Սահմանամերձ Չինարի գյուղը Տավուշի մարզի գեղատեսիլ բնակավայրերից է՝ պատմական Գարդմանի արևմտյան լեռնաբազուկի արևմտահայաց լանջի ստորոտում, Աղնջա գետի աջափնյակում։ Տեղաբնակների կարծիքով՝ բնակավայրի անվան ընտրությունը պայմանավորված է տարածքում աճող հսկայական չինարիների առատությամբ։ Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 1,5 կմ դեպի հյուսիս մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակով թվագրվող Ազատավան ամրոցն է, դամբարանադաշտեր, այլ հուշարձաններ և, իհարկե, չինարեցիների հպարտությունը՝ 13-րդ դարով թվագրվող Խորանաշատ վանական համալիրը, որի մասին հիշատակում է Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» աշխատությունում, ըստ որի՝ վանքը հիմնադրել է Մխիթար Գոշի աշակերտ Հովհաննես Վանական Վարդապետը՝ Վահրամ Բ Գագեցու՝ Վահրամյանների հրամանատարի հովանավորությամբ։ Այն եղել է նշանավոր գրչության կենտրոն, միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային և աստվածաբանական կենտրոններից մեկը: Տասնյակ ձեռագրեր, ինչպես նաև վանական համալիրի հայտնի Ավետարանը պահպանվում են Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում՝ որպես միջնադարի գիտակրթական և մշակութային արժեք։ Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային բույսերի մշակությամբ:
Հասմիկ Պետրոսյանը Չինարիի դպրոցի փոխտնօրենն է: Նրա բնորոշմամբ՝ սերնդին կրթելը կարևոր առաքելություն է.
«Աշխարհը օրեցօր է փոխվում, դաստիարակության մեթոդները՝ նույնպես… Մենք էլ մեր հեռավոր գյուղում փորձում ենք հետ չմնալ առաջընթացից: Ու մի բան հաստատ գիտենք՝ յուրաքանչյուր փոփոխության առանցքում պիտի կարևորվի մեր ինքնությունը, ազգայինը, նկարագիրն ու գույնը:
Ջանք ու եռանդ չենք խնայում, որ երեխաները մեր պետությանն արժանի քաղաքացիներ դառնան՝ կիրթ, զարգացած, աչքաբաց, բայց, միևնույն ժամանակ, մնան չինարեցի, չմոռանան՝ որտեղ են մեր արմատները»։
Հասմիկը պայմանագրային զինծառայողի կին է, ամուսնու հերթապահության ընթացքում հոգում է ընտանիքի հոգսերը, ընտանի կենդանիներ է պահում, զբաղվում այգեգործությամբ։ Վստահ է, որ այնտեղ, ուր իշխում են սերը, փոխադարձ հարգանքը, հաղթահարելի են բոլոր դժվարությունները։
Մեկ ուրիշ չինարեցու՝ Ասյայի ընտանիքում երկու զինծառայող կա՝ ավագ որդին և ամուսինը։ «Որդիս՝ Սերգեյը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, – պատմում է զինվորի մայրը, – շուտով կլրանա նրա ժամկետային ծառայության մեկ տարին, կծառայի ևս չորս տարի»։ «Սահմանամերձ բնակավայրերում երիտասարդների մեծ մասը նախընտրում է այլընտրանքային ժամկետային ծառայության այս ձևը, – հավելում է Սերգեյը՝ անթաքույց հպարտությամբ ,- որտեղ էլ ծառայեի, երկու տարի անց վերադառնալու էի գյուղ ու անցնեի պայմանագրային ծառայության: Այս առումով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը շահեկան է։ Ծառայողական օրվա ավարտին տուն եմ գնում, յուրաքանչյուր ամիս ծառայության համար վճարվում եմ, իսկ ծրագրի ավարտին միանվագ պատվո վճար եմ ստանալու, որը երիտասարդի համար լավ մեկնարկի հնարավորություն է: Իսկ եթե հաջողվի նաև ատեստավորվել, հրաշալի կլինի։ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, տեղացի զինծառայողների ներգրավմամբ, պետական սահմանի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու, միևնույն ժամանակ՝ սահմանամերձ գյուղերում ապրող երիտասարդների կենցաղն ու կյանքի որակը բարելավելու բացառիկ հնարավորություն է»։
Բանակային դիրքեր ենք հասնում հերթափոխից ժամեր առաջ։ Մինչ դիրքի ավագն ու ստորաբաժանման հրամանատարը սահմանագծում տիրող իրավիճակն են քննարկում, ազատ հերթափոխի անձնակազմի հետ զրուցում ենք ընթացիկ ինժեներական աշխատանքների արդյունավետության մասին: Մեր զրուցակիցներից մեկն էլ Նարեկն է: Նա սահմանամերձ Չորաթան գյուղից է, պայմանագրային զինծառայող: Ժամանակին Նարեկի հայրն է հսկել պետական սահմանը, այժմ պարտքը կատարելու, զավակների, հարազատների, ծննդավայրի ու երկրի անվտանգությունն ապահովելու իր հերթն է։
Միջդիրքային ճանապարհները տեղ-տեղ բնակավայրերով են անցնում. Չինարի, Արծվաբերդ, ապա՝ Մովսես… Մովսեսցի տիկին Ժաննան հյուրընկալում է մեր նկարահանող խմբին։ Իր աճեցրած հաղարջի հյութի փակոցը համտեսելու է հրավիրում ու միաժամանակ բարձրաբերձ լեռների գոգում ծվարած իրենց Մովսես գյուղի ու սահմանապահ համագյուղացիների գովքն անում։ Հիշում է հեռավոր իննսունականները. պատերազմ էր, դժվար էր, նորաստեղծ երիտասարդ ընտանիք էին՝ փոքրիկ երեխաներով… Շատ դժվար էր կյանքը սահմանին, բայց իրենք ընտրեցին կյանքը: Կյանքը՝ հայրենիքի սահմանին: Սահման բառի հետ տիկին Ժաննայի կրծքից հոգոց է պոկվում. «Երբ սահմանի կողքին ավելացնում ես Հայրենիք բառը, սահմանը մի ուրիշ արժեք է դառնում»։
Տիկին Ժաննայի հետ մեր զրույցին ուշիուշով Վարինկա տատն է հետևում ու տարիների բեռից կծկված կոպերը դանդաղ բացուխուփ անելով, անփույթ մի ջանքով մեղմիկ ժպտում է։ Կյանքի իննսունութերորդ տարում հույսն ու հավատը, ապրելու տենչն ու տոկունությունը դիմագծերի ակոսներում ու ափերի մեջ սեղմած, հայացքը դեպի իր բակից անզեն աչքով տեսանելի բանակային դիրքերը՝ աշխարհի ու մարդու մասին է խոսում, հող հայրենին սիրելու և պաշտպանելու խրատ է տալիս։
…Հայրենիքն այստեղ է` խրամատում, հայրենիքի սերը սկիզբ է առնում Տավուշի թովիչ անտառներից, խնկարկվում Սբ. Խորանաշատ վանքի գավթի կամարակապ հորինվածքում, կծկվում պատերազմում որդի կորցրած մոր ցավից, դառնում հպարտություն՝ հայրենիքի պատվի համար հերոսացած քաջի կնոջ, զավակների աչքերում, հասնում մինչև ամենաբարձր դիրքերը, մեր երկրի ամենախիզախ պաշտպաններին… ու գալիս իրիկնահացի արդար սեղան նստում ծերունազարդ տատ ու պապի, նրանց թոռ ու ծոռան հետ… ու քաղցր երազ դառնում իր խաղաղ քունը վայելող մանկան աչուկներում։