների աշակերտները, որոնց կազմում էին նաև արցախցի աշակերտները։ Ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։
Մրցապայքարում հաղթող ճանաչվեց Իջևանի երրորդ դպրոցը՝ ստանալով առաջին մրացանակը։ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։