Տարվա ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանում կայացավ 10-րդ անգամ: Ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերի գրկում կրկին միավորել էր Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Հունիսի 29-ին կայացավ Հայաստանի դեղաբույսերի և ծաղիկների 10-րդ փառատոնը՝ «ՀայԲույս 2024»-ը:
Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը:
Yell Extreme Park-ի և APAGA Resort հյուրանոցի մոտ գտնվող կանաչապատ բացատում փառատոնի մասնակիցներ ներկայացրին իրենց աշխատանքները` իրազեկելով մարդկանց հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և կարևորության մասին, հնարավորություն տալով ավելացնել բուսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները:
«ՀայԲույս 2024» փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումների շարք` տարբեր վարպետաց դասեր, ծաղկե գլխարկների մրցույթ, կրթական և երաժշտական ծրագրեր։ Օրվա սկզբում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, վարպետաց դասեր Ենոքավանի մաքուր օդի և բնության հրաշալի պատկերների գրկում:
Փառատոնի բոլոր հյուրերը մասնակից եղան ֆանտաստիկ միջոցառման՝ պատրաստեցին ամենախոշոր 50 մետրոնոց խաղաղության բրդուճը լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։