Մայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 200 մետր) և շրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Շտապօգնության աշխատակիցը արձանագրել է վարորդի մահը, փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի կապակցությամբ «Դիլիջան» ազգային պարկը հայտարարություն է տարածել.
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը։
Նույն ավտովթարի հետևանքով ևս մեկ աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կազմակերպության աշխատակիցների անունից խորին ցավակցություն ենք հայտնում Մամիկոն Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ կիսելով նրանց վիշտը։
Մեր վիրավորված գործընկերոջը մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է հայտարարության մեջ: