Բնապահպանական խնդիրների մասին մասնագետներից ու բնապահպաններից բացի խոսում են նաև դպրոցականները։ Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրել են շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող և իրենց համայնքում մտահոգիչ երկու կարևոր թեմա՝ աղբի այրման վնասակար ազդեցությունները բնակավայրում և անտառահատումների հետևանքները։
Ուսումնասիրության ընթացքում դպրոցականները հանդիպումներ են ունեցել համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել են առկա խնդիրները, հավաքագրել տեղեկություններ և փորձել գտնել հնարավոր լուծումներ։ Աշակերտները իրենց առաջարկները և դիտարկումները հասցեագրել են նաև իրավասու մարմիններին՝ ակնկալելով, որ բարձրացված խնդիրները կստանան համապատասխան արձագանք։
Ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները՝ երեխաները կարևորում են անտառների պահպանությունը, ինչպես նաև բնակավայրերում աղբի այրման վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը։ Նրանց համոզմամբ՝ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը պետք է ձևավորվի դեռ դպրոցական տարիքից։
Նախագծային աշխատանքի շրջանակում դպրոցականներն անդրադարձել են նաև գենդերային հավասարության թեմային։ Բնագիտամաթեմատիկական առարկաների շրջանակում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում նրանք վերլուծել են աշխատաշուկան և նկատել, որ այս ոլորտներում աշխատող կանանց թիվը համեմատաբար քիչ է։ Աշակերտները հանդիպումներ և զրույցներ են ունեցել համայնքի առաջատար կանանց հետ՝ ծանոթանալով նրանց մասնագիտական ուղուն, հաջողության պատմությանը։ Երբ երիտասարդները սկսում են հետաքրքրվել իրենց համայնքի խնդիրներով, առաջ են գալիս նաև լուծումների նոր տարբերակները։ Հիշեք՝ անտառն առաջին հերթին՝ հարստության ու բարիքի շտեմարան է, երկրի առողջ շնչառության գրավական։





