Պարտադիր, անհրաժեշտ, հետաքրքիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԶԳԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Պատասխանները Արտակարգ ալիքի ՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ գրքից:
Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ:
– Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ երկրաշարժերը երբեմն նպաստում են էներգիայի պարպմանը:
– Չկա: Ուժեղ երկրաշարժերի պարբերականության մասին կարելի է խոսել միայն սեյսմաակտիվ մեծ տարածաշրջանների համար: Փոքր տարածքների համար, ինչպիսին Հայաստանն է, այս հարցի դրվածքը կոռեկտ չէ:
– Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:
Ի՞նչ առավելագույն ուժի երկրաշարժ կարող է տեղի ունենալ ՀՀ տարածքում.
– Ըստ մասնագիտական գնահատումների՝ ՀՀ-ում հնարավոր երկրաշարժի առավելագույն մագնիտուդն ըստ Ռիխտերի սանդղակի կարող է հասնել միչև 7,5 միավորի, կամ 10 բալի: Այս ուժի երկրաշարժերը շատ քիչ են, և դրանք կարող են տեղի ունենալ միայն տարածաշրջանային ակտիվ բեկվածքների որոշ գոտիներում:
Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը.
– Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:
Այսօրվա վիճակով ճի՞շտ է գնահատված ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը.
– Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո կազմվեցին ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի կամ, նույնն է, սեյսմիկ շրջանացման մի քանի քարտեզներ, որոնցով հանրապետության գրեթե ողջ տարածքում սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացավ միջինը 1, իսկ որոշ տեղերում 2-3 բալով: Այսօր վտանգի ամենացածր մակարդակը գնահատվում է 8 բալ, իսկ ամենաբարձրը` 9-10 բալ: Մեր կարծիքով, այսպիսի գնահատումն իրական վտանգին շատ ավելի մոտ է:
Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի երկրաշարժերի առաջացումը.
– Երկրագնդի սալերի տեկտոնիկայի հայտնի սխեմայի համաձայն, Կովկասը, այդ թվում և ՀՀ տարածքը, գտնվում են Արաբական և Եվրասիական սալերի բախման գոտում: Այսինքն՝ Արաբական սալը տարեկան մինչև 2 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, իսկ Եվրասիական սալը համարվում է անշարժ: Դրա հետևանքով Կովկասը «ճզմվում» է, տեղի է ունենում երկրակեղևում տեկտոնական լարումների կուտակում, որն ի վերջո հանգեցնում է բլոկերի կտրուկ տեղաշարժերի, կամ՝ երկրաշարժերի: Քանի որ սալերի նշված տեղաշարժերը տևում են միլիոնավոր տարիներ, հետևաբար՝ մեր հանրապետության տարածքում ևս ապագայում կլինեն ուժեղ երկրաշարժեր:
Ուժեղ երկրաշարժի ժամանակ Հայկական ատոմակայանը քանի՞ բալի կդիմանա.
– Ատոմակայանը պատկանում է հատուկ նշանակության օբյեկտների թվին: Այն գտնվում է թե’ տեղական և թե’ արտասահմանյան մասնագետների հսկողության տակ: Այն ՀՀ ներկայիս սեյսմակայուն կառույցներից մեկն է և նախատեսված է 9 բալ ուժգնության երկրաշարժի համար:
Սպիտակի երկրաշարժը բնական ծագման երկրաշարժ էր, թե՞ ոչ.
– Սպիտակի երկրաշարժը միանշանակ բնական երկրաշարժ էր: Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օջախում անցյալում ևս եղել են երկրաշարժեր: Երկրաշարժի ժամանակ անջատվել է 1016 Ջոուլ էներգիա, որը համարժեք է Հիրոսիմայի վրա նետված հարյուր ատոմային ռումբի միաժամանակյա պայթյունից անջատված էներգիային: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել էր 10-12 կմ խորության վրա. այդպիսի խորության հորատման միջոցով մարդկությունն առ այսօր հասել է միայն մի կետում` Կոլա թերակղզում, 10-ից ավելի տարիների հորատման ընթացքում: Սպիտակի երկրաշարժը լավ ուսումնասիրված դասական երկրաշարժ է` նախացնցումներով, հիմնական ցնցումներով և հետցնցումներով:
Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևանում կամ նրա որևէ թաղամասում ի՞նչ ավերածություններ կարող են լինել.
– Մինչև 1990-ական թվականները կառուցված ՀՀ շենք-շինությունները չեն համապատասխանում տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակին (նախագծվել են ցածր վտանգի հաշվառումով, ցածր էր շինարարության որակը, շենքերի զգալի մասը հատել է շահագործման ժամկետը և այլն), հետևաբար՝ խոցելի են: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ խոշորապանելային և շրջանակակապային համակարգով (Բադալյանի նախագծով) կառուցված բազմահարկ շենքերն իրենց դրսևորել են որպես բավականին հուսալի և սեյսմակայուն, իսկ կարկասապանելային (111 սերիայի) և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը, հակառակը, բարձր խոցելի են:
Երևանում կարելի՞ է կառուցել բազմահարկ շենքեր.
– Երևան քաղաքում և ՀՀ-ում կարելի է կառուցել բարձրահարկ շենքեր, եթե հաշվի են առնված տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, գրունտային բավարար պայմանները և սեյսմակայուն շինարարության բոլոր նորմերը:
Որքանո՞վ են ՀՀ բնակավայրերը պաշտպանված ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքներից.
– Ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքների նվազեցման նպատակով ՀՀ կառավարությունը 1991 թվականին մշակել է ռազմավարություն, 1999 թվականին հավանություն է տվել սեյսմիկ ռիսկի նվազեցման երկու համալիր ծրագրերի՝ ՀՀ տարածքի և Երևանի տարածքի համար: 2002 թվականին ընդունվել է ԱՊՀ երկրներում առաջին՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: 2010 թվականին ընդունվել է Հայաստանի սեյսմիկ անվտանգության ապահովման հայեցակարգ և նույն թվականին՝ նրա դրույթների կատարումն ապահովող միջոցառումների ցանկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ գերատեսչությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, իրականացնում է ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներ:
Որո՞նք են ՀՀ-ում ուժեղ երկրաշարժերից շենքերի մեծամասշտաբ ավերումների հիմնական պատճառները.
– Մինչև 1989 թվականը կառուցված շենքերն ու կառույցները սեյսմիկ տեսակետից ավելի խոցելի են մի քանի պատճառներով: Նախ, դրանք նախագծվել ու կառուցվել են հիմնականում սեյսմիկ վտանգի ցածր մակարդակի հաշվառումով, ապա՝ շինարարության որակը ցածր է եղել, սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջները այնքան էլ խիստ չէին, որոշակի քանակով շենքերի շահագործման ժամկետն անցել է, և վերջապես՝ թույլ են տրվել սխալներ շենքերի շահագործման ժամանակ: Սա հանգեցրել է շենքերի և կառույցների սեյսմակայունության նվազեցմանը: 1989 թվականից հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի բարձր է:
Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը.
– Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:
Ո՞րն է երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման գլխավոր ուղղությունը.
– Հիմնախնդրի լուծման համար պարտադիր է կատարել հետևյալ քայլերը. հուսալի գնահատել տարածքների սեյսմիկ վտանգը, գնահատել շենքերի և կառույցների սեյսմիկ խոցելիությունը, ապա և տարածքների սեյսմիկ ռիսկը, վերջապես՝ իրականացնել պլանավորված գործողություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար: Վերջին խնդիրը` ռիսկի նվազեցումը, բարդ, մեծ նյութական միջոցներ և ժամանակ պահանջող գործընթաց է:
Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնամ, թե՞ոչ.
– Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:
– Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու: