Բերդի տարածաշրջանում տեղի ունեցավ երկօրյա «Բերդ ագրոֆեսթ 2025» փառատոնը՝ կազմակերպված «Ծիլի Ծով․ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ-ի կողմից։ Փառատոնը դարձավ գյուղատնտեսության ու ստեղծարար մտածողության յուրահատուկ հանդիպման վայր՝ մեկտեղելով ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած մասնակիցների։
Փառատոնի առաջին օրը լի էր ակտիվությամբ՝ խորհրդանշական եգիպտացորենի լաբիրինթոսից մինչև գյուղատնտեսական տեխնիկայի ցուցադրություն։ Տեղական արտադրանքի ու արհեստների տաղավարները ներկայացնում էին Բերդի ու համայնքի բնակավայրերի ձեռնարկատերերին, իսկ համայնքային ճաշն ու խոհարարական վարպետաց դասերը հյուրերին հնարավորություն տվեցին համտեսել Տավուշի խոհանոցի համերը։
Առանձնահատուկ ուշադրության արժանացավ պանելային քննարկումը՝ նվիրված գյուղական տուրիզմի և համայնքային զարգացման հեռանկարներին։ Ոլորտի փորձագետները քննարկեցին ինչպես կարելի է համատեղել գյուղատնտեսական ներուժը՝ զբոսաշրջային հնարավորությունների հետ։
«Բերդ ագրոֆեսթը» ոչ միայն փառատոն է, այլ զարգացման հարթակ, որտեղ համայնքը ճանաչում է իր ներուժը և պատրաստվում նոր վերելքների։ Փառատոնը նոր սկիզբ դրեց Տավուշում համայնքային համագործակցության ու կայուն զարգացման նոր փուլերի համար։






