Կայացել է Հայ-ֆրանսիական «Couleurs d’Arménie» անսամբլի համերգը: Հնչել են հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, «Ռադիո ֆրանս» երգչախմբի մենակատար Պատրիկ Րադըլեի (բարիտոն, դաշնամուր) և Աննա Գաբրիելյանի (սոպրանո) կատարմամբ։
Պատրիկ Րադըլեի և Աննա Գաբրիելյանի ոգեղեն կատարումներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և հոտնկայս ծափողջույններին: «Couleurs d’Arménie» անսամբլի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական երաժշտությունը Ֆրանսիայի հանդիսատեսի համար։
Պատրիկ Րադըլեն ներդրել է իր մասնագիտական փորձն ու հմտությունները Ֆրանսիայում Հայաստանի արդի հիմնահարցերը երաժշտության միջոցով բարձրաձայնելու նպատակով։
Անսամբլը բարեգործական համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում։
Մայիսի 27-ին Երևանում՝ «Արդեան» ցուցասրահում, կայանալիք համերգի նպատակն է աջակցել Այգեձորի մշակույթի տան վերանորոգմանը։
Բերդ համայնքում «Couleurs d’Arménie» անսամբլի համերգները կայացել են Բերդի մշակույթի տան և «Մշակութամետ» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ:
Հեղինակ` Անահիտ Մակյան