Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Լևոն Մանթաշյանը ապրիլի 3-ին կդառնար 22 տարեկան։ Լևոնի ծննդյան օրը Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում կայացավ «Գարունը երկնքում» հուշ-ցերեկույթը։
Դեռևս 15 տարեկանում Լևոնը սկսել է նվագել կիթառ, ավելի ուշ սկսել է նաև ստեղծագործել։ 2018 թվականին ընկերների հետ ստեղծել են «Եղևնուտ» երաժշտական խումբը, որտեղ ստանձնել է առաջնորդ-կիթառահարի, վոկալիստի ու երգերի հեղինակի դերը։ Այդ ընթացքում գրել է մի շարք հեղինակային երգեր ու բանաստեղծություններ, որոնք ամբողջացվել են և շուտով կհրատարակվեն։
Լևոն Մանթաշյանին նվիրված «Գարունը երկնքում» հուշ-ցերեկույթը նախաձեռնել էր Դիլիջանի համայնքապետարանը։
Լևոնը ծնվել է 2001 թվականի ապրիլի 3-ին, Ռուսատանի Դաշնության Պերմ քաղաքում: 2007 թվականին տեղափոխվել է Դիլիջան, ընդունվել քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց, ուսումը շարունակել է Դիլիջանի ավագ դպրոցում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության առաջին պաշտպանական շրջանում։ Լևոնը զինակից ընկերների հետ կռվել և զոհվել է մարտի դաշտում՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։