Արցախյան 44-օրյա պատերազմում նվիրյալ ու անձնուրաց բազմաթիվ զինվորներ ու զիվորականներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունը ռազմական տերագրության մեջ: Նրանց շարքում են Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը. հոկտեմբերի 19-ը հրամանատարների հիշատակի օրն է։
Հյուսիսարևելյան զորամասերից մեկում զինվորներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի պաշտպանների հիշատակին։
Իջևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում պետական այրերը, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ու համայնքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին բոլոր ժամանակներում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։ Քայլելով տղաների անունների կողքով, հիշողություններ են ի մի գալիս, դրվագներ ու երախտիքի զգացում, որոնք ուղղված են հայրենիքի նվիրյալներին։
Արցախյան 44-օրա պատերազմում Իջևանի զորամասից 4 տասնյակ ազգի նվիրյալներ հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում։ Զոհվեցին նաև հրամանատարները՝ գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը։ Ազգայնի հերոս, գնդապետ Ղազարյանը մարտը վարեց ոչ թե հրամանատարական կետից, այլ առաջնագծում՝ զինվորի կողքին, կրակն իր վրա վերցրեց ու կյանքով պաշտպանեց Արցախի՝ իրեն վստահված հատվածը։ Իսկ փոխգնդապետ Արմեն Օհանյանի օրինակը շատերին է վճռականություն հաղորդել իրենց հերթին անավարտ չթողնելով նրա առաքելությունը՝ կանգնելու սահմանին, որտեղից էլ, ինչպես նշում էր Արմեն Օհանյանը, սկսվում է մեր բոլորի հայրենիքը:
Մեծ հայրենասեր, հոգատար, նվիրյալ ու անձնուրաց․ 5 տարի անց այսպես են հիշում կյանքը երկրին նվիրած զինվորականներին։ Նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:
Կարդացեք նաև՝
Գետահովիտ գյուղի բարձունքին կառուցվել է հուշաղբյուր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակին
ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում













