Մարզային այցելությունների շարքում ՀՀ ներքին գործերի նախարարը հուլիսի 16-ին Տավուշում էր՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Համայնքային ոսիկանության Իջևանի բաժնում Ներքին գործերի նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում զեկուցվեցին համակարգի ծառայությունների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ու կատարած աշխատանքները։ Զեկույցներով հանդես եկան Պարեկային ծառայության, Գվարդիայի, Քրեական և Համայնքային ոստիկանության Տավուշի մարզի ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայությանը վերաբերող կենսական հարցեր:
«Կիսամյակային ամփոփումները կարևոր են, քանի որ թույլ են տալիս հասկանալ, թե որտեղ ունենք դրական արդյունքներ, որտեղ՝ բացեր, և հաջորդ կիսամյակի աշխատանքները ավելի ճիշտ պլանավորել»։
Նախարարը նշել է, որ Տավուշի մարզում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը։ «Կարևոր է ոչ միայն նման դեպքերի բացահայտումը, այլ նաև համայնքային մարմինների և մյուս իրավապահ կառույցների հետ համագործակցությունը, որպեսզի կանխարգելման բաղադրիչը ավելի արդյունավետ գործի»։
Անդրադառնալով Պարեկային ծառայությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ Տավուշի մարզի գումարտակը բացահայտել է զգալի թվով հանցագործություններ, այդ թվում՝ հրազենի հայտնաբերման դեպքեր։ «Սա ցույց է տալիս, որ ծառայությունը կենտրոնացած չէ միայն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման վրա, այլ նաև ակտիվ աշխատում է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»։
Դիլիջանում նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակազմերի հետ: Հաշվի առնելով անտառային հրդեհների նախորդ տարվա դեպքերը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց կանխարգելիչ միջոցառումների և հանրային իրազեկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման վրա։
Նախարարն ընդգծել է նաև Փրկարար ծառայության աշխատանքի կարևորությունը՝ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման տեսանկյունից։ «Նույնիսկ քաղաքացիների կողմից կատարված անմեղ թվացող մի քայլը կարող է մեծ վնասների և խոշոր հրդեհների պատճառ դառնալ, այդ պատճառով բնակչության ճիշտ և թիրախային իրազեկումը շատ կարևոր է։ Մենք համատեղ դիտարկեցինք առկա խնդիրները և նախատեսեցինք առաջիկա քայլերը, որպեսզի քայլ առ քայլ կատարելագործենք աշխատանքը»։
Աշխատանքային խորհրդակցությունների ավարտին նախարարն անդրադարձավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան հանձնարարականներ և ընդգծեց, որ դրանց իրականացումը նպաստելու է մարզային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության և ծառայությունների որակի բարձրացմանը։




